Հոդված 18. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելելու հիմքերը եւ կարգը
1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե դրա վարորդը`
ա) տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունի, հավասարապես նաեւ տրանսպորտային միջոցը վարել է կեղծ կամ փոխված գրանցման համարանիշերով կամ առանց գրանցման համարանիշերի, գրանցման վկայագրի, վարորդական վկայականի կամ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի (լիազորագիր, ուղեգիր, երթուղային թերթիկ, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն եւ այլն).
գ) զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից:
2. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`
ա) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ.
բ) տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված ժամկետում պետական տեխնիկական զննություն չի անցել.
գ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է, չեն գործում արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, լապտերները եւ հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրեւի կամ ձյունաթափի ժամանակ), անսարք է կցման հարմարանքը (ավտոգնացքի կազմում), տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը սահմանված նորմերից պակաս է.
դ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար կամ դրա մասնակիցն է.
ե) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում գրանցված, ինչպես նաեւ ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը:
3. Սույն հոդվածի առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ, արձանագրել խախտումը եւ իր իրավասության սահմաններում տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք` դնել արգելանքի տակ:
4. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում`
ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները,ապա ոստիկանությունը անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները կամ վերացնելով արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները` տրանսպորտային միջոցը չի հանում պահպանվող հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցը տնօրինողից հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ(հաշվին):
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգը սույն հոդվածի երկրորդ մասի «դ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցը արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի տնօրինողին ծանուցելուց 5 օր հետո:
6.
Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ հանել տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշերը: Հանված համարանիշերը վերադարձվում են պետական տեխնիկական զննությունն անցնելուց կամ արձանագրված անսարքությունները վերացնելուց անմիջապես հետո:
7. Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» եւ «գ» կետերում նշված՝ տեխնիկական զննություն չանցած եւ անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցների համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ՝ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ երկրորդ մասի «գ» կետում նշված մյուս դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
8. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող, կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցների հետագա շահագործումն արգելվում է` դրանք պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու միջոցով, եթե վարորդը տեղում չէ:
9. Վարորդի ոչ սթափ վիճակը որոշվում է սույն օրենքով եւ առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
Էջանիշներ