Գևորգի կոնտակների մեջ բոլոր աղջիկները գողեցկուհիներ էին և ես համոզված էի` նա անտարբեր չի կարողանա անցնել Էլիզիկիս կողքով, գոնե պրոֆեսիոնալ հետաքրքրությունից: Գևորգը նկարիչ էր և դիզայներ էր աշխատում ամսագրում, բացի այդ մեր տան վերևի հարկը նրա արհեստանոցն էր և ազատ ժամանակ նկարում էր, իսկ ցանցում իր համար բնորդուհիների, կամ մոդելների էր փնտրում: Ես մտա նրա կայքը և դրական գնահատակններ թողեցի իր նկարներից մեկի վերաբերյալ: Հարվածն անշեղ էր: Մի քանի ժամից արդեն նա էր մտել իմ կայքը և մեկնաբանել էր նկարս` դրա հետ մեկտեղ ողջույններ ուղարկելով: Հետո գրում էր, որ ես հրաշք եմ և ինձնից հոյակապ մոդել կստացվի, հարցնում էր` չեմ ուզում արդյոք տանը յուղաներկով դիմանկարս ունենալ: Ես խուսափողական պատասխաններ էի տալիս, չէ որ գոյություն ունեի միայն ցանցում և չպետք է գործը հասցնեի հանդիպման:
Գևորգը ամուսինս էր: Ես վաղուց էի կասկածում, որ նա տարբեր գեղեցկուհիների ցանցեր է ընկել, բայց որ ցանցի գերի է դարձել` երբեք չէի պատկերացնի: Իր կողմնակի սիրահշյին բոլոր հարաբերություները կառուցում էր ցանցում:
Էլիզան ծնվել էր նպատակադրված: Ընկերներիցս մեկը ցանցի միջոցով ապրանքներ էր վաճառում և խնդրել էր իրեն օգնել գովազդի հարցում: Ուստի` ես, հաշվի առնելով մարքեթինգի բոլոր կանոնները, մի այնպիսի աղջկա փրոֆայլ էի ստեղծել, որի թողած մեկնաբանություններից հետո բոլորը կցանկանային գնել գովազդվող ապրանքը: Այս հարվածն էլ էր անշեղ, գովազդային «արշավը» հաջողությամբ առաջ էր ընթանում:
Էլիզիկիս անունը ընտրել սեփական նախասիրություններով: Վաղուց էի նկատել, որ Էլիզա անունը շատերին է դուր գալիս և սովորաբար ասոցոցվում է հաջողակ և գեղեցիկ աղջիկների հետ: Էլիզիկիս ազգանունը ընտրել էի համապատասխան այն փողոցի, որի վրա գրանցվելու պահին գտնվում էի` Ալավերդյան: Տարիքը` դեռահաս չէր, բայց դախ էլ չէր, իսկը`ինչ պետք է, 22 տարեկան, նկարը… Նկարը Գօօգոն էր տվել, ընդամենը Girl face բառերին ի պատասխան բերել էր մի հրեշտակի դեմք, ոչ շատ աստղային չէր, բայց գրավիչ: Ի տարբերություն ինձ, Էլիզիկս նման էր հայուհու, նույնիսկ գուցե սևամորթի խառնորդ էր: Նկարի տակ կարդացի ինչ-որ անուն, պետք է որ երգչուհի կամ դերասանուհի լիներ նկարի վրայի աղջիկը, բայց ոչ ոք նրան չէր ճանաչում, այնքան բնական էր նկարը, որ ոչ ոքի մոտ միտք էլ չէր առաջանում, որ գուցե նկարը կեղծ է:
Գևորգս բռնվել էր: Ամբողջությամբ ցանցումս էր: Էլիզիկի հետ ծանոթությունը հեշտ անցավ: Հեշտ զրույցի բռնվեցին, թեմաները ինքնիրեն էին բացվում և ես զարմանում էի. ինչքան անասուն է ամուսինս:
Զգում էի, որ իսկապես տարվել է այս աղջկանով և պահը եկավ: Ամուսինս, չիմանալով, որ ես եմ, ինձ հրավիրում է զբոսնելու: Հոյակա'պ էր, հիրավի: Նախագիծս հաջողվել էր: Բայց արդյոք դա էր ուզածս: Այո', այո', դա էր ուզածս, լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, այլևս չէի ցանկանում ստի ու կեղծավորության մեջ ապրել, պետք է իմանայի` պատրաստ է ինձ դավաճանել, թե` ոչ:
Երբ մտերմացանք, որոշեցի, որ ժամանակն է գործելու: Սկզբում զանգահարեցի ամուսնուս և պայմանավորվեցի նրա հետ, որ լանչին միասին գնանք ճաշելու:
Այնուհետև…
- Բարև Գևորգ; Ինչ ես անում այսօր ժամը 1 ին: Ես ազատ եմ, եթե ուզում ես, կարող եմ գալ քո արհեստանոց, և սկսենք նկարը:
- Հա շատ լավ միտք էր, բայց դեռ չգիտեմ, ընկերոջս հետ պայմանաորվել եմ բժշկի մոտ գնալ, եթե համաձայնվի հետաձգել, տեղյակ կպահեմ քեզ, կգաս:
- Գևորգ, մի տեսակ չեմ վստահում քեզ: Կարող է մեկ այլ աղջկա ես սիրում, կամ էլ ընկերուհի ունես:
-Էլիզա ջան, արդեն հարյուր անգամ ասել եմ, ոչ մի ընկերուհի էլ չունեմ, և ոչ ոքի սիրահարված չեմ:
Երկու րոպեից հեռախոսս զանգում է:
- Սիրելի'ս, կներես, բայց անսպասելիորեն գործ առաջացավ: Զանգեցին ամսագրից և ասացին, որ շտապ պետք է գնամ, այս ամսվա համարի ձևավորման հետ խնդիրներ են առաջացել:
Ես արագ համաձայնեցի, և ասացի նրան, որ կգնամ ճաշի ընկերուհիներիս հետ:
Երկու րոպե անց:
- Էլիզա ջան, ժամը քանիսին սպասեմ քեզ արհեստանոցումս:
-Ուղիղ տասնհինգ րոպեից կլինեմ: Բայց ես փոշմանեցի: Ավելի լավ է արի մեկ այլ անգամ հանդիպենք:
Երևի թե արդեն կարիք չկար նկարագրելու զգացմունքներս: Երկու տարի համատեղ կյանքից հետո պարզվում է, որ ամուսին կոչեցյալս տականքի մեկն է: Բոլորս էլ երբեմն խաբում ենք, գուցե ստիպված, գուցե որոշ հանգամանքներից դրդված, մանր-մունր հարցերում: Բայց խաբել այսպես? Սրիկայորեն և առանց ամաչելու, առանց քաշվելու, ծրագրավորված ստել?
Ես կոտրված էի: Այդ օրը համարյա չկարողացա աշխատել, մի քանի բաժակ էսպրեսո խմելուց և խիտ ծխախոտ ծխելուց հետո, զգացի, որ սիրտս թուլանում է: Վերջիվերջո չդիմացա ու կատաղի արցունքների գետը դուրս պրծավ աչքերիցս: Այդպիսի վիրավորանքի երբևէ չէի արժանացել: Այդպիսի նսեմացած վիճակում երբևէ չէի հայտնվել: Մինչև վերջին կաթիլը մի մարդու նվիրվելուց հետո, նրա համար ամեն ուժ ու ջանք ներդնելուց հետո հասկանաս, որ քեզ ուղղակի օգտագործում են:
Երևի լաց ու ողբի ձայներս շատ բարձր էին գալիս կանանց զուգարանից, որովհետև աշխատավայրի ընկերուհիներս հերթով վազելով մտան զուգարան և այնպիսի վայ-վիշ դրեցին, որ ամոթից դադարեցի լացել և պատմեցի նրանց եղելությունը:
Մոտ երկու ժամ 6 հոգով հավաքվել էինք կանանց զուգարանում և բորբոքված քննարկում էինք այն հարցը, թե հիմա ինչպես պետք է պատժեմ այդ տականքին: Կանայք մեկը մյուսից ավելի անհավանական ու անիմաստ խորհուրդ էր տալիս.
