ՔՆԱԾԸ
Լիլիթին իր բացառիկ դանդաղկոտության ու հաճախակի «անջատվելու» սովորության պատճառով շատերը «քնած» էին անվանում։ Որևէ բանով զբաղվելիս հաճախ էր անջատվում կամ, ինչպես մեծ քույրն էր սիրում ասել, «չըխկ էր լինում» ու վերացած հայացքը հառած մի կետի՝ ժամերով այդպես մնում...
Լիլիթը նիհարիկ էր, առատ ու երկար մազերով, խոշոր աչքերով, որոնց սևեռուն ու մտահոգ հայացքը շատերին զարմացնում էր, ապա ստիպում ակամա լրջանալ։ Նրա արտաքինն ուրիշ ոչնչով չէր առանձնանում. առաջին հայացքից նկատելի էին հենց աչքերն ու մազերը։
Տանը բոլորն արդեն սովոր էին նրա նմանատիպ «անջատումներին» և պետք եղած դեպքում պարզապես «միացնում էին»՝ ուսին թփթփացնելով կամ մի քանի անգամ անունը տալով, որից նա սկզբում սարսափահար վեր էր թռչում, ապա սթափվելով՝ փորձում հասկանալ, թե հատկապես ինչի համար են իրեն «միացրել»։
Լիլիթին բակում չէին սիրում, և դա փոխադարձ էր։ Բայց ծնողները ժամանակ առ ժամանակ ուղարկում էին նրան այնտեղ։ «Թող մի քիչ շփվի երեխաների հետ, գուցե մի քիչ աշխուժանա ու նրանցից մի քիչ ճարպկություն սովորի»,– ասում էին։ Իսկ Լիլիթը միշտ դժկամությամբ էր իջնում բակ, ճիշտ այնպես, ինչպես ծույլիկ աշակերտը դպրոց կգնար։ Ու ամեն անգամ ծույլիկ աշակերտի երկուսների փոխարեն վիրավորանքներ շալակած՝ տուն էր գալիս։ Բակում շատ էին շահագործում՝ օգտվելով խիստ անհարմար պահերի նրան այցելող «անջատումներից»։
– Բակում նա հասակակից չունի,– փորձում էր բացատրություն գտնել հայրը,– ստիպված իրենից մի քանի տարով մեծերի հետ է շփվում, դրա համար էլ չի կարողանում կարգին ընկերանալ հետները։
– Էհ...,– հառաչում էր մայրը,– մանկապարտեզում էլ հո բոլորն իր հասակակիցներն էին...
Մանկապարտեզն էլ մի առանձին պատմություն էր...
Երկու տարի առաջ, երբ Լիլիթի երեք տարին հազիվ էր լրացել, որոշեցին նրան մանկապարտեզ տանել։ Տանը նախօրոք ծնողների կողմից խնամքով ծրագրված նախապատրաստական աշխատանք կատարվեց՝ մանկապարտեզային դրվածքներին ծանոթացնելու համար։ Աղջնակին ամենայն խանդավառությամբ ներկայացրին, թե ինչ հետաքրքիր ժամանց է նրան այնտեղ սպասում իր տարիքի բալիկների ու հոգատար դաստիարակների հետ։ Վերջիններս, ի դեպ, նկարագրվեցին իբրև մանկապարտեզային ժամերին մայրիկներին փոխարինողներ... Լիլիթն էլ մտքում անկեղծորեն զարմացավ, որ մայրիկն էլ կարող է փոխարինող ունենալ, քանի որ մինչ այդ, համենայնդեպս, իր մայրիկին ոչ ոք չէր փոխարինել...
Մանկապարտեզի հեռանկարը Լիլիթին բավական ուրախացրել էր, քանի որ մինչ այդ շփվում էր հիմնականում հարևանի՝ երես առած փոքրիկների հետ, որոնք միայն խաղալիքներն այս ու այն կողմ շպրտոտել ու ճղճղալ գիտեին։ Դե արի ու այդպիսիներիների հետ ընկերություն արա։ Զարմանալի չէր, որ իր հասակակիցների հետ շփումը Լիլիթի վաղեմի երազանքն էր։
Եվ այսպես, առավոտ շուտ մայրիկը Լիլիթին հագցրեց դեղին ծաղիկներով կարմիր սիրուն շրջազգեստը և տարավ մանկապարտեզ։ Այս պատկառելի հաստատությունը, չնայած բազմաթիվ երեխաների առկայությանը, հենց սկզբից մի տեսակ միայնակության, վախի ու ճնշվածության զգացողություն ներշնչեց աղջնակին։ Այդպես լինում էր մեկ էլ այն դեպքերում, երբ մայրիկն ու հայրիկը նրան թողնում էին հարևանի տանը և մի քանի ժամով տեղ գնում։ Այդ ժամերը նրան միշտ հավերժություն էին թվում, և ամեն անգամ, դեռ մի ժամ էլ չանցած՝ նրան սկսում էր թվալ, թե ծնողներին ինչ–որ վատ բան է պատահել, որ նրանք այլևս չեն գա իր հետևից, իսկ ինքն այդպես էլ կմնա հարևանի տանը և կդառնա հարևանի աղջիկը... Ու հուսահատությունից սկսում էր լաց լինել, մինչև որ ծնողները գալիս էի, և մղձավանջն ավարտվում էր։
Բայց վերադառնանք մանկապարտեզ...
