ԱՐՏԱՔԻՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՌ ՊԱՇԱՐՆԵՐ
Սերժ Սարգսյանին չսիրողները կամ ղարաբաղյան հարցից հոգնածները չարախնդում են, թե մինչեւ տարեվերջ Սարգսյանը Ղարաբաղը կհանձնի ու ինքն էլ ստիպված հրաժարական կտա: Չսիրողներն ու հոգնածները, այսպիսով, կարծում են, թե համանախագահներն ու Ադրբեջանը մի գնդակով երկու գլոբալ նապաստակ կսպանեն` կլուծեն Ղարաբաղի հարցը, որ չսիրողների ու հոգնածների կոկորդում է մնացել ավելի քան մեկ տասնամյակ, եւ վերջ կդնեն ղարաբաղյան կլանի գերիշխանությանը Հայաստանում, որ նույնպես ավելի քան մեկ տասնամյակ է, այլ մեթոդներով հնարավոր չի լինում լուծել:
Այսպիսով, ակամայից չսիրողներն ու հոգնածները դառնում են Սերժ Սարգսյանի քաղաքականությանն օժանդակողներ ու սատարողներ: Իհարկե, հարցազրույցներում ու ասուլիսներում նրանք ոչ թե գովաբանում, այլ քննադատում են “Ղարաբաղի հարցում պարտվողական քաղաքականությունը”` հո բացահայտ չեն ասի, որ իրենք ուզում են գան իշխանության ու առանց Ղարաբաղի հարցի իշխել, իսկ այդ երկու նպատակի համար էլ կենսական նշանակություն ունի այդ նույն “պարտվողական քաղաքականության” հաջողությունը:
Չսիրողներն ու հոգնածներն, իհարկե, հասկանում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է զիջումների գնալ ոչ թե հայրենասիրության պակասից, այլ լեգիտիմության պակասից, ու քանի որ նրան ճնշում են միջազգայինները: Զիջումների գնով Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությունը կաճի, նորմալ դեպքերում կարելի էր ենթադրել, թե ներքին լեգիտիմությունը կնվազի, սակայն այն այլեւս նվազելու տեղ չունի: Սարգսյանի ներքին լեգիտիմության բացակայությունը Ղարաբաղի պատճառով չէ, այլ մարտի 1-ի իրադարձությունների, եւ նա ինչ էլ անի բանակցություններում, այդ ռեսուրսը չի ավելացնի: Ուրեմն, նա հնարավորություն ունի իշխանությունը պահել միայն արտաքին լեգիտիմության հաշվին, ինչի համար էլ կգնա զիջումների:
Մինչ այս պահը, կարծես թե մեր ու չսիրողների ու հոգնածների տրամաբանությունը համընկնում է, հետագա եզրահանգումներում է, որ ունենում ենք տարամիտում: Այսպես, չսիրողներն ու հոգնածները ասում են, որ զիջումների գնալուց հետո ժողովուրդը Սերժ Սարգսյանին այլեւս չի հանդուրժի ու նրան գահընկեց կանի. բայց ժողովուրդը նրան առանց այդ զիջումների էլ չի հանդուրժում եւ իշխանափոխություն չի իրականացնում ոչ թե նրա համար, որ սպասում է, թե ինչ կանի Ղարաբաղի հարցում, այլ պարզապես չի կարողանում իշխանափոխություն իրականացնել:
Ինչ վերաբերվում է արտաքին լեգիտիմության խնդրին, ապա այն ոչ միայն կաճի, այլեւ կցեմենտվի ու կբետոնվի: Խնդիրն այն է, որ միջազգայիններին ոչ թե միայն ինչ-որ թուղթ ստորագրող է պետք, այլ այդ փաստաթուղթը կյանքի կոչող, իսկ դա մեկ օրվա խնդիր չէ, այլ տարիների: Այնպես որ, եթե չսիրողներին ու հոգնածներին թվում է, որ իրենք կարող են պարտվողականությունը քննադատելով գալ իշխանության, ապա նրանք խորը միամտության մեջ են: Միջազգայիններին պետք է վստահ նախագահ, որը կիրականացնի ղարաբաղյան կարգավորման բոլոր փուլերը, իսկ այդպիսին կլինի միայն փաստաթուղթ ստորագրողը` Սերժ Սարգսյանը, որին միջազգայինները բոլոր, անգամ` ծայրահեղ միջոցներով պատրաստ կլինեն սատարել ու պաշտպանել: Ի վերջո, չմոռանանք, որ ղարաբաղյան կարգավորման համարյա բոլոր տարբերակներով էլ տարածաշրջան են մտնելու միջազգային խաղաղապահներ, որոնք ոչ միայն կիրականացնեն հակամարտ կողմերին բաժանելու գործողությունը, այլեւ անհրաժեշտության դեպքում` նաեւ պարտվողական քաղաքականության երաշխավորի եւ փաստաթուղթ ստորագրողի անվտանգությունը չսիրողներից ու հոգնածներից:
ՄԵԹՅՈՒ ՄԱՏԻՆՅԱՆ
Էջանիշներ