- Արի' հավաքվենք բոլորով, սպորտային շորեր հագնենք, սպասենք նրան երեկոյան շքամուտքում, և մի լավ դնգստենք:
- Համաձա'յն եմ, Արև;, բայց դա ինչով պետք է գործին օգնի: Մեկ է` նա տականք է, և Մարիին դրանից ավելի շատ չի սկսի սիրել:
- Եկե'ք, թո'ղ մեզնից մեկը գնա նրա հետ հանդիպման, Արփիշին չի ճանաչում, թող նա էլ հենց գնա, ներկայանա Էլիզա, ու մի լավ սիրտը կոտրի, ինչ կասեք,- աչքերում փայլող կայծերով ու չարաճճի ձայնով առաջարկեց Անահիտը:
Երևի` դա է բոլոր վիրավորված ու նսեմացած կանանց երազանքը. որ մի այլ սատանիկ պատժի իրեն նեղացնողին, կոտրի սիրտը, ինչպես իրենն է կոտրվել, որ անիծված լինի նեղացնողը, որ երբեք իր երջանկությունը չգտնի, և լացակումած հետ վերադառնա:
Բայց դա միայն ֆիլմերում է իրականանում:
Ընկերուհիներիս հետ միասին որոշեցինք /Հասմիկից գաղտնի, նա հավանություն չէր տա/, որ պետք է հաստատ իմանանք… Հակառակ դեպքում, կասկածներով պետք է տանջվեինք: Իսկ գուցե բացի բնորդությունից ավել ոչինչ չլիներ նրանց մեջ.. Գուցե ուղղակի մոդել էր փնտրում ամուսինս, իսկ ես… կատաղեցի անմիջապես… Նրանք ճիշտ էին.կասկածներն ինձ չէին թողնի հանգիստ ապրել:
Աղջիկներից մեկը, Արփինեն, համաձայնեց գնալ Գևորգի հետ հանդիպման: Այն հարցին, թե ինչու նման չէ կայքում տեղադրված նկարին, պետք է մի բան ստեր և հետո գնար հետն արհեստանոց: Արփինեն էլ էր բավականին գեղեցիկ և կասկած չկար, որ կհամաձայներ նրան նկարել: Արագ մտա ցանց և գրեցի Գևորգին` թե համաձայն եմ, կարող ենք հանդիպել: Արփինեն, 5 հոգանոց շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ շենքից: Ես չկրողացա նրանց հետ գնալ, սիրտս չէր դիմանա, եթե նա իրեն անվայել պահեր, մնացի Հասմիկի հետ:
Երբ աղջիկները վերադարձան, Արփինեն տվեց ինձ իրենց խոսակցության ձայնագրությունը, որ հեռախոսի վրա էր արել: Ամեն ինչ պարզ էր` ետ ճանապարհ չի կարող լինել:
Հասմիկը, որ մեր մեջից ամենատարիքովն էր ու ամենախելացին ևս, ինձ խորհուրդ տվեց, որին ես հետևեցի:
Այդ օրը տուն չգնացի: Հասմիկն ինձ իր մոտ ապաստան տվեց, մինչ նոր բնակարան վարձեի:
Հաջորդ օրը, սպասեցի մեր տան շքամուտքում մինչև Գևորգը դուրս գար տանից, ապա արագ բարձրացա, հավաքեցի բոլոր իրերս և հեռացա: Սկզբում ուզում էի նրան գրություն թողնել, կամ մի նամակ, որով բացատրեի, թե ինչու եմ այդպես անում, հետո փոշմանեցի: Նա արժանի չէ բացատրությունների:
Հասմիկն իսկապես խելացի և իմաստուն կին էր: Մենք երկար քննարկում ստեղծված իրավիճակը:
-Մարի, արդյոք դրանից առաջ նրա կողմից սառնություն չէիր զգում? միթե չէիր կասկածում ոչինչ:
- Այո', ճի'շտ ես, Հա'սմիկ, արդեն վաղուց էր մեր մեջ սկսել ամեն ինչ քանդվել, բայց ես հույս էի փայփայում, որ դա ժամանակավոր է, և շուտով ամեն ինչ կհարթվի, երբ ավելի շատ ժամանակ ունենաք իրար հետ անց կացնելու:
- Լավ մտածիր, մի շտապիր, և մի թող, որ ջղայնությունը կառավարի քեզնով:
Սկսած այդ չարաբաստիկ օրվանից ցանց չէի մտնում ընդհանրապես: Ձեռքս չէր գնում սեղմել Օպերայի այքոնը, հոգեբանական խոչընդոտ էր առաջացել մոտս, անհասկանալի զզվանք իմ սիրած կայքերի ինտերֆեյսերի նկատմամբ, կարծես` ինձ նեղացնողները սայթերն էին:
Ընկերուհիներս ինձ ամեն կերպ սիրտ էին տալիս, հետս ժամանակ անց կացնում, զրուցում, չին թողնում, որ մտքերիս մեջ խորասուզվեմ ու էլ ավելի տառապեմ:
Արդեն երեք օր էր, ինչ հեռախոսս անջատել էի և ամուսինս ինձ ոչմի կերպ չէր կարողանում գտնել, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցներին զգուշացրել էի, որ ընդունարանում ինձ հարցնողներին վռնդեն: Նրա հետ բացատրությունները այլևս անիմաստ էին, այդպես էի ասում ընկերուհիներիս, բայց ինքս ինձ չէի կարող ծաբել: Իրականում վախենում էի, որ դեռ սիրում եմ նրան, և եթե սկսի ստել, կամ համոզել, թե դա ուղղակի թեթև հրապուրանք էր և ոչ մի նշանակություն չունի իր համար, գուցե չկարողանամ դիմակայել և ներեմ նրան: Այդ միտքը, սեփական թուլությունս նրա հանդեպ կատաղեցնում էր ինձ:
Հաջորդ կես տարին շփվում էինք միայն նամակների միջոցով: Ավելի ճիշտ` նա էր ինձ նամակներ գրում, ես չէի պատասխանում: Ամեն երեկո սպասում էր ինձ գրասենյակի շքամուտքի մոտ, բայց ես միշտ դուրս էի գալիս հետևի մուտքից, արագ նստում մեքենան և փախնում: Անտանելի էին այդ վեց ամիսները:
Վերջին անգամ նրա հետ բառ փոխանակեցի դատարանում, երբ մեր ամուսնալուծման մասին գործն էր լսվում:
- Դու աննորմալ ես, դու խելագար ես, այդպես չեն վարվում մարդկանց հետ, ինչ եմ արել քեզ, որ նույնիսկ մի բացատրություն էլ չես ուզում տալ?
