ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ


Հարցազրույց Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ

- Պրահայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ հունիսին Սանկտ-Պետերբուրգում նրանց հերթական հանդիպման ընթացքում ակնկալում են բեկում: Դուք ակնկալիքներ ունե՞ք նրանց հանդիպումից, իրո՞ք բեկում կարող է արձանագրվել:

- Բեկումն ընդհանրապես դրական ելեւէջ է ունենում, երբ պայքարի պրոցեսում, երբ քիչ է մնում զիջես, հանկարծ՝ հաղթող ես դուրս գալիս: Եթե նման իրավիճակ ստեղծվի, եթե նման բեկում լինի, ինքս շատ կուրախանամ: Սակայն մինչ այժմ իմ ունեցած ինֆորմացիան, որ ստացել եմ դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ, այս պահին նման լավատեսություն չի ներշնչում: Ես կարծում եմ, որ այսօր գոյություն ունեցող իրավիճակը եթե այդ ձեւով փաստաթղթի վրա արձանագրվի, ապա հայկական կողմի համար շահեկան չէ: Ես եւ Ժառանգություն կուսակցությունն այն կարծիքին ենք, որ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի՝ ԼՂՀ Սահմանադրությամբ ընդունված տարածքների շրջանակում, եւ բացի այդ, ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային կողմ: Վերջին մի քանի օրերին ես եղել եմ ԼՂՀ-ում, եւ այնտեղ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակ քաղաքացիների հետ շփումների արդյունքում եւս մեկ անգամ եկել եմ այն եզրակացության, որ իրենք էլ են ուզում լինել բանակցային կողմ: Դա միանշանակ է:

- ԼՂՀ պաշտոնյաները, պատգամավորները, բոլորն էլ իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնում, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս է մնացել, որ պետք է ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանին՝ որպես լիիրավ կողմ: Սակայն, որեւէ կտրուկ քայլ ԼՂՀ իշխանությունների կողմից դեռ չի արվել այդ ուղղությամբ: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ նրանք նման կտրուկ պահանջով հանդես չեն եկել:

- Ես կարծում եմ, տակտիկական առումով սխալ եղավ, երբ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ քաղաքացի, եկավ Հայաստան, դարձավ վարչապետ, հետո դարձավ նախագահ: Այդ պահից սկսած արդեն իսկ սկսվեց սխալը, եւ դրանում մեղավոր են եւ Հայաստանի, եւ ԼՂՀ իշխանությունները: ԼՂՀ իշխանությունները որոշակի կարճատեսություն դրսեւորեցին ու թույլատրեցին, որ իրենց քաղաքացին դառնա ՀՀ նախագահ, ներկայացնի Ղարաբաղը: Սա կոպիտ սխալ էր, եւ կարծում եմ՝ Ղարաբաղում այդ սխալը հասկացել են: Հիմա նրանք ցանկանում են, որ ԼՂՀ-ն անպայման ներկայացված լինի բանակցություններին: Իսկ թե ինչո՞ւ կտրուկ քայլերի չեն դիմում, կարծում եմ՝ դա տակտիկական որոշում է: ԼՂՀ-ում բոլորն են ցանկանում, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ լինի: Հիմա մնում է միայն որոշել, թե ո՞րն է հարմար պահը, ե՞րբ է նպաստավոր այդ առումով կտրուկ քայլերի գնալը:

- Իսկ Ձեր կարծիքով, ո՞րն է նպաստավոր, հարմար պահը:

- Նպաստավոր պահը երեկ էր: Այսինքն՝ որքան հնարավոր է՝ մեկ օր շուտ նրանք պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ:

- Հաճախ ածանցվում է հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ հիմնախնդիրը:

- Դրանք չեն կարող չածանցվել: Թեեւ փաստաթղթային առումով արձանագրված չէ այդ դրույթը, ԼՂ հակամարտության լուծումը չի նշվում որպես նախապայման, սակայն դա դեռ չի նշանակում, որ մեկը մյուսի հետ կապ չունի, այսինքն՝ երկու հարցով էլ բանակցությունները զուգահեռ են տեղի ունենում, եւ երկու հարցով էլ մեծ ակտիվություն է նկատվում: Բացի այդ, թուրքական կողմն անընդհատ բանավոր հայտարարում է այդ մասին: Այնպես որ, իմ կարծիքով, ճիշտ չէ, երբ ասում են, թե այս երկու խնդիրներն իրար հետ պայմանավորված չեն:

