ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ – Վ պրինցիպե, Լեւոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն վտանգ կա, չէ: Երբ գիշերը զանգեց զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեեւ Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր պո իդեե:
ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե ՙՈչ՚ ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Կոնկրետ այո, թե ոչ:
ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Այո:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:
ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Հնարավոր չէ փորձել ՙՈչ՚ ասել ու սպասել, թե ինչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել ՙԱյո՚:
ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Ոչ մի ինֆորմացիա չունենք: Դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրականացվում է Գոբլի ծրագիրը: Քելբաջարը դրա մեջ չի մտնում: Առաջարկել եմ ձգձգել, բայց չի անցել: Հստակ կարծիք ունեմ ՙՈչ՚:
ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ - Սկզբից էլ ՙՈչ՚-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ նույնը: Եւ կարող եմ հիմնավորել:
ՎԼԱԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ - Եթե ռազմական կազմավորումները չեն երաշխավորում, ապա ես ՙԱյո՚-ի կողմնակից եմ:
ԺԻՐԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆ - Մի մոռացեք, ՙՎարդանանք՚ է եղել, երբ հայերը հավատափոխ են եղել, բայց գործն առաջ է գնացել:
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ - Ես էլ եմ ՙՈչ՚ ասում:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Լյովան (Լ.Մ-Շ.-ն. - Գ.Բ.) քամակը պատար պահում ա: Համաձայն ես, որ դու նստես եւ ՙՈչ՚ ասես:
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն անիմաստ է ամեն ինչ: Ես նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը: Ես այդ վստահությունը չունեմ: Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: ՙԱյո՚ ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: ՙՈչ՚ ասողն էլ: Եւ երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի ՙԱյո՚ են ասել եւ հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի ՙԱյո՚, բայց ոչ ոք ձեզնից չի կարող երաշխիք տալ, որ ՙԱյո՚-ն ՙԱյո՚ է: Այսքանից հետո ասում եմ ՙՈչ՚:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Բայց գտնում ես, որ ճիշտը ՙԱյո՚-ն է:
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Այո:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Իսկ արդյոք դա տղամարդկություն է:
ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ժողովուրդը մեղք է:
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ - ՙՈչ՚ ասողները թող պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա:
ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ:
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Ես ինձ փոքրիկ վինտիկ եմ համարում այս մեծ խաղում: Ոմանց մոտ մանյա վելիչիա կա: Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, եւ ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք ՙԱյո՚ ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի նրանց էլ կխաբենք: ՙԱյո՚-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձեւով այլ հարց է:
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Եթե ՙՈչ՚-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն ՙԱյո՚-ն է, բայց ՙՈչ՚ է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե ՙՈչ՚-ում համոզված լինի:
ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Կարելի է հակառակն էլ անել թող այնպիսի մարդ նստի, որ կարող է ՙԱյո՚ ասել:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Ճիշտ է, պիտի ՙԱյո՚ ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու ՙՈչ՚-ը շարունակի: Կամ էլ Վալերի Ղազարյանը:
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Ով է կողմ, որ հրաժարական տամ:
Քվեարկում են. կողմ 8, դեմ 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ 1:
Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է ԳԽ նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:
ՙՁեւականություններն՚ ավարտելուց հետո այստեղ մնացածների մոտ ընդհանուր բարձր տրամադրություն էր: Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ԳԽ նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե ՙհիմա Կոմիտասն ինչ է անում՚ (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի` գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր կարծես լքված բոլորի կողմից: Թեեւ հետագայում, երբ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երեւան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) եւ վերջինիս հետ նաեւ ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց ՙԳեորգին լավ տղա է, չէ՚:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Էջանիշներ