Ինչո՛ւ Սարդարապատում եւ Ապարանում փոքրաթիվ հայ աշխարհազորը փայլուն հաղթանակներ տարավ` կռվելով առանց արհեստավարժ զինվորական հրամանատարների, մինչդեռ Ղարաքիլիսայում ծանր պարտություն կրեց բոլոր ղեկավարների ներկայությամբ: Իհարկե` պատճառները տարբեր են ու ոչ միանշանակ: Սարդարապատում ժողովուրդը կրծքով պաշտպանեց իր հոգեւոր կենտրոնը` Էջմիածինը: Ապարանում կռվի ելավ ամբողջ շրջանի բնակչությունը, մինչդեռ ղարաքիլիսացիները ոչ միայն նախապես հանձնվելու առաջարկով պատվիրակություն ուղարկեցին Ջավիդ փաշային, այլեւ թուրքերին սիրաշահելու համար դավաճանաբար ազատ արձակեցին Սարիղամիշում ապրիլին գերի վերցրած եւ քաղաքում պահվող 2000 ասկյարներին, որոնք մյուս օրը համալրեցին թուրքական բանակը: Սակայն գլխավոր պատճառն ավելի խոր է ու բարդ: Զարմանալիորեն` հաղթանակները գրանցվում էին հենց այնտեղ եւ այնժամ, ուր չկար քաղաքական ու ռազմական ղեկավարությունը եւ ժողովուրդը իր ձեռքն էր վերցնում ինքնապաշտպանության գործը: Սարդարապատի դաշտում մարտիկների ճնշող մեծամասնությունը կազմում էին կամավորական ջոկատները, պարտիզաններն ու աշխարհազորը: Ապարանում կանոնավոր հայ զորամասեր ընդհանրապես չկային` բացառությամբ հրետանու երկու մարտկոցի: Երկու դեպքում էլ հրամանատարությունն ստանձնեցին ինքնաբերաբար պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Դանիելբեկ Փիրումյանը եւ Դրաստամատ Կանայանը: Մինչդեռ Ղարաքիլիսայի մարտերում աշխարհազորը կանոնավոր բանակի շարքերում հազիվ 10 տոկոսն էր կազմում, իսկ ժողովրդական սերն ու վստահությունը վայելող Անդրանիկն ու Նժդեհը զինվորական կարգապահությամբ հնազանդվեցին գլխավոր շտաբի եւ զորավար Նազարբեկովի ապիկար ու ապաշնորհ հրամաններին: Բայց մի՛թե ցարական Ռուսաստանի ռազմական դպրոցն ու պատերազմ անցած գեներալներ Նազարբեկովը, Սիլիկովը եւ դրանց նմանները անհույս հիմարներ կամ դավաճաններ էին: Բնավ` ոչ: Նազարբեկովը ռուսական բանակի կազմում գլխավորել էր 1916 թ. Բիթլիսի ազատագրումը, Սիլիկովը խիզախ գործեց Սարդարապատի մարտի վերջին օրերին: Սակայն այս եւ մյուս հայ ղեկավարները չհասկացան պարզ ու կարեւոր մի բան, որն իմիջիայլոց` շատ լավ ըմբռնեցին թուրքերը: 1918 թ. մայիսի 22-ին հայ ժողովուրդը թշնամու դեմ սկսեց ազգային-ազատագրական պայքար, պարտիզանական, համաժողովրդական պատերազմ, որն ունի իրեն հատուկ օրենքներն ու տրամաբանությունը, սակայն որին ոչ պատրաստ էին, ոչ հասկանում էին, ոչ էլ վստահում էին հայ կուսակցական ու ռազմական թշվառ գործիչները, ովքեր կարծես ճակատագրի հեգնանքով հեծել էին ազգը` ինչպես պատահաբար վագրի վրա ընկած Քաջ Նազարը: Այսպես, չհասկանալով ու չհավատալով ժողովրդական պատերազմի հաղթական տարերքին` Հովհաննես Քաջազնունին հեռավոր Թիֆլիսում համոզում էր Հայոց ազգային խորհրդին.«Եթե Վեհիբ փաշան իր զորքերով Երեւանը գրավելու դիտավորություն ունենար, ապա նա հարկ չէր ունենա դիմելու որեւէ խաբեության, որովհետեւ նա այդ բանը կարող էր անել բացեիբաց, ամեն րոպե, երկյուղ չկրելով հանդիպելու որեւէ լուրջ դիմադրության»17:
Բազմիցս խաբված լինելով բոլորից` Բաթումի բախտորոշ բանակցություններում հայ պատվիրակը, իհարկե, նորից խաբվել էր: Բազմափորձ ու խելացի Վեհիբ փաշան Ալեքսանդրապոլից Բաթում մեկնեց արդեն մայիսի 27-ին, այսինքն Սարդարապատում կրած պարտությունից անմիջապես հետո, որպեսզի շտապ սկսի խաղաղ բանակցությունները: Ի տարբերություն հայ ապաշնորհ դիվանագետների` թուրք գործիչը հասկացել էր, որ իր զորքը Հայաստանում հանդիպել էր ցանկացած բանակի համար ամենավտանգավոր հակառակորդին` պարտիզանական, համազգային, ժողովրդական պատերազմին: Ու մինչ հայոց աշխարհազորը մեկ օրում ոչնչացրեց թուրքերի լավագույն դիվիզիայի 3500 ասկյարներին` մեր թշվառ ղեկավարությունը կասկածում էր` արդյոք Վեհիբ փաշան կհանդիպեր «որեւէ լուրջ դիմադրության»: Կարող է անհավանական թվալ, բայց Թիֆլիսում ու Բաթումում մեր ազգի ճակատագիրը որոշող հայ գործիչները անգամ երկու շաբաթ անց դեռեւս գաղափար չունեին Սարդարապատի ու Ապարանի մարտերի մասին եւ սեփական ժողովրդի հաղթանակի կցկտուր լուրը ստացան հենց ... թուրքերից18: Մեջբերենք հունիսի 5-ի նամակը, որ Բաթումից Երեւանի ազգային խորհրդին էին ուղարկել Ավետիս Ահարոնյանը եւ Նիկոլ Աղբալյանը.«Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թե որքան են հավաստի նրա տված տեղեկությունները: Համենայն դեպս, մեր թեկուզ եւ փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի մեջ...Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը»19:
Եզրակացությունն արդարացի է, սակայն մի կարեւոր ճշտումով. Փոքր ու թշվառ Հայաստանը դարձրին հենց իրենք` այդ փոքր ու թշվառ քաղաքական խամաճիկները, որ հեռագրերի հիման վրա հանձնում էին ամրոցները եւ թշնամուց էին տեղեկանում սեփական զորքի հաղթանակների մասին: Բանն այն է, որ Վեհիբ փաշան գիտեր մի ահավոր գաղտնիք, որից անտեղյակ էին ու որին չէին հավատում մեր ստրկամիտ քաղաքական գործիչները. մայիսի 22 - 29-ը Հայաստանում տեւած ծանրագույն մարտերից հետո Կովկասում մնացել էր ընդամենը 12 հազարանոց թուրքական կաթվածահար մի զորախումբ, որի չնչին թվաքանակն ու թշվառ վիճակը նրանք շտապում էին թաքցնել հմուտ եւ հին դիվանագիտական միջոցներով: Թուրքերը Բաթումում վարվում էին հայ պատվիրակության հետ գայլի ու ոչխարների մասին մանկական հեքիաթներից հայտնի եղանակով: Սակայն մեր կարկառուն գործիչները կարծես տեղյակ չէին ոչ միայն աշխարհի պատմությանը կամ դիվանագիտությանը, այլեւ մանկական հեքիաթներին: Ահա հատված հունիսի 5-ին Բաթումից Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին ուղղված մեր հիմնական պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանի նամակից, որտեղ նա նկարագրում է հայ-թուրքական բանակցությունները Հայաստանի ճակատագրի մասին.«Ճաշը շատ ճոխ էր, սեղանը զարդարված էր ծաղիկներով, գինին առատ էր, երաժշտությունը` քաղցր: Ճաշի ժամանակ Վեհիբ փաշան ակնարկեց, որ իրենք սիրով ռազմական դաշինք կկնքեն հայերի հետ, ինչպես այդ արել են բուլղարների հետ»20:
Ահա~ թե ինչ` ցեղասպանության զոհերի արյունը դեռ չի ցամաքել Դեր-Զորի ավազուտներում, իսկ ճոխ ճաշն ու քաղցր գինին դահիճներին արդեն մեզ դաշնակի՛ց են դարձնում... Նույն նողկալի քաղքենիությամբ մեր պատվիրակը նկարագրում է իր հանդիպումը հրեշավոր Էնվեր փաշայի հետ: Մեջբերում. «Էնվերը զարմանալի գեղեցիկ կահավորություն ունի, Արեւելյան ճաշակով դահլիճ/»Կարմեն»/, մոմեր...»21:
Եվ այս ողորմելիներին վստահված էր մեր հերոսական ու դժբախտ ազգի ճակատագիրը... Իսկ մինչ հայոց պատվիրակությունը Բաթումում ուսումնասիրում էր թուրքերի ճաշատեսակներն ու կահույքը, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում վրացիները գաղտնի բանակցում էին Գերմանիայի, իսկ ադրբեջանցիները Թուրքիայի հետ` Կովկասի ապագա բաժանման մասին: Մայիսի 26-ին Վրաստանը Գերմանիայի հովանավորության տակ հռչակեց իր անկախությունը: 27-ին Անդրկովկասյան միությունից դուրս գալու եւ սեփական երկիր ստեղծելու մասին հայտնեցին նաեւ մուսավաթականները: Իսկ ի՛նչ արեց Հայոց ազգային խորհուրդը, որը Թիֆլիսում նստած` չգիտեր նախորդ օրերին բռնկված ժողովրդական պատերազմի մասին: Բուռն վեճերից հետո, ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ազգային խորհուրդը, չգիտես ինչու, հարկ համարեց... բողոքել Վրաստանի անկախության դեմ22: Ահա մեր քաղաքական մտքի եւս մի գլուխգործոց: Բայց սա դեռ բավական չէ, ողջ իրողությունը պարզելու համար դիմենք սկզբնաղբյուրին: Ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է.