- Սակայն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ չեն դրվել Հայաստանի առաջ, մինչդեռ թուրքական կողմը, թուրք պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ այս խնդրի լուծումը, սահմանների բացումը կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը մոլորտության մեջ է գցում հասարակությանը:

- Նշեմ, որ տարբերություն կա ձեւակերպումների, բայց ոչ էության մեջ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ ինքը ճիշտ է, փաստաթղթերում չկան նախապայմաններ, ոչ մի փաստաթղթում որեւէ տող չկա այդ նախապայմանի մասին: Սակայն քանի որ բանակցությունները բովանդակային առումով շոշափում են Ղարաբաղի հակամարտության թեման, այս հարցով բանակցողները, միջնորդներն են նույնը, նույնիսկ հանդիպումներ են տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների, Հայաստանի եւ մնացածների հետ, տեսնում ենք, որ այս երկու հարցերը զուգահեռ շոշափվում են իրար հետ, եւ նրանց մեջ արդեն իսկ մեծ կապ կա:

- Մեծ ակտիվություն է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան նախապայմանների թվում նշում է նաեւ Ղարաբաղի խնդրի լուծումը, կարո՞ղ ենք ասել, որ մոտ է նաեւ Ղարաբաղի խնդրի լուծումը՝ անկախ դրա ելքից:

- Մտավախություն ունեմ, որ այդ փաստը հավանական է: Առաջին անգամն է, որ ըստ էության երեք գլոբալ խաղացողների շահերը համընկնում են: Այս առումով ես վտանգ եմ տեսնում, հատկապես, երբ այդ շահերի համընկնումը տեղի է ունենում հենց մեր շահերի հաշվին: Ես կարծում եմ, որ այս անգամ ձեր ասածի հավանականությունը կա. եւ ՌԴ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրում նրանք հակասություններ չունեն: Ու նույնիսկ նշում են, որ սա այն եզակի դեպքն է, երբ նրանց, հատկապես ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կարծիքները, համընկնում են: Այս ամենը հաշվի առնելով, նաեւ նկատի ունենալով, որ Հայաստանում չկա իշխանություն, որը վայելում է հասարակության վստահությունը եւ որը կարող է իսկապես իր վճռական “ոչ”-ը հայտնել, կարծում եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման հավանականությունը մեծ է: Իշխանությունը ոչ միայն նրա համար է, որ միշտ ժպտա ու “այո” ասի արտաքին աշխարհին, այլեւ՝ իշխանություն է, որպեսզի իր պետական, ազգային շահերը պաշտպանելուց իր վճռական “ոչ”-ն ասի: Այս իշխանությունը երկրի ներսում չունի այդ ռեսուրսը՝ արտաքին աշխարհին վճռական “ոչ” ասելու եւ արտաքին աշխարհի ճնշումներին դիմակայելու համար, ուստի ստիպված է գնալու այն քայլերին, որին կթելադրեն:

- Իսկ Ադրբեջանն ունի՞ այն ռեսուրսները՝ իր տեսակետները պնդելու համար: Նավթային գործոնը նրան օգնո՞ւմ է այս հարցում, թե՞ ոչ:

- Ես չէի ասի, որ Ադրբեջանն այդպիսի մեծ օբյեկտ է բանակցություններում: Ինքը նույնպես սուբյեկտ է բանակցություններում: Սակայն ինքն ավելի մեծ սուբյեկտ է բանակցություններում, քան՝ Հայաստանը: Ադրբեջանն ունի նավթային գործոն, եւ բացի այդ, ավելի ճիշտ արտաքին քաղաքականություն է իրականացնում, քան Հայաստանը: Այնպես որ, ես կարծում եմ՝ այս պահի դրությամբ առավել մեծ չափով տուժում են Հայաստանի շահերը:

lragir.am