Եւ ահա հիմա նրա կյանք մի լույսի շող էր թափանցել: Փայլում էր ու կուրացնում: Կուրացնում էր, որ չտեսնի, թե ինչ խաբկանք է այդ շողը: Այդքան տարիներ սպասելուց հետո, նա սիրահարված էր, կարծում էր, թե վերջապես գտել է այն մարդուն, ում երազել է: Մոռացած աշխարհում ամեն ինչ` բոլոր ուժերով տրվել էր զգացմունքներին:
Արևը նայեց ժամացույցին. տասնմեկին տաս էր պակաս: Պետք է վեր կենար, որ ժամանակին հասներ գրասենյակ: Հագավ արևային ակնոցները (չէր ուզում, որ անցորդները նայեն աչքերի մեջ, չէր ուզում կիսել նրանց հետ երջանկությունը), վերցրեց նստարանից համակարգիչն ու քայլերն ուղղեց դեպի պողոտա:
Ինչպես անե՞լ, ինպե՞ս չքանդել, չփչացնել այս հարաբերությունների նորածիլ սաղմը, որ այնքան փխրուն էր: Մի փոքր ջերմաստիճանի տատանում, մի փոքր լույսի պակաս, մի քիչ ուշացներ ջրելը և այն կսատկեր:
«Ես պետք է ինձ հավաքեմ, ես իրավունք չունեմ ամեն ինչ փչացնելու,- մտորում էր Արևը,- գիտեմ իմ հիմար բնավորությունը: Էլի կսկսեմ ավել-պակաս խոսել ու մի հիմարություն կանեմ: Իրավունք չունե~մ, իրավուն չունե'մ»:
Գրասենյակ մտնելով` բոլորին բարևեց և աչքն ընկավ Անդրեյի դատարկ սեղանին. ու՞ր է:
«Զանգե՞մ, թե` չէ՞: Իսկ եթե մտածի, որ հետապնդում եմ իրեն: Չէ, լավ չի ստացվում, չեմ զանգի»:
«Իսկ եթե չզանգեմ, կկարծի, թե մոռացել եմ իրեն, սառնասիրտ մարդ եմ, մի հատ չեմ էլ հետաքրքրվում, թե ուր է: Գուցե մի բան պատահել է: Չէ, հիմա կզանգեմ»:
Այդպես երկմտելով մոտեցավ հեռախոսին, վերցրեց լսեփողը, հետո դրեց: Հետո նորից վերցրեց, երկու թիվ հավաքեց, ու նորից դրեց տեղը` վիրավոր արջի ձայն հանելով:
«Ե՞րբ եմ ես մեծանալու իմ այս հիմար բնավորությունից, ե՞րբ եմ վստահություն ձեռք բերելու»:
Վերցրեց և արագ հավաքեց համարը:
-Ալլո՞,- եկավ Անդրեյի կոկորդից հազիվ դուրս եկող, խզզացող ձայնը:
-Հիվանդ ե՞ս:
Տասնհինգ րոպեից թակում էր նրա տան դուռը:
-Աստված իմ', այս ի՞նչ օրն ես ընկել, բնակարանդ վերածվել է որջի:
-Մի համբուրի'ր, Արև', կվարակվես:
-Համաձայն եմ, թող վիրուսները ինձ էլ վարակեն, այդ ժամանակ կիմանամ, որ արյանս մեջ քեզնից մի մասին կա,- ուրախ պատասխանեց Արևը:
-Գիտե՞ս, երեկ ես վախեցա քեզ խոստովանել, կարծում էի` չես հավատա ինձ: Բայց պետք է ասեմ: Դու միակ մարդն ես, ում ուզում եմ կողքիս տեսնել միշտ, ամեն վայրկյան: Էլ մի' գնա...
Էջանիշներ