Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական ՚Ռադիկալՙ օրաթերթին:

-Սեպտմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր տարածաշրջանում ամենաքաղաքականացված սպորտային միջոցառումը: Քաղաքական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հրավիրեցիք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին միասին դիտելու հանդիպումը:

Իմ առաջնահերթ նպատակը մեր երկրների հարաբերությունների կարգավորումն էր: Նախագահի պաշտոնում իմ ընտրության առթիվ Նախագահ Գյուլի հղած շնորհավորական ուղերձում խոսվում էր հարաբերությունների զարգացման հնարավորության մասին: Ավելի ուշ վարչապետ Էրդողանն արտահայտվեց երկխոսության համար դռների բաց լինելու մասին: Փոխադարձաբար, ես էլ որոշեցի օգտագործել այս հնարավորությունը: Առջեւում լավ սպորտային իրադարձություն է: Պատմության մեջ առաջին անգամ հանդիպում են ֆուտբոլի մեր ազգային հավաքականները: Դա կարող է լավ առիթ հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար: Կարեւոր չէ, թե ինչպիսի արդյունք կգրանցվի, բայց հույս ունեմ, որ հանդիպումը հանդիսականներին հաճույք կպատճառի: Ոգեւորությունը մեծ է լինելու: Այս հանդիպումը մեր հարաբերություններում բացառիկ իրադարձություն է լինելու, եւ հուսով եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ներկայությամբ դա էլ ավելի բացառիկ կդառնա: Մենք հարեւաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

-Անկարայում որոշակի մտավախություններ կան վերոհիշյալ հրավերի հետ կապված: Ինչպես օրինակ` սահմանային խնդիրները եւ այն, թե ինչպես կդիմավորեն Նախագահ Գյուլին Երեւանում: Դուք կիսու՞մ եք այդ մտահոգությունները:

Որեւէ մտավախություն կազմակերպչական հարցերի հետ կապված չի կարող լինել: Եթե մենք պետության նախագահի ենք հրավիրել, ապա նախագահ Գյուլին այդ կարգի այցելություններին պատշաճ մակարդակով ընդունելու համար կիրականացվեն բոլոր միջոցառումները:

-Ես հանդիպեցի Դաշնակցություն կուսակցության հետ եւ նրանք դեմ են Ձեր հրավերին: Ասում են, որ Երեւան ժամանելու դեպքում Գյուլին իրենց ձայնը լսել տալու համար անելու են հնարավոր ամեն ինչ:

Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ:

-Ի՞նչ եք կարծում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի եւ հաղորդակցության բնագավառում իրականացվող տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պարագայում, կարող են բարգավաճում բերել: Կցանկանա՞ արդյոք Հայաստանը միանալ այդ ծրագրերին: Դուք մտածու՞մ եք, որ մի օր Թուրքիայում այնպես կհյուրընկալվեք, ինչպես հյուրընկալվում են Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարները, եւ Թուրքիայի ղեկավարները առանց երկմտելու կընդունեն Երեւանից ստացված հրավերը:

Գիտեք, մինչ այժմ իրականացված տարածաշրջանային ծրագրերից երկու դաս եմ քաղել: Առաջին, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չեն ներգրավվում կամ դրանցից մեկը բացառվում է, դա նոր բաժանարար գծեր է առաջացնում: Երկրորդ, երբ այդ ծրագրերում քաղաքական նկատառումները գերակայում են տնտեսականին, այդ ծրագրերը անհրաժեշտ հաջողություն չեն ունենում: Դա նման է այն բանին, երբ կառքը ձիու առջեւի մասից է կապվում:

-Ո՞ր ծրագրի մասին եք խոսում:

Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը... Չէ՞ որ նման երկաթգիծ կա: Շատ քիչ ծախսերով այն կարելի է դարձնել շահագործելի: Շատ միջոցներ են ծախսվում Հայաստանին դուրս թողնելու համար: Նախկինում Հայաստանի ղեկավարներն այցելել են Թուրքիա: Ես էլ տարբեր պաշտոններում այցելել եմ Թուրքիա: Հավելեմ նաեւ, հարեւանների փոխայցելությունները նորմալ երեւույթ են, եւ դա չպետք է ընկալվի որպես հակառակ կողմին արված սիրալիություն: Մեր ջանքերն ուղղված են դրան:

