Նվիրվում է Երկնայինին... Ամենանրբազգաց էակին Երկրիս վրա...
Սկզբում, երբ նայում ես նրան, այնքան հարազատ ու սիրելի է թվում...
Հետո լույսը խամրում է: Նայում ես ու չես հասկանում` ինչու ես նայում: Գիտես, որ պետք է սիրելի լինի, հարազատ լինի, քեզ համոզում ես, բայց` մեկ է. անտարբերություն:
Անտարբերությու~ն: Բազմիմաստ բառ: Անտարբերություն հասարակական, անտարբերություն քաղաքական: Միայն սիրելիիդ անտարբերությունն է այնքան վիրավորում, որ ուզում ես կործանիչ դառնալ ու կործանել Երկրագունդը, չէ', Արեգակնային համակարգը, որ հետք անգամ չմնա ձեր նախկին ջերմ հարաբերություններից:
Ուզում ես` մարդիկ, փողոցների քարերը, շենքերի պատերը, ծառերը, երկինքը մոռանան, որ քեզ սիրել է, հետո` սառել: Ուզում ես չզգալ պարտվածություն, դառնություն այն մտքից, որ քեզ մոռացել են:
Ուզում ես մնալ հիշողության մեջ: Գուցե ենթագիտակցական ցանկություն է, մինչև վերջ նույնիսկ դրա խորհուրդը չես ընկալում, բայց ենթագիտակցության մեջ ներթափանցելու մի փոքր նույնիսկ տաղանդ ունեցողն իսկույն կհասկանա. այդ անհիմն ցանկությունը միայն հույս է, որ մի օր, գուցե մի օր, մի հեռավոր օր դեռ կշարունակվի այն, ինչ սիրուց է սկսվել և անտարբերությամբ ավարտվել: Անգիտակից միտք ես փայփայում, որ մի օր, երբ իսպառ մոռացած կլինես նրա մասին և ուրիշ մտքերով տարված անցնելիս կլինես փողոցով, կտեսնի քեզ ու նորից, արդեն թարմացած, հին վերքերն ամոքած սրտով նորից կսիրահարվի: Նորից կտեսնի քո մեջ այն գաղտնիքը, որ ձգտել է բացահայտել: Նորից կլինի առաջին հայացք, առաջին համբույր ու գուցե այս անգամ անտարբերությունն ու ձանձրույթը չեն գա ավիրելու այդքան դժվարությամբ ու տանջանքով կառուցած երազանքները:
Գուցե այս անգամ կավարտվի այն, ինչ կիսատ էր մնացել:
Ու ամեն անգամ, երբ հիշում ես կիսատ ավարտված սիրո մասին, զգում ես, որ սրտիցդ մի կտոր է պակասում, բայց չգիտես` որ մեկն է, որ վերականգնես:
Որոնում ես, փորձում հասկանալ: Կարծում ես, թե եղանակն է մեղավոր, հագիդ շորերն են հոգնեցրել, ինքդ քեզնից ես դժգոհում: Հետո հասկանում ես. քեզնից է մի մասնիկ պակասում:
Տեղդ չես գտնում:
Ու լավ է ոչ ոք չդառնա քեզ մասնիկ, որ փախնելիս կյանքիցդ էլ մի կտոր չտանի իր հետ:
Իսկ դու ում ես ցավ պատճառել, գիտես՞ Հիշում ես՞
Իսկ հիշում ես, թե ինչքան են տառապել քո պատճառով: Գուցե նույնիսկ չգիտես:
Բայց համոզված կարող ես լիեն. որքան դու ես ցավ պատճառել, այնքան քեզ են պատճառելու, մինչև բոլոր մեղքերիդ թողությունը չստանաս:
Էջանիշներ