Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր տրամադրության տակ հայտնված երեք փաստաթուղթ, որոնք, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կրկին վկայում են ներկայիս իշխանության այն հրեշավոր հանցանքները, որ նա գործում է հասարակության եւ պետության հանդեպ, ինչպես նաեւ ի ցույց դնում Հայաստանի իրավապահ եւ արդարադատության համակարգերում տիրող իրական մակարդակը:
Առաջին փաստաթուղթը, որ ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, եղել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների դատավոր Ժորա Վարդանյանի վճիռը, որոնք նա փետրվարի 19-ին, այսինքն նախագահի ընտրության օրը, Ազգային անվտանգության ծառայությանը թույլատրել է գաղտնալսել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը, էլփոստը, հետեւել Արզումանյանի տեղաշարժին: Ժորա Վարդանյանի այդ որոշմամբ, փաստացի, իշխանության վերահսկողության տակ է հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ նախընտրական շտաբի անցուդարձը: Այդ մասին նշելով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե հիմք ունի ասելու, որ գաղտնալսել եւ հետեւել են շտաբի բոլոր աշխատակիցներին, իսկ Ալիկ Արզումանյանի հեռախոսը գաղտնալսել են անգամ մինչեւ դատարանի որոշումը, քանի որ ԱԱԾ-ն ֆիքսել է մի հեռախոսահամար, որից օգտվել է Արզումանյանը, ինչը չէին կարող անել առանց գաղտնալսելու:
Դատավորի այդ որոշումը համարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների կոպիտ ոտնահարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավիճակը համեմատել է 1972 թվականին ԱՄՆ Ուոթերգեյթյան սկանդալին,. Երբ պարզվեց, որ նախագահ Նիքսոնը նախագահի ընտրությանը հրահանգել է գաղտնալսել իր մրցակցի շտաբի հեռախոսները: Դրանից հետո ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալի հետեւանքով Նիքսոնը հրաժարական տվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե միգուցե երկրները, իրավիճակները տարբեր են, սակայն համեմատությունը միանգամայն տեղին է, քանի որ խոսքը նույն երեույթի մասին է:
Տեր-Պետրոսյանի խոսքով, հետաքրքիր է, թե եթե իր շտաբի պետի հեռախոսի գաղտնալսման փաստի մասին հայտնի լիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսին, ապա ինչպես կվարվեր Արենսը ընտրությունը գնահատելու հարցում: Նույն կերպ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի մասին, ասելով, թե հետաքրքիր է ինչ որոշում կկայացներ դատարանը, եթե ժամանակին տեղեկանար նախագահի ընտրության օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հեռախոսը գաղտնալսելու մասին: Տեր Պետրոսյանն Արենսի մասով ասել է, թե տրամաբանական կլիներ, որ այժմ, Արենսը այդ մասին տեղեկանալով, ուղղակի պատռի Հայաստանի նախագահի ընտրությանը տված իր գնահատականը:
Հաջորդ փաստաթուղթը, որ ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա Հատուկ քննչական ծառայության քննիչ Վահագն Հարությունյանի մարտի 1-ի որոշումն է, որ վերաբերում է նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությանը: Այդ որոշման մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնացնում է երկու ուշագրավ պահ: Մեկն ըստ նրա, այն է, որ Վահագն Հարությունյանի որոշման մեջ նշվում է, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն Ազատության հրապարակում իր գործողությունը սկսել է ժամը առավոտյան 6-ի սահմանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե դա արձանագրվում է Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշման մեջ, ինչը չափազանց կարեւոր փաստաթուղթ է, հետեւաբար, ոստիկանության այն ղեկավարները, որոնք մարտի 1-ի հարցերի հանձնաժողովում նշել են, թե ոստիկանությունը գործողությունը սկսել է ժամը 7-ին, ուղղակի ստում են, ու անհրաժեշտ է, որ նրանք ստելու համար ենթարկվեն պատասխանատվության:
Դրանից բացի, Վահագն Հարությունյանի որոշման մեջ նշված է նաեւ, որ ոստիկանությունն Ազատության հրապարակ առավոտյան գնացել է անօրինական ցույցը հարկադիր դադարեցնելու նպատակով: Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ էլ ուշադրություն է հրավիրում քննիչի որոշման եւ հետագայում ոստիկանության տարածած թեզի հակասության վրա, քանի որ ոստիկանությունը հետագայում հայտարարում էր, թե Ազատության հրապարակ է գնացել զննության նպատակով: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ իշխանությունը թերեւս զննության վարկածը “մոգոնել” է ավելի ուշ, երբ հաջողացրել է թփերի տակ զենքեր տեղադրել, որոնք հետո վերագրի ընդդիմությանը:
Երրորդ փաստաթուղթը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որ նա ներկայացրել է ասուլիսի ընթացքում, առերեւույթ այդքան էլ կապ չունի ներկայիս իրավիճակին եւ խնդիրներին, քանի որ փաստաբանական կոլեգիայի մի հարցման պատասխան է, որ ստացվել է հասցեների հանրապետական բյուրոյից, կապված Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրի տեղեկանքի հետ, որով նա 1998 թվականին առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու: Ըստ այդմ, հասցեների հանրապետական բյուրոն այդ տեղեկանքի մասին հարցմանն ի պատասխան նշել է, թե այն հասցեում, որ նշված է որպես Ռոբերտ Քոչարյանի Երեւանի գրանցման վայր, իրականում Ռոբերտ Սեդրակի Քոչարյան անուն ազգանունով մարդ չի գրանցված: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե 1998 թվականի այդ փաստաթուղթը երեք օր է, ինչ հայտնվել է իր տրամադրության տակ, ու թվում է, թե կապ չունի ներկա իրողությունների հետ, անցած փուլ է, սակայն երբ 1998 թվականի եւ 2008 թվականի իրադարձությունները տեղավորում ենք իշխանության նույն իրավագիտակցական մակարդակի ծիրում, ապա արձանագրում ենք, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է հասարակության հանդեպ նույն “բեսպրեդելը”: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է “բեսպրեդել” բառի իր թարգմանական տարբերակը, նշելով, որ թեեւ բառարանում նման բառ չկա, սակայն ինքը ներկաների ճաշակի դատին է հանձնում սահմանազանցություն բառը, առաջարկելով դրանով փոխարինել “բեսպրեդել” հասկացությունը:
Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դրանց ազդեցության մասին դժվարանում է կանխատեսումներ անել, սակայն նշում է, որ որեւէ նորմալ երկրում այդ փաստաթղթերի հրապարակումը ուղղակի պետք է մեծ աղմուկի պատճառ դառնար եւ իշխանությանը ստիպեր հրաժարական տալ: Փաստաթղթերը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացնելու է նաեւ միջազգային կառույցներին: Առաջին նախագահն ասում է, թե այդ փաստաթղթերը միջազգային կառույցների ներկայացուցիչների վրա բավական մեծ տպավորություն են թողնում, քան որ նրանք պարզապես իրենց այցերի ընթացքում ունկնդրում են իշխանության եւ ընդդիմության կարծիքները:
Էջանիշներ