ԿՈՄԱՆԴՈՍԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ղարաբաղի պատերազմի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, ապրիլի 8-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է Սերժ Սարգսյանի սիրիական “Ալ Վաթան” թերթին տված հարցազրույցին, որում Սերժ Սարգսյանը խոսել էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը ճանաչելու դիմաց տարածքները վերադարձնելու հնարավորության մասին:
“Հասկանում եք, մենք չունենք ազգային գաղափարախոսություն: Ազգային գաղափարախոսությունը դա ազգային գաղափարի հասնելու միջոցներն են, ձեւերը: Իսկ ազգային գաղափարն ամեն ազգ պետք է ունենա, եւ այն հստակ որոշում է զարգացման ճանապարհը, թե ինչ է ուզում մեր ազգը: Եվ մենք, համենայն դեպս չգիտենք ով, իսկ քաղաքական գործիչները որոնք տալիս են ահա նման գնահատականներ, բնականաբար, նրանց տրված է այդ իրավունքը, բայց դա չի կանխոշորում այն, ինչ պետք է լինի եւ ինչ կարող է լինել, հասկանում եք: Կարող է դիվանագիտական, կարող է քաղաքական, բայց այդպիսի իրավունք, այն պետք է պատկանի մեր հասարակությանը: Արյուն է թափվել այդ տարածքներում, մենք կորցրել ենք այդքան մարդ, ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ տարածքները հանձնել, չունենալով անվտանգության երաշխիքներ,”, ասում է գեներալը:
“Ես, ազնվորեն, չեմ հասկանում խոսել այն մասին, որ ահա մենք կտանք, դուք կվերցնեք: Ես դրան շատ կտրուկ եմ վերաբերվում”, ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը նա համարում է քաղաքական, որը չի բխում կոնկրետ իրողություններից:
Նա աբսուրդ է համարում այն, որ տարածքները հանձնվեն, ու պահվի Լաչինի միջանցք, որտեղ ադրբեջանցիները նույնիսկ կարող են քարով խփել մեր մեքենաներին:
Հայաստանի բանակի բարձր մարտունակության մասին ապրիլի 8-ին ակումբում խոսել է Կոմանդոսը` գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով եղել Ղարաբաղի պատերազմի հրամանատարներից մեկը: Նրա խոսքով, հայկական բանակի մարտունակության մասին խոսում են ռուսական, ամերիկյան, թուրքական մամուլում: Համեմատելով Ադրբեջանի բանակի հետ, Արկադի Տեր-Թադեւոսյանը նշում է, որ հայկական բանակը կազմավորել են ռուսական ռազմական դպրոցի հիման վրա, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ “դպրոց” է փոխել:
Խոսելով պատերազմի հավանականության մասին, նա ասել է, որ Հայաստանի հանդեպ հարձակում, այն սահմանով, որով Հայաստանին ճանաչել է միջազգային հանրությունը, բացառվում է, քանի որ դառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը փաստացի ապահովել է իր անվտանգությունն ու դրանով բացառել իր հանդեպ ագրեսիան Թուրքիայից կամ Ադրբեջանից:
“Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ այն տարածքներին, որ ազատագրվել են, ապա դուք լավ գիտեք երեւի Ստանիսլավսկու սիստեմը, որ եթե ինչ որ բան կախված է պատից, այն անպայման կրակելու է: Եթե կուտակվում է Ադրբեջանում այդ քանակի զինամթերք եւ տեխնիկա, եւ այն հայտարարությունները, որ նրան անում են, դա չի խոսում, որ մենք կարող ենք գլխարկը մի կողմ նետենք եւ ասենք` ոչ, ռազմական գործողությունը բացառված է: Ես, որպես զինվորական մարդ, տեսնում եմ, որ ցանկացած տարածքային հարց խաղաղ ճանապարհով շատ հազվադեպ է լուծվում: Լուծվում է շատերի մահվամբ, արյունով”, ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նրա խոսքով, Ղարաբաղում եւ ազատագրված տարածքներում պատերազմը հավանական է:
“Մենք պետք է իրատես լինենք: Եվ հավանականությունը պատերազմի շատ մեծ է եւ էական է: Այժմ խնդիրն է խուսափել ռազմական գործողություններից: Դրա համար էլ այժմ ղարաբաղյան հարցում դրվում է չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման հարց”, ասում է գեներալը: Իսկ կարգավորման առումով նա կարծում է, որ գործընթացը գտնվում է փակուղում, քանի որ երկու անհամատեղելի հասկացություն է դրված` տարածքային ամբողջություն եւ ազգի ինքնորոշում: “Դե դրանք ոչ մի կերպ չեն միաձուլվում: Ես այդ հարցում ազնիվ եւ կարճ ասում եմ, որ գտնվում են փակուղային իրավիճակում”, ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ինչ վերաբերում է պատերազմի դեպքում Հայաստանի գործողություններին, ապա գեներալը համարում է, որ ժամանակը առաջ է գնացել եւ պատերազմն այս դեպքում չի լինի այնպես, ինչպես 16 տարի առաջ էր: Արկադի Թադեւոսյանը խոսում է արդեն 4-րդ, 5-րդ, 6-րդ սերնդի պատերազմի մասին: Նա ասում է, որ պատերազմի հավանականության դեպքում Ադրբեջանն ունի խոցելի երեք տեղ` նավթային խողովակները, որի խոցման դեպքում ներդրողները պարզապես կխեղդեն Ադրբեջանի իշխանությանը, էլեկտրակայանները եւ հիդրոկայանները, ինչպես նաեւ կամուրջները: Արկադի Տեր-Թադեւոսյանը համարում է, որ Հայաստանն ունի այդ թիրախների խոցման համար անհրաժեշտ տեխնիկա: Կոմանդոսը ասում է, որ Ադրբեջանին հենց դա է առաջին հերթին սթափեցնում:
Lragir.am
Էջանիշներ