Եթե իսկապես Սերժ Սարգսյանը շտապում է անել այն՝ ինչ հնարավոր է անել, ապա միայն իշխանափոխությունը կանխելու համար։ Ինչքան շատ ստրատեգիական գործընթացների մեջ ներգրավվի որպես կոմպրոմիսային քաղաքականություն վարող, այնքան ավելի կամրապնդի դիրքերը թեկուզ միջազգային հանրության առաջ։ Իսկ նա վաղուց ներգրավվել է, նույնիսկ ապացուցել է իր առավելությունը Ռոբի նկատմամբ ավելի կոմպրոմիսային ու նախաձեռնող լինելու առումով։ Իսկ միջազգային հանրությունը ներկայացնող երկրների համար առաջնային են իրենց շահերը տարածաշրջանում, իսկ մեր երկրի ներսում թե ժողովրդավարություն է, թե՝ բռնատիրություն, դա իրենց համար երկրորդային է, դրա համար էլ եվրոպական հանձնաժողովները կարող են մատների արանքով նայել ասենք մեր նախագահական ընտրությունների վիճակին։ Ինչ վերաբերում է մեր ներքին խոհանոցին ու ժողովրդի շահերին, ապա նման տեմպերով իշխանափոխության հազիվ թե գնանք, քանի որ բացակայում են իշխանափոխության համար անհրաժեշտ ու բավարար պայմանները՝ իշխանության ողնաշարը կոտրելու լծակներ՝ տնտեսական ճգնաժամ, բունտ, ինֆորմացիոն լծակներ՝ հեռուստատեսություն, հզոր պրոպագանդա, ի վերջո ուժային լծակներ՝ իրավապահների, ներքին զորքերի ըմբոստություն։ Միայն խաղաղ հանրահավաքներով իշխանափոխություն համենայն դեպս պատմությունից ես չեմ հիշում։ Այնպես որ Սերժին իզուր ենք շտապեցնում, Սերժը ամրապնդում է իր դիրքերը, փողն էլ է իր ձեռին, ուժն էլ… Իսկ պետական ապարատի աշխատողները ընդվզելու համար հիմքեր չունեն, քանի որ առայժմ գրեթե բոլորն էլ կերակրվելու լավ շանսեր ունեն, շատ էլ որ հիմնականում ապօրինի ճանապարհով է։ Հասարակ ժողովուրդը այս պարագայում միայն մի ելք ունի՝ հարձակվել պաշտոնյաների վրա ու ցխել որոշների գլուխները, մյուսներին էլ գերի վերցնել ու ուժով դնել իր ուզած նախագահին։ Իսկ դրա համար կրկին բացակայում են անհրաժեշտ և բավարար պայմանները՝ համընդհանուր աղքատություն, սով, ճգնաժամ, անելանելի վիճակ։ Կեծված ընտրություններից առաջացած կրքերը կարելի է համարել հանդարտված, ժամանակը մեծ ֆակտոր է։ Մի խոսքով նման թեկուզ կոռումպացված, բարդակ երկիրը կարող է բավականին երկար ժամանակ յոլա գնալ, քանի որ երկրի կեսից ավելին դրսից հոսող ֆինանսների հաշվին են ապրում ու ներսում ֆինանսական ճգնաժամ ստեղծելու շանսեր գրեթե չկան, դա միայն դրսից կարելի է անել։ Մասնավորապես եթե Ռուսաստանին պետք լինի այստեղ իշխանափոխություն անել, ապա Ռուսաստանի համար դժվար չի լինի… Հանրահավաքների միակ ձեռքբերումը այնուամենայնիվ հասարակության լայն շերտերում մտածելակերպի առողջացումն է, հանրահավաքում տեղի ունեցող պրոպագանդայի շնորհիվ, բայց դա իմ կարծիքով այնուամենայնիվ քիչ է։
Հ.Գ. Ռոբի հետ գալու շանսերը իմ կարծիքով զրոյական են, Ռոբը իր հետնախագահական պասսիվությամբ արդեն քաղաքական դիակ է։ Սերժը իր ներքինիի հետ ավելի փափուկ ու ճկուն է, այնպես որ Ռոբի վերադարձին չեմ կարծում որ որևէ մեկը երազում է։ Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանին, ապա ինձ մոտ տպավորություն է, թե ծերուկը այդքան էլ կատեգորիկ չի տրամադրված, չափազանց հանդարտ է նայում իրավիճակին, կրքեր չկան։ Իսկ այսպես գրողի ծոցն է կորում անհանդուրժողականությունն էլ, իշխանափոխությունն էլ։
Էջանիշներ