Նախապատմություն:
Պատմություն էի «պարապում»: Իմ հանդեպ բռնություն էին գործադրում, միակ մոտիվացիան, որ ինձ քշում, տանում էր ուսուցչուհուս տուն մեկ իր աղջիկն էր, որ իմ միակ մտերիմ ընկերուհին էր դպրոցական տարիներին, մեկ իրենց գարաժը, որտեղ ուսուցչուհուս տղան իսկական սովետական ռադիոխմբակ էր ստեղծել, ինչ սարք ասես չէի քանդում-հավաքում՝ թաքուն: Իսկ այ պատմության թվականներն անգիր անելն ու ընդհանրապես անգիր անելն ատում էի: Տանել չէի կարողանում նաև անգիր անողներին, որ կրակահերթի նման թափում էին ինֆորմացիան, բայց իրենք էլ չէին հասնակում՝ ինչ են դուրս տալիս: Ու հենց վերջին դասին պատկանող մի գերազանցիկի բերեցին, նստացրեցին դիմացս, թե միասին եք պարապելու: Ֆիզիկապես զգացի, թե ոնց են մազերս բիզ-բիզ կանգնում:
Պատմություն:
- Ես իջնում եմ ներքև, դուք կգրեք նախնադարը՝ պալեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ... ու չրերին ձեռք չտաք, - վերջում դիտավորյալ ավելացրեց ուսուցչուհիս, իրականում ակնարկելով, որ կարող ենք չիր ուտել:
Իր գնալուց հետո ես բարձրացա, սկսեցի կողքի գրապահարանում դրված պատմության գրքերն ուսումնասիրել: Ե՞րբ էի սովորել, որ մի հատ էլ գրեմ:
- Էդտեղ գիրք չկա, - ասաց գերազանցիկը, - հավաքել տարել ա:
- Էվրիկա, - վերցրեցի մի գիրք, որ թեև դասագիրք չէր, բայց նվիրված էր այդ ժամանակներին, բացեցի, սկսեցի կլանված կարդալ, ավելի հետաքրքիր էր, քան մեր դպրոցական դասագիրքը: Գտա ինչ ինձ հարկավոր էր, գիրքը մի կողմ դրեցի, արագ-արագ գործը գլուխ բերեցի: Գերազանցիկս դեռ գլուխը քորելով գրում էր:
Իջա ներքև, ուսուցչուհիս, տեսավ, բարկացավ, ուղարկեց վերև, աշխատանքս ստուգելու: Գնացի, վերընթերցեցի, ձանձրացա, գերազանցիկը շարունակում էր գրել:
- Չիր կուտե՞ս,- հարցրեցի:
Գլուխը բարձրացրեց, վախեցած ինձ նայեց.
- Բայց ասեց հանկարծ չուտենք:
Ծիծաղեցի, ոչ էլ հասկացել էր, թե ինչի էր ասված՝ չուտեք:
- Ես կուտեմ, բայց չասես, էլի, որ կերել եմ:
- Չեմ ասի, կեր:
Գնացի, մի չիր վերցրեցի, եկա:
- Չէ, դու կասես:
- Հաստատ չեմ ասի:
- Արի էսպես անենք, դու հիմա սա իմ աչքի առաջ կուտես, մի հատ էլ ես կուտեմ, էդ դեպքում վստահ կլինեմ, որ չես ասի:
Իրեն ստիպելով՝ խեղճը մի կերպ կերավ չիրը:
- Հիմա հենց եկավ, ասելու եմ, որ չիր ես կերել, չարախնդացի ես:
Հետո, ամբողջ ընթացքում, երբ ուսուցչուհիս մեր աշխատանքներն էր ստուգում, խեղճը կմկմալով, սարսափած ինձ էր նայում:
- Տետրիդ նայիր, հո չես սիրահարվե՞լ,- բարկացավ ուսուցչուհիս:
- Չէ, ինքն ինձ ատում ա, - խառնվեցի եսԳերազանցիկի սրտից էր:
Էջանիշներ