ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դէմ բողոք է գրել Եսային
Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
Յանուն գերեդարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:
Բ
Բայց եւ ահաւոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրէժխնդրութեան ձորում ուժգնապէս հնչելով ահա,
Երկնում է իմ դէմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմուանից եւ իսկ զգում եմ իմ մէջ
Էութիւնս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխուող խռովութիւններ:
Եւ չար ու բարի խորհուրդներ զինուած սուր ու սուսերով`
Բախւում են ընդդէմ իրարու դարձեալ,
Ինձ մահուան գերի դարձնելով համակ,
Ինչպէս երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մէջ Պօղոսն` ընտրելագոյնը,
Մովսէսի օրէնքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկութիւնն յաղթող է յայտարարում:
Զի եթէ ճիշտ է, որ մօտ է Տիրոջ օրն, ինչպէս գիրքն է ասում,
Հրապարակի մէջ Հովսափաթի եւ կամ
Կեդրոնի հովտում նեղանձուկ,-
Դատաստանի փոքր հանդիսատեղի եւ ժամադրավայր,
Որոնք երկրային երեւոյթներով պատկերացնում են հանդերձեալն ինձ պարզ,
Ապա եւ ինձ է մօտեցել յաւէտ թագաւորութիւնն մարմնացեալ Աստծոյ,
Որը ենթակայ պիտի գտնի ինձ մեծապէս ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք յիրաւի ամբաստանելով` դատեն ինձ պիտի աւելի սաստիկ,
Քան թէ բարձրացող Նրա ձեռքն յուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի եւ փղշտացի եւ այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եւ, սակայն, նրանց չարչարանքները կարճատեւ եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարէի եւ առակողի,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած`
Մշտնջենական ամօթն են իրենց գծագրում արդէն:
Եւ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կեանք կոչելու հոգիներն ամէն` մատնուած վարանման եւ տարակոյսի,
Քաւի՛չ բոլորի, անսահմանելի բարձրութեանդ մէջ
Քո անճառ փառքով գովուա՜ծ յաւիտեան:
ԲԱՆ Բ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Քանզի մարմնաւոր շուրթերով, ահա, ուղերձ ես կարդում բարձրեալ Աստծուն,
Որ գործերով է գրաւում միայն եւ չի կաշառւում բանաստեղծութեամբ,
Եւ քո սրտի մէջ նայում ես դու միշտ դէպի Եգիպտոս,
Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ յանցաւոր:
Պատժակից եմ ես քանդուած Սոդոմին,
Պապանձուած դատախազն եմ Նինուէի,
Սոսկալի բարբարոս` աւելի, քան տիկինն հարաւային,
Քանանից վատթար աւելի եւ Ամաղեկից յամառ,
Կուռքերի քաղաք անբժշկելի,
Հին Իսրայէլի ապստամբութեան մնացած բեկոր,
Յիշատակարան պահուած`
Յուդայի ուխտազանցութեան:
Կշտամբուած եմ ես աւելի, քան Ծուրը
Եւ Ծայդանից աւելի տարամերժուած.
Խորթաբարոյ աւելի, քան Գալիլիան,
Եւ քան անհաւատ կափառնայումն աններելի.
Պարսաւուած եմ ես, ինչպէս Քորազինը եւ
Բեթսայիդայի հետ բամբասուած.
Անպարկեշտութեան մէջ սպիտակած մազերն եմ Եփրեմի.
Աղաւնու նման մեղմ եմ ես` յիմարութեամբ եւ ո՛չ հեզութեամբ.
Օձ եմ ես բանաւոր եղեռնական` առիւծի կորիւններից ծնուած.
