Խանդը երկար, մուգ կարմիր աչքեր ունի:
Խանդը միշտ սրա-նրա հին, մաշված շորերն է հագնում:
Նրան ոչ մի հագուստ չի սազում:
Խանդը ծխում է հաճախ ու ինչ պատահի..
Խանդը նիհար է, աչքերը` դուրս ցցված, կոպերը` կարմիր:
Խանդն անհանգիստ է, շարժումները ջղային են, ձայնը թրթռում է, բառերը երկիմաստ են:
Խանդը հևալով է խոսում: Նա ինչ-որ հիվանդություն ունի, որը բոլորից թաքցնում է:
Խանդը կարող է Կարոտի հետ լինել, բայց երբեք չի խոստովանի դա:
Խանդը հաճախ անտեղի վիճում է ընկերների հետ, բայց նրան միշտ ներում են ու մենակ չեն թողնում:
Երբ Խանդին տեսնում ես հեռվից, նա քեզ լքված ու անօգնական է թվում: Երբ մոտենում է քեզ, դառնում է տ՛հաճ: Երբ փորձում ես վանել քեզնից, նա ավելի կպչուն է դառնում: Երբ ինքդ ես խույս տալիս, հանկարծ հասկանում ես, որ փախուստի մեջ ես: Ի՞նչ է կատարվում: Մտածելու համար ժամանակ ես վերցնում ու զննող հայացքդ ուղղում ես Խանդին:
Առաջին հայացքից խղճում ես նրան, մխիթարում, հետո նա մտնում է քո մեջ, իրեն զգում է տանտիրոջ նման: Հետո բոլորը քեզ են խղճում: Հետո քեզ էլ ոչ ոք չի խղճում: Հետո ինքդ ես քեզ խղճում..
Էջանիշներ