Վերջապե՛ս
Վերջապես այցելեցինք Կողբի Գեղարվեստի Դպրոց։ Դե անկեղծ ասած, դպրոց այցելել էինք դեռևս հունիսի սկզբին։ Իսկ անցած շաբաթ երկու երջանիկ օրեր անցկացրեցին դպրոցի երեխաների հետ Կողբի սարերում (թեև խոսակցություններ են գնում, որ էտ սարերը Նոյեմբերյանի տարածքում են)։
Երկար-բարակ գրել չեմ ուզում (ընկերներիցս մեկից սովորում եմ զուսպ լինել արտահայտվելուս մեջ)։ Նշեմ իմ համար ամենակարևոր բաները։ (սարերի մասին տպավորություններս մի ուրիշ անգամ մի ուրիշ թեմայում, իսկ այստեղ՝ պարզապես տպավորություններս Կողբի Գեղարվեստի Դպրոցից)։
Դպրոցի հիմնադրի և երեք հիմնական ուսուցիչների միակ մղիչ ուժը սերն ու նվիրվածությունն է դեպի արվեստը և բնությունը։ Այսօր այնքան հազվագյուտ են նման նվիրված ու անձնուրաց մարդիկ.... Առանց ավելորդ մանրամասների ասեմ, որ իրենք բախվում են այնպիսի լուրջ խնդիրների, որ իրանց իրավիճակում նման խնդիրների բախվելիս, իրոք շատ մեծ կամքի ուժ է պետք շարունակելու նման աշխատանքը....
Թեև դպրոցում ուսուցանվում են նկարչության կանոններ և սկզբունքներ, սակայն Կողբի Գեղարվեստի Դպրոցը աչքի է ընկնում ազատությամբ և անկաշկանդ լինելով։ Այնքան հաճելի էր տեսնել, որ թեև պլեները շատ լավ կազմակերպված էր և բոլորը հետևում էին օրակարգին և կար լավ դիսցիպլինա, սակայն միևնույն ժամանակ բոլորը ազատ էին ու անկաշկանդ։ Սակայն կարևորը միայն ֆիզիկական ազատությունը չէ, այլ մտային ազատությունը՝ ստեղծագործական ազատություն, որը ինչպես ես հասկացա այս դպրոցի ամենակարևոր սկզբունքն է։
Չկար «զապադլո» գործ։ Բոլորը պատրաստ էին անել թեկուզ «չհարգված» գործ մյուսների համար։ Էնքան զարմանալի էր, որ հայ բավականին ճարպիկ ու կյանքից հասկացող տղաները ամոթ չէին համարում աղջկա ասածը անել ուրիշների ներկայությամբ և կատարել աշխատանքներ, որոնք ուրիշ տեղ հաստատ կռվի պատճառ կդառնար, թե ով պիտի անի։
Կողբի Գեղարվեստի Դպրոցի նշանաբանն է. «Լինել ազատ ինչպես բնությունը, մաքուր, ազնիվ, խոր ինչպես բնությունը...»։ Ցավոք ժամանակը չհերիքեց, որ շատերի հետ շփվեի, բայց հաստատ կարող եմ ասել, որ երկու ընկերներս՝ Արուսն ու Աննան և ինձ անչափ հոգեհարազատ ու մտերիմ Սաթը, հենց այս սկզբունքով են ապրում։ Էս սկզբունքը իրենց կյանքն է, իրենց ապրելակերպը։ Իմ միակ երազանքն ու մաղթանքն է, որ իրենք շարունակեն մաքուր պահել իրենց արվեստը ու չդավաճանեն իրենց միտքը, իրենց զգացածը, իրենց սկզբունքները՝ մարդկանց ավելի շատ դուր գալու համար։ Քննադատներ ինչքան ասես կան և ես ուրախ եմ, որ քննադատությունը նորմալ ու լավ են ընդունում։ Բայց շատ կարևոր է թույլ չտալ, որ քննադատությունը ոչնչացնի քո «ես»-ը։ Վերջիվերջո ցանկացած քննադատություն կամ տպավորություն մարդու կամ մի խումբ մարդկանց կարծիք է։ Իսկ կարծիքը մնում է կարծիք, ճիշտ ինչպես հիմա իմ այս գրառումը, որը արտահայտում է մի խումբ մարդկանց կարծիք, սակայն կարող են լինել նաև նրանք ովքեր չեն համաձայնվի։ Այնպես որ թող կարծիքը՝ դրական կամ բացասական, երբեք ձեզ համար չունենա այնքան կշիռ, որքան որ այն պետք է ունենա։ Իսկ դուք շարունակեք մնալ «Ազատ ինչպես բնությունը, մաքուր, ազնիվ, խոր ինչպես բնությունը...» էրեխեք ջան։
ՀԳ՝ Կինս ու երկու ընկերներս պարզապես հիացած են դպրոցով և պլեներով։ Արդեն երկրորդ օրն է, որ երախտագիտական ՍՄՍ-ներ եմ ստանում ընկերներիցս, որոնք երախտապարտ են նման տպավորությունների համար
ՀՀԳ՝ անհամբեր սպասում եմ այս պլեների ընթացքում Երեքնուկի և ԿԳԴ-ի ստեղծած նկարներին։ Ավելի ճիշտ ոչ թե սպասում եմ, այլ պահանջում
ՀՀՀԳ՝ փաստորեն լավ էլ երկար ստացվեց գրառումս
Իսկ սրանք մի քանի նկարներ Դպրոցից և պլեներից։
Դպրոցը բաղկացած է ընդամենը մեկ սենյակից։ Ահա այդ սենյակի լեգենդար դուռը![]()
Իսկ սա ԿԳԴ-ի կայքից գողացված նկար։ Ահա և դպրոցը։
Իսկ սա դպրոցի նոր շենքն է շինարարության ընթացքում հունիս ամսին։ Բայց հիմա արդեն բավականին գործ է արված։
Իսկ սա պլեներ սիմպոզիումի վայրն է
Դպրոցը վրաններում....
Իսկ սրանք մի քանի կադրեր հրաշք բնությունից, որը ոգեշնչում է մեր ԿԳԴ-ցիներին
Իսկ այստեղ ԿԳԴ-ցիները փորձում են պատկերացնել թե ինչ ահավոր է լինելու առանց մեզ ու ողբում են մեր վերադարձը
Իսկ սա շատ տխուր նկար է։ Երևան վերադառնալիս հենց սարից իջանք տակի մասից թաքուն նկարեցինք մեր տունը դարձած Դբի Գլուխը(ուշադրություն դարձրեք, որ չեմ ասում «այս երկու օրերին մեր տունը դարձած», այլ պարզապես՝ «մեր տունը դարձած....»)
![]()
Էջանիշներ