«Հայաստանի անկախության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ վճռվեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբ, որովհետեւ թուրքերը հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էին դրել մեր անկախության հայտարարությունը»23: Մեկ անգամ եւս ուշադիր լսենք մեր Առաջին հանրապետության վարչապետին` ուրեմն, Հայաստանի անկախության համար մենք պարտական ենք... թուրքերին, որոնք այն դրել էին որպես նախապայման Բաթումի բանակցություններից առաջ:
Եվ այսպես` 1918 թ. մայիսի 4-ին քաղցր երաժշտությունից եւ առատ գինուց փափկած Ալեքսանդր Խատիսովը եւ Հովհաննես Քաջազնունին հայ ժողովրդի անունից Բաթումում ստորագրում են Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը, որտեղ Սարդարապատի եւ Ապարանի հաղթանակներից մեկ շաբաթ անց եւ դրանցից անտեղյակ` Թիֆլիսում նստած նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում է Թուրքիային հանձնել իր ամբողջ երկաթուղին, Ալեքսանդրապոլ քաղաքը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների կեսը, Նախիջեւանն ու Շարուր-Դարալագյազը: Բացի դա` թուրք զորքերի առջեւ պետք է բացվեին բոլոր կամուրջները, ինչպես նաեւ Դիլիջանի ձորով Գանձակ տանող ճանապարհը: Հատկապես հետաքրքիր է պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի «Հայաստանի կառավարությունը պարտավորվում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանն իր երկրի սահմաններում »: Այս կետով թուրքերը ձգտում էին իրենց ապահովել ամենավտանգավոր թշնամուց` ժողովրդական ցասումից, որի վտանգը հասկանում էին շատ ավելի լավ, քան իրենց միամիտ հայ խաղակիցները:
Իսկ ինչպե՛ս ընդունվեց նման անկախության լուրը Հայաստանում: Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել է.«Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլեւս ուղեղ չունինք մտածելու, այլեւս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի՛նչ բառ ու ոճ գործածենք... Գրչի թեթեւ շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները...Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը...»24:
Երեւանի խորհրդի շենքի առջեւ սկսեց հավաքվել զայրացած ժողովուրդը: Հատկապես փոթորկված էին արեւմտահայ գաղթական-ները, նրանք պահանջում էին հանդիպում Արամ Մանուկյանի հետ: Սակայն նա չհամարձակվեց հետեւել իր սրտի ու ժողովրդի կանչին, հավատարիմ մնալով կուսակցական կեղծ հեղինակությունների հրամաններին ու կրկնելով այն նույն սխալը, որը տասն օր առաջ Ղարաքիլիսայում կատարեց մյուս ժողովրդական հերոսը` Անդրանիկը: Վրացյանի եւ Աստվածատրյանի վկայությամբ.«... հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգություն էր ապրում. Լուռ ու մռայլ, նա ամփոփվել էր իր մեջ եւ միայնություն էր փնտրում...»25:
Իսկ ժողովրդի մեկ այլ ընտրյալը` Սարդարապատի հերոս Դանիելբեկ Փիրումյանը, որի զորքերն այդ օրերին պատրաստվում էին ազատագրել Ալեքսանդրապոլը` ընբոստացավ.«Ես չեմ կարող իմ հաղթական զորքին հայտնել այդ խայտառակ լուրը, նրան ետ դարձնել իր արյամբ նվաճած դիրքերից: Նահանջը կազմալուծիչ կլինի իմ զորքի համար: Ես գիծ չեմ վերադառնա, գնացեք եւ այդ սեւ գործը դուք ինքներդ կատարեցեք»26:
Էջանիշներ