Ժանտութեամբ լցուած քարբի ձուերի կերպարանքն ունեմ,
Պատկերն եմ ես Երուսաղէմի վերջին հարուածների,
Ըստ գուշակութեան տեսանողների եւ տէրունական խօսքի համաձայն:
Կործանման հասած մերժուած տաղաւար եմ ես,
Կրկնակի ներկուած շինուածք եմ խօսուն`
Խորտակուած դռան ջարդուած փականքով:
Ժառանգութիւն եմ վայելուչ թէեւ, սակայն եւ թողնուած,
Մոռացուած տուն եմ աստուածակերտ,
Ինչպէս ասել են Մովսէսը,
Դաւիթն ու Երեմիան:
Բորոտութեամբ վարակուած բանական մի տուն եմ ես`
Ապաշխարութեան խրատին ենթարկուած,
Օրէնքով նորոգուած եւ ծեփուած կաւով` ողոք հեզութեան,
Բայց ճարահատուած այլեւս բուժման մի ելք գտնելուց`
Շինողի ձեռքով կրկին քանդուած,
Եւ հրամանով Հզօրի, իբրեւ արդար հատուցում,
Դուրս նետուած անսուրբ մի վայր` անխնայ,
Հեռու վտարուած եւ տարագրուած:
Հողի տակ թաղուած դրամն եմ անպէտ`
Աւետարանի աւանդակորոյս ուրացողի քանքարի նման:
Բ
Սակայն դու, ո՜վ Աստուած,
Աստուա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
Աստուածաշնորհ Մովսէսի դաւանութեամբ,
Եւ ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ սուրբ Յովնանի,-
Տուր ինձ ուժ, որպէսզի քո օրհնեալ կամքին ի հաճութիւն
Կարողանամ աւարտել աղօթամատեանն այս ողբերգական,
Որ սկսել եմ ես ահաւասիկ:
Եւ մինչ արցունքով եմ սերմանում խօսքերս
Մեզ համար պատրաստուած օթեւաններդ տանող
Ճանապարհի վրայ ոտք դրած պահին այս իմ,
Թող որ, երբ հասնեմ հունձքն հաւաքելուն`
Դառնամ բերկրալից ու երջանիկ եւ լիովին քաւուած`
Բարի օրանների երանական արդիւնքով:
Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի
Իսրայէլի պէս,
Եւ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ:
Լսի՛ր բանական աղաչաւորիս, հզօ՛ր ողորմած,
Նախքան երկնքին, երկինքը` երկրին, երկիրը` գինուն, ցորենին, ձէթին,
Եւ սրանք բոլորն էլ Իսրայէլին` ի՛նձ լսիր.
Երկնաւորների աղերսը առ քեզ`
Թող ազդի հոգուս, քան թէ տարրերին ապականացու:
Ստեղծիչ ես դու, եւ ես ինքս` կաւ.
Հեծեծագին այս աղօթքներիս նախամուտքում.
Յայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ` տարակուսեալիս,
Որպէսզի այստեղ, երկրի վրայ իսկ զօրանամ ես,
Եւ, երբ որ բացուի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լոյսը վայելելու անվարժ, անընտել`
Մոմի պէս հալուեմ, սպառուեմ իսպառ, ջնջուեմ մէջտեղից:
Սիրտ տուր զրկուածիս, ինչպէս ասողն է գոչել աղօթքով,-
Ուժ` թալկացածիս եւ կեանք մաշուածիս խղճի խայթերից,
Եւ ո՛չ անձկութեամբ ու չարչարանքով քեզ որոնելուց:
Ա՛ռ մաղթանքներիս աւանդն այս եւ տուր ողորմութիւնը քո շնորհների:
Ընդունիր դու այս փոքրը տկարիցս եւ շնորհիր մեծը հզօրիդ կողմից:
Զղջումիս խօսքերն արա՛ զօրաւոր, մեզ ուղարկելով հոգիդ բարձունքից,
Պատգամներով այն աստուածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մէջ:
Հաճի՛ր, բարերա՛ր, լուսաւորելով ճշմարտապատում առակն Եսայու,
Մատուցելու ինձ` մահուան արժանուս
Գոյութեանս անարգաձայն պղնձի փոխարէն` շնորհիդ ոսկին`
Անզարդ, սեւաթոյր երկաթի տեղակ` հրաշեկ պղինձը Լիբանանի,
Որ օրինակ է առաքինութեան:
Գ
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահաւոր,
