Ամոթալի կերպով հանձնվեց եւ Կարսի բերդը: Թուրքերի միակ լուրջ գրոհը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որը հաջողությամբ հետ մղեց Թիֆլիսի դպրոցների շրջանավարտներից կազմված եւ ռուս գեներալ Դեեւի հրամանատարության տակ գործող հայկական հրետանին: Թուրքերը նահանջեցին` հարյուրավոր դիակներ թողնելով Հարամ-Վարդան կոչվող մարտկոցի դիմաց: Սակայն մյուս առավոտ, ապրիլի 25-ին, Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելին Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովին հեռագրով կարգադրեց անառիկ բերդաքաղաքը հանձնել թուրքերին: Եվ Նազարբեկովը, չնայաց հերոսական ու հաջող դիմադրությանը, հրամայում է հանձնել Կարսը` հիմք ընդունելով ընդամենը մի հեռագիր... Աննախադեպ դեպք` պատմության մեջ:
Ինչպես հետո գրեց Սիմոն Վրացյանը`.«Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական կապն էլ հայկական զորքի եւ Հայոց խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլիսում մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում...»8:
Այս խայտառակությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ առաջացրեց: Թիֆլիսում հայ նախարարներն ի նշան բողոքի անգամ հրաժարական ներկայացրին, եւ վարչապետ Չխենկելին այնքան ցնվեց նրանց սկզբունքայնությունից, որ ինքն էլ պատրաստակամություն հայտնեց թողնել իր պաշտոնը ու այն առաջարկեց հայ գործիչներից մեկին, օրինակ` ընկեր Քաջազնունուն: Վրացյանը գրեց, որ հայերը, բնականաբար, հրաժարվեցին: Ճիշտն ասած` մեզ համար այսօր դժվար է հասկանալ` ինչո՛ւ հրաժարվեցին հայերը եւ, հատկապես` ինչո՛ւ բնականաբար: Ինչեւէ` Չխենկելին մնաց վարչապետ, երեք հայ նախարարները հետ վերցրին իրենց դիմումները` մնալով վրացա-ադրբեջանա-հայ կառավարության կազմում, Կարսն էլ մնաց թուրքերին... Իսկ 20 օր անց հանձնվեց նաեւ Ալեքսանդրապոլը:
Վերջինիս անկումը, թերեւս, վերոնշյալ բոլոր պարտությունների ու դավաճանությունների խայտառակ շղթայի «պսակն» է:
Կարսի գրավումից հետո թուրքերը տիրացան երկաթուղային հանգույցին, որից ուղիղ ու հուսալի ճամփաներ էին բացվում բոլոր ուղություններով` հյուսիսով դեպի Թիֆլիս, հարավով` դեպի Երեւան ու Թավրիզ /Արաքսի հովտով/, արեւելքով` դեպի Գանձակ ու Բաքու:
1918 թ. մայիսի 13-ին Բաթումի բանակցություններում թուրքերը պահանջեցին իրենց տրամադրել Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը:
Թուրքերից, վրացիներից, ադրբեջանցիներից բազմիցս խաբված, բայց այդպես էլ ոչինչ չսովորած հայ դիվանագետները Բաթումից գրում էին Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին: Քաջազնունի.«...Իմ մեջ /կարծեմ նաեւ Խատիսովի մեջ/ այն համոզմունքը գոյացավ, որ թուրքերն այս անգամ չեն ստում, որ նրանց իսկապես որ խիստ անհրաժեշտ է անցնել Թավրիզ, եւ որ տվյալ, համենայն դեպս, պահին նրանք ուրիշ նկատառումներ ու դիտավորություններ չունեն...»9:
O Sancta Simplicita! սուրբ միամտություն, հիմարության հոմանիշ... Ընդամենը երկու շաբաթ անց Բաթումի բանակցություններում թուրք պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշան կուշտ անկեղծության պահին խելք է սովորեցնում նույն Խատիսովին.«Ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաեւ Ափրիկայեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը եւ լեզուն: Եվ ասիկա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքեստան եւ Ադրպեճան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք` հայերըդ կանգնած եք մեր այդ ճամփուն վրա: Պահանջելով Վանը` դուք կը փակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը եւ երթալու Բաքու: Կարսն ու Ախալքալակը կը փակեն մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը... »10:
Այսպես` Սարդարապատի ճակատամարտից յոթ օր առաջ, մայիսի 15-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Կարսը հանձնած եւ Ալեքսանդրապոլը պաշտպանող նույն գեներալ Նազարբեկովին, ընդ որում` խորամանկորեն գրված պարսկերեն: Նազարբեկովը, որը հայերեն անգամ չգիտեր, Ալեքսանդրապոլի բերդի պարետ գնդապետ Յանկեւսկուն հանձնարարում է այն թարգմանել: Նա շտաբում պարսկերեն իմացող ոչ մի հայ սպա չի գտնում, քանի որ Զատիկի կապակցությամբ հրամանատարությունը նրանց բաց էր թողել քաղաք` տոնն ընտանիքների հետ անցկացնելու: Հիշեցնենք, որ թուրքերը 20 օր պաշարել էին Ալեքսանդրապոլը եւ արդեն քաղաքից հրացանի կրակոցի հեռավորության վրա էին: Սակայն ողբերգական անեկդոտը նոր է սկսվում: Կատարելով հրամանատարի առաջադրանքը` քաջ պարետը ավելի խելացի բան չի գտնում, քան թուրքերի մոտ գնալը, որպեսզի հենց նրանք էլ թարգմանեն սեփական վերջնագիրը: Տեսնելով պաշարված բերդի` սպիտակ դրոշով մոտեցող պարետին, թուրքերն անմիջապես հարձակվում են անպաշտպան մնացած քաղաքի վրա: Գեներալ Նազարբեկովը իր հրամանատարական «Մերսեդեսով» /ինչպես տեսնում ենք` գեներալների ճաշակը չի փոխվում/, փախուստի է դիմում դեպի Ջաջուռ կայարան, սակայն փախչող ժողովրդի պատճառով խցանման մեջ է ընկնում եւ ռուսերեն պահանջում ճանապարհը զիջել իրեն` գեներալ Նազարբեկովին: Լսելով նրա անունն ու կոչումը` մի անհայտ գյումրեցի նույնպես կիսառուսերեն սրամտում է. «Տո դու ի՛նչ գեներալ քաջ Նազար բեգով, դու գեներալ Նազադ բեգոմն էս»: Այս բառերն առանց թարգմանչի հասկանալով` հրամանատարն ամոթից հետ է դարձնում մեքենան ու վերադառնում քաղաք` կարգավորելու զորքի նահանջը:
Վերջին բերդաքաղաքի անփառունակ անկումը վերջնականապես կազմալուծեց հայոց քաղաքական ու զինվորական ղեկավարությունը11:
Սակայն հենց այդ փակուղային ու անելանելի թվացող իրավիճակը Հայաստանում զարմանալիորեն ստեղծեց միանգամայն նոր կացություն: Կորցնելով արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապը, հետեւաբար նաեւ Թիֆլիսում լռված իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրույն, ապավինելով միայն սեփական ուժերին: Հենց դա էլ դարձավ ազգային փրկության գլխավոր խթանը:
1918 թ. մայիսի 19-ին թուրք պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են եւ պետք է ենթարկվեն»: Նույն օրը հայ պատվիրակներ Խատիսյանն ու Քաջազնունին հեռագրեցին Թիֆլիս` «Ազգային խորհրդին խորհուրդ տալով ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»12:
Իր հերթին, Երեւանի քաղաքային խորհուրդն ընդունեց քաղաքագլուխ Թուշյանի առաջարկը` Երեւանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը:
Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:
Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվեց բնակչության մեջ եւ նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն գործեց զորքի ու ողջ ազգի վրա:
Փաստորեն գլխատված երկրում, ուր կառավարիչները ծառից պոկված տերեւի պես քարշ էին գալիս Թիֆլիսում, ուր գլխավոր հրամանատարը զորքի մեծ մասի հետ պատսպարվել էր Դիլիջանի անտառներում, որի մայրաքաղաքը պատրաստվում էր հանձնվել, միակ ձայնը, որ ժողովրդին կոչ արեց կռվել թշնամու դեմ` եկեղեցունն էր: Եվ այդ ձայնը հնչեց ոչ միայն վերացական, բանաստեղծական իմաստով: Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:
451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով:
Կուսակցական ու քաղաքական դատարկախոսների բացակայության ու դասալքության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:
Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին եւ Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ
Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը /հիմնականում կազմված ղարաբաղցիներից/ եւ կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին եւ հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին` զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած` նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:
Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /Արաքս/ կիսակայարանը եւ Կուլիբեյլի գյուղի տարածքում պատսպարված թուրքական զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում` բարձրաձայն երգելով «Գացողը ետ չեկավ, Բայբուրդ» կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թեւից նրան միացավ Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը` կազմավորված ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ եկան իրենց պատանքներով, նրանք նման էին խաչակիր ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգներ, որոնք դիպուկ կրակոցներն այդ օրն ուղեկցում էին «Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն » երգով: Կարելի է պատկերացնել, թե թուրքերի վրա ինչ տպավորություն էին թողնում զանգերի անդադար ղողանջների ներքո հարյուրավոր ձայներով երգող մահապարտների ու միաբանների սեւ շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:
Էջանիշներ