Տեսնելով դեպի իրենց շարժվող դաստիարակչուհու ոսկեատամ չարագուշակ ժպիտը՝ Լիլիթն անմիջապես զգաց, որ այդ կինն ու ինքը, մեղմ ասած, իրար չեն սիրելու։ Երեխաներից ոմանք, որ մինչ այդ աղմկոտ խաղում էին ու իրար քաշքշում, մի պահ աչքները պլշեցին Լիլիթի վրա, հեռվից հայացքներով չափչփեցին ու, ըստ երևույթին, իրենց կարողություններին ու չափանիշներին համապատասխան գնահատեցին նորեկին։ Առանց այդ էլ ճնշված Լիլիթը դրանից ավելի կաշկանդվեց՝ ավելի խորը համակվելով միայնակության զգացողությամբ։ Աղջիկն ավելի ամուր սեղմեց մայրիկի ձեռքը և վճռեց ոչ մի դեպքում բաց չթողնել։ Մինչ մայրիկը զրուցում էր անդադար ժպտացող դաստիարակչուհու հետ, Լիլիթը հոնքերի տակից մերթընդմերթ խեթ–խեթ նայում էր վեր՝ իր ապագա դաստիարակչուհու անդուր դեմքին, ու գնալով ավելի մռայլվում։
Իսկ երբ եկավ բաժանման պահը, աղջիկը մյուս ձեռքով բռնեց մայրիկի փեշից ու դեմքն աղերսագին դեպի վեր ձգելով՝ լացակումած շշնջաց. «Գնանք տու՜ն»։
Մայրիկը սկսեց արագ–արագ հորդորել դստերը, որ այստեղ նրա համար շատ լավ է լինելու, բայց Լիլիթն, արդեն արցունքներին ազատություն տված, համառորեն կառչել էր մայրիկից ու պոկ չէր գալիս։ Դաստիարակչուհին նրան մի կերպ պոկեց մոր փեշից ու ներս տարավ՝ խոստանալով, որ նրան մի շատ լավ բան է տալու։ Քիչ հետո ընկեր Համեստը (դա էր դաստիարակչուհու անունը) ինչ–որ հնոտ պահարան բացեց ու այնտեղից մի կոնֆետ հանելով՝ մեկնեց Լիլիթին։ Երեխաները քչփչացին։ Իսկ Լիլիթը, թեև կոնֆետ շատ էր սիրում, այս անգամ այնքան էլ չմխիթարվեց դրանով։ Այնուամենայնիվ, լացի նոպան արդեն անցել էր։ Կոնֆետը դրեց աթոռին, որպեսզի աչքերը սրբի, երբ հանկարծ ինչ–որ մեկը հետևից ուժգին ձգեց մազերից։ Մինչ Լիլիթը շուռ կգար՝ տեսնելու, թե ով էր չարաճճին, մեկ ուրիշն արդեն թռցրել էր կոնֆետը... Փոքրիկ գողին այդպես էլ չբացահայտեցին։ Դա մանկապարտեզում նրա առաջին լուրջ բախումն էր անարդարության հետ...
Այստեղ բոլորն իրար հետ գզվռտվում էին, իրար խփում, հաճախ իրար վատ–վատ բառեր էին ասում, որոնցից շատերը Լիլիթը մինչ այդ երբեք չէր էլ լսել, ու որոնց իմաստը կարող էր միայն կռահել։ Բայց Լիլիթի համար ամենազարմանալին այն էր, որ այդ երեխաներից ոչ մեկը չէր զգում, որ ինքը վատ բան է անում, մինչև որ ընկեր Համեստը ներս էր մտնում ու պատժում նրանց, այսինքն՝ նա էլ իր հերթին անում էր այն, ինչի համար որ երեխաներին էր պատժում. խփում էր նրանց իր փայտիկով ու վատ–վատ բառեր ասում... Իր գավազան–փայտիկն ընկեր Համեստը գործի էր դնում նաև ամենաչնչին զանցանքների դեպքում. ասենք, ինչ–որ մեկը պատահմամբ անցել էր գորգի սահմանը, այն գորգի, որի վրա նոր ու սիրուն խաղալիքներ էին դրված, որոնք, սակայն, անհայտ պատճառներով անձեռնմխելի էին։ Այդ պահերին Լիլիթն ակամա մտածում էր. հետաքրքիր է, իսկ չկա՞ մեկը, ով ընկեր Համեստին կպատժի իրեն վատ պահելու համար, և անկեղծորեն զարմանում ու տխրում էր՝ տեսնելով, որ, փաստորեն, չկա...


Մեջբերել



մի անգամ ասել եմ, էլի եմ ասում, ահավոր լավնա
հիշեցի մանկապարտեզս, որ եղբայրս միշտ բացկայում էր, մամայի-պապայի հետ գնում էր իրենց աշխատավայր, իսկ ես մնում էի մենակ
- Թե չէ կհասկանար, որ համենայն դեպս հայրիկի համար իր մայրիկին երբեմն փոխարինող գտնվում է...
թե չէ փիս-փիս բաներ կասեմ 
Էջանիշներ