ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ավագ Ալիեւը դիվանագիտական միջոցներով կանգնեցրեց մեր առաջընթացը, զինադադարի պայմանագիր կնքվեց ժամանակ շահելու նպատակով եւ, ամենակարեւորը, պաշտոնից չհեռացվեց: Մեր հաղթանակած նախագահին պարտվողական համարեցինք, եւ նա ստիպված հեռացավ: Այս ամենի վերջը շուտով կտեսնենք:
Ավագ եւ փոքր Ալիեւները բանակցություններում ժամանակ են շահել եւ շահում, ինչը անգամ մեր հասկանալու դեպքում էլ հնարավոր չէ ետ պտտել:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր՝ Ղարաμաղյան հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում: Այնպես որ, դրությունը շտկելու համար գլխավորը ժամանակը ետ տալն է:
Ադրբեջանի ազգային խնդիրները լուծելու համար Թուրքիան մեր չափանիշներով անսահման, անհատույց օգնություն կտրամադրի, մեր բարեկամ Ռուսաստանը` մեզ սահմանափակ, վճարովի, այն էլ ուշացած:
Փաթեթային լուծման մեր տարբերակը նմանվում է պատանդին ազատելու նախապայմանի, որի համար էլ դժվար է ընդունվում միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունող կառույցները եւ պետությունները պատերազմ չեն հրահրի, բայց սկսելու դեպքում չեն խառնվի մինչեւ հարցի «լուծումը»:
Բոլորի նույն կարծիքին լինելը քիչ է պետության ուժեղության համար՝ անհրաժեշտ է, որ այդ կարծիքը «խելացի» լինի, եթե պարզ է խելացիության իմաստը:
Պարտված ենք այն պահից, երբ սկսեցինք, հաղթող «Ղարաբաղ» կոմիտեին թշնամի ներկայացնել, մազութ լափեցնել, ներքին թշնամիներ հորինել, հաղթական պատերազմի տարիներով հպարտանալու փոխարեն, այն ցուրտ ու մութ անվանել՝ այսինքն, երբ սկսեցինք մեզ պահել որպես բոլշեւիկ-դաշնակցական:
Հետագա հաղթանակների համար մեզ մարշալն է պակասում:
Ղարաբաղյան հարցը միջազգային հանրությանը հասկանալի, ընկալելի կարող է դարձնել ադրբեջանական մամուլի հակահայկական, ռասիստական ուղղվածությունը ցույց տալը, որը մինչեւ հիմա չի արվում:
Երբեւիցե տակտիկական նահանջ կատարե՞լ ենք հետագայում հաղթելու համար:
Հաշվի պետք է առնենք, որ մեր ժողովրդի ակտիվ մասի համարյա ողջ ռեսուրսներն արդեն օգտագործել ենք Ղարաբաղյան շարժման եւ պատերազմի ժամանակ:
Հերթական անգամ ազգային կարեւորագույն` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման պատասխանատվությունը դնում ենք աշխարհի հզորների վրա եւ հերթական անգամ վայնասուն կբարձրացնենք ու կդժգոհենք տիրող անարդարությունից:
Մեր բյուջեի եկամուտները համեմատելի են եվրոպական չափանիշների 20-30 ֆուտբոլիստների արժեքի հետ, որը եւ կարելի է ընդունել որպես մեր պետության հզորության չափանիշ:
Բանակում ծառայելու ձգտումը նրա ուժն է եւ անպարտելիությունը, բանակից փախուստը՝ նրա ծայրահեղ թուլությունը եւ պարտվելու պատրաստակամությունը:
Ստիպողական հավաքագրված բանակի հզորությունը չափվում է գումարային ներդրումներով:
Հաջորդ պատերազմում կհաղթի ավելի դանդաղ փախչող բանակը:
Ցանկացած ազգի, հատկապես պետականություն ունեցող, անվտանգությունը, առաջին հերթին, կախված է իրենից:
Կալանավորին հատկացված գումարից պակաս ստացող ուսուցչի դաստիարակած բանակը չի կարող հաղթանակել, որը ինքնապաշտպանության բնազդի բացակայության արդյունք է:
Ինչքան պետք է ուղեղ չունենալ, որ, պատերազմի մեջ գտնվելով, հարկերի 90%-ից ավելին գողանալ, բանակն էլ պարտքով պահել եւ գլխավորը` այդ բոլորը հանդուրժել:
Ներկա ներքին քաղաքականության եւ դրա արդյունքում ստեղծված վիճակում անիմաստ է դառնում ցանկացած արտաքինը:
Չզիջելը թույլ մարդկանց, ինչպես նաեւ չտեսների առանձնահատկությունն է:
Հնարավոր է, որ մեր ազգի ամենալավ գիտակը Աշոտ Բլեյանն է, իսկ մենք գլխի չենք:
Ու՞մ է պետք քո հաղթանակը, եթե պարտվողից վատ պետք է ապրես:
Ցածր մտավոր ունակություններով, այն էլ կասկածելի բարոյականությամբ մարդիկ չեն կարող դառնալ հայրենիքի պաշտպան:
Ռուսաստանը, պահպանելով Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կիսաանկախ կարգավիճակը, մեծագույն ծառայություն է մատուցում Ղարաբաղի հարցի հայանպաստ միջազգային կարծիք ստեղծելու համար, որից մենք չենք կարողանում օգտվել:
Հույսը պետք է դնել ոչ թե հակառակորդի թուլության, այլ սեփական ուժի վրա:
Գուցե Նախիջեւանի, որպես ավելի բարձր պետականության կարգավիճակ ունեցողի, առաջնահերթ հայաթափումը ադրբեջանցիների խորաթափանցության արդյու՞նքն է:
Մտքներովս չի էլ անցնում, որ հնարավոր է հակառակ պատկերը՝ ադրբեջանցիները կարող են գրավել Մեղրին որպես «ազատագրված» Նախիջեւանի անվտանգությունը ապահովող տարածք:
Խոսքը ոչ թե մեր կողմից ազատագրված տարածքները հանձնելու ցանկության մասին է, այլ դրանք մեզնից ետ վերցնելու:
Հասել ենք մի վիճակի, որ փխկն էլ է բավարար մեր հարցը լուծելու համար: Ուղղակի Թուրքիան մի քիչ էլ է սպասում, որ էլ ավելի քիչ ջանք թափի այդ «փխկ»-ի համար:
Էջանիշներ