Ուրիշների գրածները այդքան քննադատելուց հետո որոշեցի ձեր դատին հանձնել իմ ստեղծագործություններից նույնպես, որ արդարացի լինի
Պատրաստ եմ կարդալ ցանկացած առողջ եւ պատճառաբանված քննադատություն
Իմ հետեվում գտնվող պատին նայում էր այնպես, որ վախեցա շուռ գալ, մտածելով, որ կտեսնեմ պատից այն կողմ գտնվող, մեկ ճյուղ ունեցող կիսաչոր ծառը: Իմ միջով էր նայում եվ երեւի տեսնում էր ծառի հետեւում գտնվող անհասկանալի պատճառներով մամռոտած քարը: Գիտակցությանս մեջ ծնված համոզմունքը, որ նայելով ուղիղ աչքերիս մեջ, ինձ չի տեսնում, օձի պես սողալով ու գալարվելով խցկվում էր ենթագիտակցությանս անսպառ տարածքը, որպեսզի այնտեղ, չլինելով իր տեղում եվ թվալով չափից դուրս ճշմարտանման, մարմինս սարսռեցնող իր սողքը շարունակի դեպի անգիտակցականը:
Ավելի շատ զգալով, քան տեսնելով նրա հայացքում հազիվ նկատելի փոփոխություն՝ հասկացա, որ ժպտում եմ եվ կատարում եմ սույն դեմքամկանային ձգման գործողությունը բավականին հիմար ձեվով, որն էլ, հավանաբար, շեղեց նրա ուշադրությունը մամռոտած քարի հետեվում գտնվող կոտրած շշերի կույտից: Ինքն էլ ժպտաց, բայց իմ մեջ ամենաչնչին կասկած անգամ չառաջացավ, որ իմ ժպիտի պատասխանն էր դա: Այս գիշեր էլ տեսնեի երեկ գիշերվա երազը: Լավ կլիներ: Լավ կլինե՞ր: Լա՛վ կլիներ: Տխմար:
- Ընդամենը 2 տարի հետո մարդիկ սեվ ու սպիտակ են լինելու, ոնց որ «Փլեզանթվիլում»:
Մասնագիտությանս բերումով ստիպված եմ շատ, շատ-շատ բաների տեղյակ եվ նույնիսկ իրազեկ լինել: Այդ թվում եվ տեղական ու ոչ տեղական արտադրության ֆիլմերի, տեսահոլովակների, մուլտֆիլմերի: Լինեն դրանք հետաքրքիր կամ ոչ այնքան: Որպես կանոն՝ ոչ այնքան: Ցավալի է, բայց փաստ: Ցավալի փաստ հանդիսացող իրազեկությանս պատճառով վերը նշված տեղանունը ինձ ծանոթ էր:
- Ֆիլմը դուրդ եկե՞լ է:
- Ի՞նչ ֆիլմ:
- Նոր, ասացիր. «Փլեզանթվիլը»:
Աչքերում անկեղծ ցավ հայտնվեց: Ինձ համար:
- Դուք էլ չեք հավատում: Հետաքրքիր է, ինչու չեմ զարմանում: Երկու տարի առաջ, երբ Ձեր նման մեկին ասացի Նյու-Յորքի մասին, հիմար ժպիտով ժպտաց ու ասաց, որ «Անկախության օրը» իր սիրած ֆիլմն է: Ինչպե՞ս կարելի է այդքան բութ լինել: Խոսքը Ձեր մասին չէ:
Հայացքում այնքան աղաղակող ծաղր կար, որ անկախ ինձանից անցա իմ ամենասիրած զբաղմունքին՝ ինքս ինձ խղճալուն:
Երբ քարտուղարուհիս ներս մտավ, ինչպես միշտ առանց թակոցի (նա, լինելով թունդ կոմունիստ, դռան ցանկացած նյութից պատրաստած սուբստանցի ձեռքի մկանների կծկումով ցանկացած ձեվով կատարվող թմբկահարումը համարում էր բուրժուական վերապրուկների քստմնելի սովորույթներից ամենաեղկելին), ես, ինչպես միշտ, չնայեցի նրա դեմքին: Երկու ձեռքն էլ զբաղված էին մատուցարանով (դուռը երեվի էլի ոտքով բացեց), որի վրա դրված էին թունդ, կրկնակի սուրճի երկու գավաթ եվ «Ոստրեներ գազազած-գազազած Արեվմուտքից» ֆիրմայի իմ սիրած վաֆլիների մի անհարթ բլրակ: Նույնիսկ փակվող դռան հոխորտուն շրխկոցը չստիպեց, որ հայացքս հեռացնեմ սուրճի երկրորդ գավաթից, որի վրայի նկարը ինձ էր նայում պինգվինափորիկ հարեվանի ութտեղանի ջիպի մգացրած ապակին իր իսկ գլխաչափ քարով ջարդուփշուր արած, աղքատությունից «դավադիտ» եղած լակոտի հուսահատ նագլիությամբ:
- Ես դա կխմեմ, մի անհանգստացեք: Այդ կինը իր 7 տարեկան աղջկան ամեն օր մի քանի անգամ սրանից ավելի թունդ սուրճ է խմացնում: Դրանից նա թուլանում է ու էլ խաղալիք ուզելու ուժ չի ունենում:
Նա նայեց ինձ ջիպի տիրոջ հայացքով, ու ես առաջին անգամ լսեցի նրա ծիծաղը:
- Հավատացի՞ք: Ուրեմն սրան էլ կհավատաք: Հիմա Ձեր քարտուղարուհին իր ընդունարանում նստած նամակ բացելու դանակով իր երակներն է կտրտում, որովհետեվ իր աղջկանից ավելի շատ է ուզում նրա համար խաղալիք առնել: Նրա ամուսինը երեկոյան չոքում է դռան տակ եվ սպասում է կնոջ տուն գալուն, որ իր իմացած բավականին հարուստ ծեծելաձեվերից մեկով նրա մոտից վերցնի այդ օրվա աշխատած ամբողջ օրավարձը՝ թողնելով միայն իր հաջորդ օրվա լափելու հացի փողը: Մի օր նա՝ ձեր քարտուղարուհին, ասաց, որ ահավոր անփույթ է եվ երկու օրը մի անգամ ընկնում-ջարդում է իրեն: Լավ ձեվ է, բան չունեմ ասելու: Ի՞նչ եք ուզում հարցնել: Որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ: Աղջկանից: Մենք՝ 7 տարեկաններս, իրար ճանաչում ենք:
Նա ինձ էր նայում քարտուղարուհուս՝ իմ վերջին անգամ տեսած հայացքով:
- Նորից հավատացի՞ք: Ձանձրալի է Ձեզ հետ: Նախկին հոգեբույժներս ավելի... Չգիտեմ ինչ էին, բայց ավելի էին:
- Ես հոգեբույժ չեմ, ես...
- Գիտեմ, գիտեմ, նրանք էլ էին նույնը ասում: Կարո՞ղ եք ասել այդ երկուսի տարբերությունը:
- Հոգեբույժը,- լարվածությունից գլուխս սկսեց զրնգալ,- օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
- Իսկ դուք մեզ այդ նույն գժանոցի դուռն եք հասցնում՝ աշխատանքով ապահովելով ձեր եղբայր-կոլեգաներին: Վատ չի: Կարելի է մտածել, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր բոլոր հոգեբաններդ իրար գլխի հավաքված լցվել եք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո լքված անգար ու պայմանագիր էիք կնքել. ասենք՝ «Համամարդկային Խելագարեցման Համաձայնագիր»:
Անզոր կատաղությունից նյարդային մղումով ճանկեցի բազկաթոռիս մաշված փայտե կողը՝ իսպառ մոռանալով երեկ այնտեղ հայտնաբերած գրողի տարած ժանգոտ մեխի մասին: Աչքերս բարձրացրի՝ համոզված, որ տեսնելու եմ մատներիցս չռռացող կարմիր հեղուկի գույն ընդունած նրա աչքերը: Դիմացիս աթոռը դատարկ էր: Որ ճիշտն ասեմ, դիմացս ոչ մի գրողի տարած աթոռ էլ չկար: Դրսից լսվեց «սկոռիի» աղեխարշ վայնասունը: Պատուհանից տեսածս անվավոր մահճակալի վրա պառկած, անըմբռնելի պատահականությամբ կյանք պարգեվող կարմիր հեղուկով տեղ-տեղ պատված, նույնիսկ երկրորդ հարկից իմ խղճուկ տեսողությանն ընկալելի կտրտած երակներով այլանդակված քարտուղարուհուս մարմինն էր:
Էջանիշներ