- Հաջողություն քեզ,- մի կերպ արցունքներս զսպելով արտաբերեցի ու հեռացա:
Անցավ ևս կես տարի: Ես ու Հասմիկը ընկերացել էինք, և ես այդպես էլ դեռ ապրում էի նրա բնակարանում: Ամեն առավոտ վեր էինք կենում, միասին տանում էինք նրա շանը` Կիկիին ման տալու մոտակա այգին, հետո վերադառնում էինք, նախաճաշում էինք, ու գնում գրասենյակ: Ես վերջապես գտել էի հանգստությունս, ապրում էի ինքս ինձ հետ համաձայնության մեջ: Գուցե ես էլ էի այն ժամանակ դիմակ կրում, ինձ ներկայացնում այնպիսին, ինչպիսին ուզում էի լինել: Բայց հիմա հասկացել էի, պետք է ռեալում լինեմ այնպիսին, ինչպիսին ուզում եմ և դա երաշխիք է, որ երջանիկ ու ինքնաբավ կլինեմ:
Այդ ժամանակվանից ես այլևս ցանց չէի մտնում: Այլևս չկար ինձ համար զուգահեռ կյանք կյանքիս, այլևս ոչ մի զգայարանների խաբեություն: Ինչ զգում ես, ինչ տեսնում ես, ինչ լսում ես` բոլորը ռեալ են:
-Բարև ձեզ: Ինչպես եք,- մեզ մոտենալով և բարեհամբույր ժպտալով Հասմիկին դիմեց մի տղամարդ:
Տեսքից կլիներ մոտ երեսուն-երեսունհինգ տարեկան: Դեմքի արտահայտությունը և խորը հայացքը մատնում էին, որ բարի և անկեղծ անձնավորություն է: Երբ հայացքն ուղղեց ինձ, կարծես սուզվեցի նրա աչքերի կապույտի մեջ: Երբեք չէի հավանում կապույտ աչքերով մարդկանց, ինչ-որ կեղծավոր բան էի զգում, բայց ոչ այս անգամ: Մուգ կապույտ, բաց կապույտ, ծով կապույտ, օվկիանոս, օվկիանոսի հատակ, այդքան խորը, այդքան հուզիչ…
Հենց այդ վայրկյանին էլ սիրահարվեցի նրան:
- Մարի, սա իմ լավ բարեկամն է` Ռուբենը, կարծեմ` պատմել եմ նրա մասին: Նա էր, որ մեքենայի տակ ընկած շանը փրկել էր:
- Բաա.. Բարև ձեզ,- հուզմունքս զսպելով պատասխանեցի ես:
- Ինչպես է Լորդը, ուր է, չի երևում:
Ռուբենի կանչի վրա, արևի տակ դելֆինի պես փայլփլելով, դեպի մեզ սլացավ մուգ սև գույնի բելգիական ավչարկան: Ռուբենը մի փայտի կտոր վերցրեց գետնից և նետեց:Շունը վազեց փայտի հետևից, բերեց այն, հետո նորից ինչ-որ հոտ բռնեց ու անհայտացավ թփերում:
-Ինչպես տեսնում եք` հոյակապ: Կարծում եմ մյուս շաբաթ արդեն կվրադարձնեմ նրան տիրոջը, այլևս բժշկի հսկողության տակ գտնվելու կարիք չունի…
Հաջորդ առավոտ Հասմիկը հրաժարվեց ինձ հետ այգի գալ, ինչքան էլ նրան համոզում էի:
Միայն երբ ես ու Կիկին դուրս եկանք շքամուտքից, պատուհանից կանչեց հետևիցս.
- Մարի', մենակ թե այս անգամ ականջիդ օ'ղ արա. ոչ մի ցանցեր ու ոչ մի գայթակղություններ:
Էջանիշներ