17Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի.
18որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն.
19քանի որ գրուած է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»։
20Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգէտը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը։ Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ։
21Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ։
22Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում,
23մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների.
24բայց նրանց համար, որ կանչուած են, հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է.
25որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։
26Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին.
27բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին.
28եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի.
29որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ.
30որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն,
31որպէսզի, ինչպէս գրուած էլ է. «Նա, ով պարծենում է, թող պարծենայ Տիրոջով»։
1 Կորնթացիներ
Էջանիշներ