«Թող այսօր էլ արեգակը ծագե արեւելքից եւ մայրամուտ ունենա արեւմուտքում: Մարդիկ ծնվեն եւ մեռնեն: Եւ ամենայն գործ մարդկային, որ գործվի, թող շարունակե գործվել»:
ՔԱՋ ՆԱԶԱՐ
Եթե Սերժ Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթ-ուղերձը համեմատենք Քաջ Նազարի հրովարտակի վերը բերված հատվածի հետ, ստիպված պիտի լինենք խոստովանել, որ Նազարի տեքստը մի քանի գլուխ բարձր է: Այն պարզ պատճառով, որ Նազարի հպատակները իրականության մեջ գոնե տեսնում են իրենց տիրակալի խոսքերի արտահայտումը. արեգակը իրոք ծագում է արեւելքում եւ արեւմուտքում մայր է մտնում, մարդիկ իրոք ծնվում եւ մեռնում են: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի տեքստին, այն այլ կերպ, քան «լեզվական պանոս», դժվար է որակել: Նման տեքստեր մարդիկ արտաբերում են միայն այն ժամանակ, երբ ասելիք չեն ունենում, եւ այս փաստը փորձում են քողարկել ինչ-որ էլիտար բառակույտերի տակ. «ըստ ամենայնի, համենայնդեպս, ի սկզբանե»: Եւ ելույթին հետեւած խղճուկ ծափերը եկան արձանագրելու, որ անգամ կոճակ սեղմողների խորհրդարանը գլխի ընկավ, որ ամբիոնում գտնված անձը 37 րոպե խոսեց ու ոչինչ չասաց: Բայց այս ֆոնին բոլորովին ուրիշ հարց է ծագում. ոչընտիրի ինչի՞ն էր պետք այսպիսի խայտառակ եւ ջրիկ տեքստ արտասանել ԱԺ ամբիոնից: Նման պահվածքի համար Սերժը շատ կոնկրետ դրդապատճառ ունի. բանն այն է, որ ինքը խնդիր ունի մարդկանց հիշեցնելու, որ ինքը ամեն օր երկրի թիվ մեկ աշխատասենյակ այցելող մարդն է, իր կարծիքով` Հայաստանի նախագահը: Եթե նա մի օր հեռուստաէկրաններին չի երեւում, ինչ-որ ճառեր չի արտասանում, իշխանական բուրգում քայքայման պրոցեսները ակտիվանում են, որովհետեւ այդ նույն իշխանական բուրգը ամեն օր ավազակապետության վերջի սպասման մեջ է: Սերժ Սարգսյանն ու նրա շքախումբը խնդիր ունեն ամեն օր սեփական հայտնությամբ ազդարարել. այս օրն էլ բարեհաջող ավարտեցինք: Եւ ահա, այսօրինակ ազդարարումների համար ստիպված է զանազան ինֆորմացիոն առիթներ մոգոնել: Ու քանի որ իրականության մեջ հարմար ինֆորմացիոն առիթներ չկան, իրական ինֆորմացիան բոլորովին ուրիշ բանի մասին է վկայում, այս իշխանական շրջանակները հայտնվում են լեզվական պանոսի վիճակում: Եւ այս առումով Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մի կատարյալ ներդաշնակ զույգ են կազմում: Վարչապետի ֆուտլյարը, օրինակ, թերեւս չգիտի էլ, որ արդեն միմոսի դերակատարություն է վերցրել իր վրա: Մի հին անեկդոտ կա. բանակային հրամանատարությունը սպայի բնութագրի մեջ նշում է նրա մի շատ կարեւոր առանձնահատկություն. «Նա կարողանում է իր հետեւից տանել մարդկանց. զինվորները հաճույքով գնում են նրա հետեւից` տեսնելու համար, թե նա էլ ինչ հիմարություն կգործի»: Տիգրան Սարգսյանը հենց այս անեկդոտի կենդանացած հերոսն է, որը ամեն օր հայտնաբերում է, որ ապրելու համար հարկավոր է շնչել եւ սնվել: Եւ այս հայտնագործումը անում է այնպիսի հանդիսավորությամբ, որ չես կարող կասկածել նրա անկեղծության մեջ. նա լրջորեն մտածում է, թե այս տիեզերական գաղտնիքը միայն իրեն է հայտնի, եւ աչքերի փայլն էլ վկայում է, որ նման հայտնագործությունների համար հույս ունի Նոբելյան մրցանակ ստանալ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, մեկուկես տասնամյակ երկրի բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արդյունքում նա որոշել է ուղերձով դիմել վարորդներին, որ նրանք երթեւեկելիս խախտումներ չանեն, նա հայտնաբերել է, թե խորհրդարանը ինչ է եւ ինչի համար գոյություն ունի, թե իշխանության տարբեր թեւերը ինչ հարաբերությունների մեջ պիտի լինեն միմյանց հետ: Այս ամենը, իհարկե, հոյակապ է. բայց մարդիկ սովորաբար այսօրինակ եզրակացություններ անում են միջնակարգ դպրոցի կրթական ծրագիրը բավարար չափով յուրացնելու արդյունքում: Եւ հիմա տպավորությունն այնպիսին է, թե Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին հայտնվել է իր ինտելեկտուալ մակարդակը բակալավրի աստիճանի հասցնելու հույսով. մի բան, որ իր նախորդի մոտ չստացվեց անգամ տասը տարվա ընթացքում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
http://www.hzh.am/
4 /10 / 2008
Էջանիշներ