ԿոլետԲնապատկերը
Մեռնել ցանկացող նկարիչը ինքնասպանությունից առաջ մի քանի տող գրելու համար հանկարծաբուխ և միաժամանակ թատերական շարժում արեց։ Նա մոտ քաշեց վատմանի մի մեծ թերթ, վերցրեց մատիտը, հետո գրելու պահին միտքը փոխեց. «Մի քանի տո՞ղ։ Ու՞մ համար։ Դռնապանուհին գիտի, որ ես մենակ եմ ապրում, ընտանիք չունեմ, որ սիրուհիս լքել է ինձ… Նրա՛ն թողնենք այս անկարևոր դեպքը մեկ անգամ ոստիկանին, քսան անգամ հարևաններին պատմելու հաճույքը։ Կտավնե՞րս։ Թող վաճառե՛ն։ Հաճույքով կայրեի, ափսո՜ս շատ հոգնեցուցիչ է։ Նաև այս լավ եղանակին վառվող յուղի և կանեփի հոտը… Թու՛հ, երկրային վերջին հուշս գարշահարո՞ւյց լինի։ Չե՛մ ուզում»։
Այնուամենայնիվ, նա տատանվում էր` տանջվելով երեխայական խանդավառությունից, ինչ-որ սնափառությունից ու տպավորիչ պարկեշտությունից. ցանկանում էր իր հետևից թողնել իր երբեմնի ներկայության հետքերը, նշել իր անէացման ժամը. ձգտում, որն ի վերջո համարժեք էր դավաճանված սիրեկանի իր թշվառ կյանքը պատմելու տենչին։ Նա նետեց մատիտը։
«Կկարծեն, թե մահվանիցս հետո կարեկցանք եմ փնտրում։ Մահացի՜ր անխոս։ Դժվա՞ր է, ինչ է, պարզապես մեռնելը»:
Նկարիչը ճանկեց ատրճանակը, լիցքավորեց, աջ ձեռքով բնազդաբար փնտրեց իր մեծ բազկաթոռի արմնկակալը։ Առջևում նկարակալին ամրացված մաքուր կտավից նրա դեմքին էր արտացոլվում գարնանային ցերեկվա դեղին, մեղմ լույսը։ Նա զենքը դրեց սեղանիկին, հանդարտ վեր կացավ։
«Այո… Կարող եմ և նկարել։ Գրեթե պարտավոր եմ։ Ներսումս տեսնում եմ այդ բնանկարը, որ ասես իմ կյանքը լինի, որ ասես հիմնավորում է իմ մահը…»։
Նա սկսեց նկարել` արագ, իրեն խորթ եռանդով ու անկաշկանդ վրձնահարվածներով։ Նա կանգ էր առնում` սոսկ որպեսզի հոգու խորքում սքանչանար իր բնորդով` իր նորելուկ, խառնաշփոթ ցավից կերտված բնապատկերով, որը մերթ պարզ էր, մերթ ծածկված ամպերով, որոնք սահում էին` կտավին լոկ կուրացուցիչ հստակություն և մի քիչ պայմանական, խորհրդապաշտական երանգ հաղորդելու համար։
Նա նկարեց մի ճահճոտ հարթավայր, մի տեսակ սոլոնյան տափաստան, որտեղ սևականաչ եղեգները խուրձ-խուրձ ծլարձակում էին կապարագույն ջրափոսերում։ Առաջին պլանից, ուր մի քանի խեցեձև տերևներ լողում էին նավակների պես, մինչև փետրավոր ամպերի անթափանց շերտով պատված հորիզոնը միայն եղեգնածածկ ճահիճ էր, համատարած թախիծ, հողմից կնճռոտված արտացոլանքը երկնքի, ուր ամպերի ծփանքը առաջ էր սահում զուգահեռ երիզներով։
Առաջին պլանում մենավոր, մերկ մի ծառ ճկվում էր քամու պոռթկումներից այնպես, ինչպես գետի խոտերն են խոնարհվում հոսանքի առաջ։ Հիմնական ճյուղը` կտրված, սակայն կենդանի, բաց կեղևի տակից երևան էր հանում սպիտակ, փշոտ բնափայտը։
Էջանիշներ