1700 տարվա մեջ 130 եւ ավելի կաթողիկոսներ երբեւէ չմտաբերեցին, որ Մարիամ Աստվածածնի մոր անունը Աննա է եւ Մեծ Հայքի տարածքում տասնյակ հազարավոր եկեղեցիներից ոչ մեկը չանվանեցին Սուրբ Աննա: Այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով, քրիստոնեության ընդունումից հետո Մեծ Հայքի տարածքում երբեւէ Սուրբ Աննա անունով ոչ մի գավառում, գյուղում եկեղեցի, մատուռ, վանք չի եղել: Իսկ թե ինչու չի եղել, Սամվել Կարապետյանն ասաց, որ դա հարգված եւ ընդունված սուրբ չի եղել:
«Ճիշտ է` մենք օտար սրբեր շատ ենք հարգել, պատվել, բայց մինչեւ Սուրբ Աննա չենք հասել: Որքան ազգն այլասերվեց, այնքան օտար երեւույթներ ու անուններ մտան մեր իրականություն, ինչպես օրինակ Սուրբ Նիկողայոսը»,- ասաց Սամվել Կարապետյանը` հավելելով, որ 20-րդ դարում օտար ափերում ունեցել ենք մի քանի Սուրբ Աննա եկեղեցին, որոնք օտար ազդեցության արդյունք են:
Սամվել Կարապետյանի փոխանցմամբ`Հայաստանում մեկ Սուրբ Աննա ունենք, որը գտնվում է Վայքում, այն կառուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ իր մոր եւ աղջկա անվան պատվին` օծել Սուրբ Աննա:
«Հիմա էլ Կաթողիկե եկեղեցին են ուզում Սուրբ Աննա կոչեն: Սա էլ, մեր չար բախտից, հովանավորի կնոջ անունն է: Իհարկե կաթողիկոսն ասաց, որ դա Մարիամ Աստվածածնի մոր անունն է»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Էջանիշներ