ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԼԻՆԻ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՊՈՂՈՏԱ
Կարդալով մեր թերթերը, օրերս հասկացա, որ մութ անցյալ ունեմ: Ուրեմն, խոստովանում եմ, որ ծնվել եմ Ստալինի անունը կրող պողոտայում, որը հետագայում դարձավ Լենինի, իսկ այժմ կոչվում է Մաշտոցի պողոտա: 2-րդ դասարանում 7 ամիս սովորել եմ թիվ 29 դպրոցում, որը մինչ իմ այդտեղ գալը կրել է Լավրենտի Բերիայի անունը, բայց իմ այդտեղ գալու պահին այդ փաստը դեռ չէր մոռացվել: Իսկ ընդունվել եմ օտարազգի գործիչ, հայտնի համասեռամոլ Չայկովսկու անվան դպրոցը: Ծննդյանս վայրն ու տարեթիվն էլ կասկածելի են` մայրս ինձ ծննդաբերել է Ստալինի պողոտայում գտնվող Լենինի կնոջ, հայտնի չբեր Կրուպսկայայի անունը կրող ծննդատանը և հենց այն տարում, երբ Ստալինն ու Բերիան կազմակերպեցին հայաստանցիների զանգվածային աքսորը: Իմ պատկերն ամբողջացնելու համար ավելացնեմ, որ ծնվել և մի քանի տարի ապրել եմ Ստալինի կենդանության օրոք, բնակվել` նրա անունը կրող պողոտայում, հաճախել եմ մի մանկապարտեզ, որի պատին կախված էր «Ժողովուրդների հոր» մեծադիր նկարը և մենք առանց գետինը մտնելու, նրան բարձրաձայն կոչում էինք Ստալին պապի: 8-րդ դասարանից բարոյական անկումս շարունակել եմ Լենինի կողակից Կրուպսկայայի անվան դպրոցում, որն անամոթաբար ավարտել եմ ոսկե մեդալով, մինչդեռ կային ազնիվ և հայրենասեր մարդիկ, որոնք, ի նշան բողոքի, երկուսներով ու երեքներով էին սովորում: Հասկանալի է, որ այն բանից հետո, երբ ինձ չհաջողվեց, չհասցրեցի դառնալ պատանի բերիական, ես դարձա պատանի լենինյան` անդամակցելով Լենինի անունը կրող պիոներների և կոմերիտականների կազմակերպություններին: Իսկ 2-րդ դասարանում համասեռամոլի անվան դպրոցից դահճի անվան դպրոց տեղափոխվելու պատճառը իմ թոքաբորբով հիվանդանալն է եղել և բժիշկների խորհուրդը` անսալով որին Ստալինյան մրցանակի դափնեկիր իմ հայրն ավելի է մթացրել իմ առանց այն էլ «մութ» անցյալը:
Այնպես որ, իմ կյանքի ուղին ծուռ է, կենսագրությունս՝ լիովին փչացած և ցանկացած պահի որևիցե թերթի թղթակից կարող է հանրության դատին ներկայացնել կենսագրությանս թաքուն էջերը, նաև ավելացնել իմ ազգականների մասին եղած ասեկոսեներ, թե նրանցից ոմանք Ստալինի օրոք մատնագրեր են գրել: Իսկ դրանից ոչ մեկս էլ ապահովագրված չենք, քանի որ այն տարիներին շատերն են դա արել: Ոմանք արել են գաղափարական մղումներից ելնելով, քանի որ Աստծո չափ երկրպագել են Ստալինին, հավատացել են իշխանությունների քարոզչությանը և կարծել են, թե օգտակար բան են անում` «ժողովրդի թշնամիներին» ջրի երես հանելով: Մյուսները գրել են կարիերիստական նկատառումներով, որպեսզի, ինչպես հիմա կասեինք, նոր աշխատատեղեր ստեղծվեն, և իրենք կարողանան ծառայողական առաջխաղացում ունենալ: Կային նաև այնպիսիները, որոնք ցանկացել են բարելավել իրենց բնակարանային պայմանները, ավելացնել բնակտարածքը` նրանք մատնագրեր են գրել իրենց հետ նույն բնակարանում բնակվողների վրա: Բաժանված ամուսինը զրպարտագիր է գրել իր նախկին կնոջ վրա, որպեսզի ալիմենտ չվճարի, գեղեցիկ կնոջը հավանած տղամարդը` գեղեցկուհու ամուսնու և եղբայրների վրա, որպեսզի տիրի նրան: Եղել են նաև մարդիկ, որ ուղղակի այդպիսի հոբբի են ունեցել, որովհետև նման նախաձեռնություններն այն ժամանակվա հասարակության կողմից խրախուսվել են, ինչպես որ այսօր ողջունվում է «գողական» դառնալը կամ, գոնե, ձևանալը, որևիցե մեկին «քցելը», կամ նրան բարոյապես ընկճելը, նույնիսկ, ոչնչացնելը` նրա դեմ անձնական վիրավորանքներով լի հոդվածներ գրելով: Վերջինը ձեռնտու է նաև իշխանություններին, որովհետև դա նրանց հնարավորություն է տալիս խստացնել ԶԼՄ-երի մասին օրենքը, իսկ իրենց քննադատող խոսքի ազատության ջատագով արևմտյան գործիչներին ներկայացնել անձնական վիրավորանքներով լի հոդվածների նմուշներ, նաև այլանդակ կոլաժներ և վարկաբեկման ենթակա մարդու անհաջող լուսանկարներ, որտեղ նա ինքն իր նման չէ, կամ էլ շեշտված են նրա դեմքի կամ մարմնի թերությունները:
Ամեն մարդ պատասխանատու է միայն իր արածների համար, և նույնիսկ Ստալինի և Բերիայի օրոք էր ասվում, որ զավակները պատասխանատվություն չեն կրում ծնողների համար, չնայած թե Ստալինի օրոք, թե այժմ մեր հասարակությունը դա չի ըմբռնում, չի ընդունում, և մեր իրականության մեջ առկա են նույնիսկ վենդետայի դեպքեր, երբ պատժվում են միանգամայն անմեղ մարդիկ, որոնք իրենք էլ, հնարավոր է, պարսավել են իրենց անհաջող ազգականների արարքները:
Եվ եթե մենք շարունակենք այսպես իրար հոշոտել, ֆիզիկական և բարոյական քիլերությամբ զբաղվել, վենդետաներ կազմակերպել, հնարավոր է, որ հետագայում վարկաբեկիչ դառնա Մաշտոցի պողոտայում բնակվելը, այն հերթական անգամ վերանվանվի ու սկսի կրել, ասենք, Աթաթուրքի անունը:
ԳՐԻԳՈՐ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ
Էջանիշներ