Որ չթափանցի երկիւղըդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ` փոքր այս վաստակիս մէջ`
Անբերրի հողում, իզուր, ապարդիւն սերմանողի պէս:
Չլինի, որ երկնեմ ես, եւ չծնեմ,
Ողբամ` եւ չարտասուեմ, խորհեմ` եւ չհառաչեմ,
Ամպեմ, եւ չանձրեւեմ, ընթանամ` եւ չհասնեմ,
Ես ձայն տամ, եւ դու չլսես, պաղատեմ` եւ անտես մնամ,
Կողկողեմ` եւ ինձ չողորմես, աղաչեմ` բայց ոչինչ շահեմ,
Զոհ մատուցեմ, եւ չմխամ,
Տեսնեմ քեզ` եւ դատարկ դուրս գամ:
Դեռ քեզ չդիմած լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզօր:
Մեղքերով ապրած օրերիս չափով
Տանջանքի տուգանք վճարել մի՛ տայ ինձ` չարագործիս:
Դ
Փրկի՛ր ինձ, գթած, լսիր, ողորմած,
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապաւեն,
Բարերարիր, հզօր, ազատիր, ամենակալ,
Կեանք տուր, նորոգող, վերականգնիր, ահաւո՛ր,
Լուսաւորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քաւի՛ր, անքնին,
Պարգեւատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտուիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ:
Երբ հասնի վերջին օրս թշուառ,
Եւ ես յառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
Քո փրկութի՜ւնը տեսնեմ թող, յո՜յս եւ խնամակալ:
Եւ երբ ուշադիր նայեմ դէպի վեր` ամենագրաւ ճամփին սոսկալի,
Խաղաղութեան հրեշտակդ թո՛ղ քաղցրութեամբ հանդիպի ինձ:
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցոյց տուր ինձ դու, Տէ՜ր,
Երկնաւորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
Որ լուսաթռիչ` ի՜նձ հասնի` սիրուդ պարգեւը առած:
Հասցրու ինձ նոյնպէս կարեկից մի` մեռած արդարներից.
Յուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգեւիր:
Քա՜ւ լիցի, թէ դու, ո՛վ բարեբանեալ, որ փրկութիւնն ես բոլորի,
Հիւանդ ոչխարիս դժնդակ գազան եւ մի տաս ուղեկից.
Պարգեւիր վերին կեանք` անապական մեղքով մեռածիս,
Եւ փրկութիւն` պարտքերի տակ կործանուածիս:
Ե
Մի՞թէ պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալութիւն.
Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.
Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.
Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.
Պիտի թողնե՞ս ողորմութիւնդ, երջանի՛կ պտուղ.
Պիտի աղաւաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրութեան.
Պիտի անպատուե՞ս նիւթը պանծալի քո հարստութեան.
Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ,
Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ:
Եթէ ողորմածներին է երանութիւնը,
Եւ դու, որ համակ արքայութիւն ես սիրով լիուլի,
Մի՞թէ չպիտի պարգեւես դու քո փրկութիւնն ամբողջ.
Դեղ չդնե՞ս պիտի իմ վէրքերին
Եւ սպեղանի` խոցուածներիս եւ տկարութեանս` դարման չպիտի՞ տանես,
Պիտի չծագե՞ս լոյս` խաւարի մէջ -
Ինձ, որ զօրութեանդ վրայ եմ միայն իմ յոյսը դրել,
Տիեզերակա՛ն դու կենսապարգեւ:
Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնէ, մշտնջենապէս,
Եւ արարածներն համայն առյաւէտ վկայում են այդ:
Օրհնուած ես դու եւ փառաւորուած յաւիտենութեան մէջ եռապատիկ
Եւ իմանալի յաւիտեանների սահմանից էլ վեր`
Միշտ ու միշտ. ամէն:
Էջանիշներ