Վրաստանի կողմից Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը ամբողջովին փոխեց ոչ միայն անդրկովկասյան, այլև համաշխարհային քաղաքական իրավիճակը:
Ռուսաստանի միջամտությունը վրաց-օսական հակամարտությանը, այնուհետև նաև Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը սրեց ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը, իհարկե, կասկածի տակ է դնում այդ գերտերությունների կողմից իրականացվող ցանկացած համատեղ նախաձեռնություն, այդ թվում նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չեն
Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ է այցելել Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Հինգ օր անց, գործնական այցով Ստեփանակերտ էր ժամանել նաև ֆրանսիական կողմի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Վերջինս ԼՂՀ մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը բավական մեծ դժվարություններ է զգում իր գործունեության ընթացքում: Նա նաև շեշտել է, որ, պատերազմ սկսելով Հարավային Օսիայում, Միխաիլ Սահակաշվիլին կոտրել է Լեռնային Ղարաբաղի մասով բանակցային ֆորմատը: Բ. Ֆասյեի այդ համոզման հակառակ` պաշտոնական Թբիլիսիի ռազմական ագրեսիան օսերի հանդեպ և դրան հետևած Վրաստանի իրավիճակի բարդացումը ստիպել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային Բաքվում հայտարարել, որ. Վրաստանի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն միշտ կանգնած կլինի Ադրբեջանի կողքին: Ընթերցողի ուշադրությունը հրավիրելով ԱՄՆ-ն և Ֆրանսիան ներկայացնող դիվանագետների կարծիքների հակասությանը` նշենք նաև, որ վրաց-օսական վերջին պատերազմը ԱՄՆ-ին վերածեցին հայ-ադրբեջանական հակամարտության կողմի: Ընդ որում, ադրբեջանական կողմի: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող հանդես գալ միջնորդի կարգավիճակով:
ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը
ԽՍՀՄ կայսրության փլուզումը հիմք դարձավ աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխման ոչ միայն հետխորհրդային տարածքներում, այլև այլ աշխարհամասերում: Առաջ եկան մի շարք հակամարտություններ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները հաճախ ծայրաստիճան տարբեր էին: Խոսքը վերաբերվում է նաև Կոսովոյին, և նույն Հարավային Օսիային ու Աբխազիային: Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պարագայում պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան կարծես թե հանդես էին գալիս նույն դիրքերից: Երկուսն էլ հետաքրքրված էին Կովկասյան տարածաշրջանի կայունությամբ և դա դարձավ այն հիմքը, որը միավորեց նրանց ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ կառույցում երկու գերտերությունների գործունեության նշանաբանը դարձավ Հարավային Կովկասում ստատուս-քվոյի պահպանությունը և խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծումը:
Սակայն վրաց-օսական պատերազմի վերսկսումը խախտեց ստատուս-քվոն տարածաշրջանում: Հարավային Կովկասը և մասնավորապես Վրաստանը դարձավ նոր հակամարտության օջախ: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, կնքեց այդ պետությունների հետ համագործակցության և փոխօգնության պայմանագրեր: Բացի այդ, ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը համաձայնություն է ձեռք բերել Աբխազիայի և Հարավային Օսիայի կառավարությունների հետ այդ երկրների տարածքում ռուսական ռազմաբազաներ տեղադրելու վերաբերյալ:
Դրան զուգահեռ, սեպտեմբերի 18-ին վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները որոշում են կայացրել Վրաստանի տարածքում ամերիկյան հինգ հազարանոց ռազմական ստորաբաժանումների տեղադրման մասին: Նույն աղբյուրների տեղեկատվության համաձայն` վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներում կտեղակայվան ամերիկյան ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ: Հարավային Կովկասում ռուսական և ամերիկան ռազմական ուժի ավելացման հետ միասին օրեցօր ավելի են սաստկանում երկու երկրների բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները հակառակորդ կողմի վերաբերյալ: Այս ամենը վկայում են նրա մասին, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այլևս հակառակորդներ են:
Վերադառնանք Մինսկի Խմբին
Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելու կոչված այս կառույցը տարիների ընթացքում բազմիցս ցուցադրել է իր առջև դրված խնդրի լուծելու անկարողունակությունը: Եվ այս հարցում, կարծում եմ, նրանց չի կարելի մեղադրել: Միակ հարցը, որ կարողացել են իրենց վերահսկողության տակ պահել Մինսկի Խմբի համանախագահող երկրները եղել է ո'չ պատերազմի, ո'չ խաղաղության իրավիճակի պահպանումը: Այսպես կոչված` ստատուս-քվոն: Սակայն այսօր ԱՄՆ-ն և Ռուսաստանը գնում են ռազմական հակամարտության ճանապարհով: Նրանցից յուրաքանչյուրը լուծում է իր հարցերը առանց մյուսի հետ համաձայնեցնելու կամ խորհրդակցվելու: Այդպես եղավ Կոսովոյի պարագայում, այդպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում, այդպես է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում: Հարցը կայանում է միայն նրանում, թե մրցակցող տերություններից որը կփորձի առաջին քայլը ձեռնարկել: Բայց մի բան արդեն ակնհայտ է. ԵԱՀԿ Մինսկի Խմբում այլևս չկա համագործակցություն, ինչի արդյունքում այն հոգեվարք է ապրում: Շուտով մենք կարող ենք ականատեսը դառնալ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ի երկար սպասված մահվան: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի արդեն այսօր ՀՀ և ԼՂՀ ղեկավարները բռնեն այն ճանապարհը, որը տանում է Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ ընթացքում կարող է նաև կոմպլեմենտար քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտություն առաջանալ: Սակայն մենք պետք է ճիշտ գնահատենք քաղաքական իրավիճակը` ելնելով այն փաստից, որ Ռուսաստանն ու Իրանը Կովկասից երբեք չեն հեռանա, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Արցախի անկախության ճանաչմանը, Թուրքիան Հայաստանի դաշնակից երբեք չի դառնա, և վերջապես ԱՄՆ-ն Հարավային Կովկասի երկրների անվտանգության երաշխիքը երբեք չի կարող հանդիսանալ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան
http://www.natnews.info/index.php?news=242
Էջանիշներ