-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի ժամանակ, նախագահներ Ալիեւի եւ Սահակաշվիլու ներկայությամբ, Աբդուլա Գյուլն ասաց, որ Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային ծրագրերին, եթե հարգի միջազգային իրավունքը: Ըստ Ձեզ, նա ակնարկում էր 1921 թ. Կարսի պայմանագրով հաստատված առկա սահմա՞նը:

Կարծում եմ, եթե Գյուլին հարցնեք, ինքն ավելի հստակ կպատասխանի: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանը կողմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ մի շարք այլ միջազգային պայմանագրերի, հարգում է իր միջազգային պարտավորությունները:

-Հարցս ավելի հստակ ձեւակերպեմ. Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները: Ինչպիսի՞ն է Կարսի պայմանագրի օրինականության եւ ճանաչման մասին Ձեր տեսակետը` պաշտոնական դիրքորոշումը:

Չեմ հիշում, որ որեւէ հայ պաշտոնյա արտահայտված լինի տարածքային պահանջների մասին: Բայց դա լսում եմ դիմացի կողմից: Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմք ընդունել առանձին հայտարարությունները: Եթե այդպես մոտենանք, Թուրքիայում անգամ կան այնպիսիք, ովքեր ասում են, որ Հայաստան անունով երկիր իրականում գոյություն չունի: Մենք չենք ուզում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լինի որեւէ նախապայման: Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք 19-րդ դարում օգտագործված աշխարհագրական եզրեր են: Անցյալից եկող այս արտահայտությունը մոռանալու եւ ջնջելու հարցում համառելը նույնն է, ինչ մերժել Սպարտայի, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության կամ պատմական շատ աշխարհագրական տերմինների գոյությունը: Եթե մեր պաշտոնական քաղաքականությունը դա լիներ, մեր անունը կլիներ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Որեւէ հայ պաշտոնյա նման բան չի պնդել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այդ հարցերն ավելի հեշտությամբ կքննարկվեն: Ահա Ռուսաստանը սահմանային խնդիրներ ուներ կամ ունի Չինաստանի, Ճապոնիայի հետ, սակայն դա արգելք չի հանդիսանում դիվանագիտական հարաբերությունների համար:

-Գյուլին ուղարկած Ձեր հրավերից հետո Կովկասում տեղի ունեցան լուրջ զարգացումներ, ինչպես վրաց-ռուսական հակամարտությունը: Ի՞նչ կարծիքի եք Վրաստանից անջատվող Հարավային Օսեթիային եւ Աբխազիային սատարելու Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ:

Իրականում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եղան մարդկային զոհեր: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց, թե նման հարցերում ինչի կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքը: Մենք կողմ ենք նման հարցերը բանակցությունների միջոցով լուծելուն: Մենք կողմ ենք ժողովուրդների ազատ կամարտահայտության հիման վրա՝ ինքնորոշման իրավունքը հարգելուն: Ցավալի է, որ նկատվում է իրավիճակի սրում եւ դա մեզ դուր չի գալիս: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի եւ Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ նախաձեռնած ծրագրի իրագործումը կբերի խաղաղություն եւ կայունություն: Մեզ համար շատ կարեւոր է խաղաղությունն ու կայունությունը: Ամեն ինչ մի կողմ ՝ մեր առեւտրի ավելի քան 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով:

-Ռուսաստանի կողմից Վրաստանի երկաթգծի կամրջի պայթեցման արդյունքում Երեւանում բենզինի հետ կապված դժվարություններ են առաջացել: Այդպե՞ս է:

Ճիշտ է: Հույս ունենք, որ երկու օրում հարցը կլուծվի: Ակնհայտ է, որ տարածաշրջանի անկայունությունը Հայաստանի օգտին չէ: Դա ցույց է տալիս, որ մենք կայունության կարիք ունենք: Անկայունությունը երեք ամիս կամ երեք տարի ձգձգվելը էլ ավելի կավելացնի մեր խնդիրներր:

-Ձեր արտաքին գործերի նախաբար ԷդվարդՆալբանդյանն արդեն դրական է արձագանքել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի առաջարկին: Չե՞ք մանրամասնի այս հարցում Ձեր քաղաքականությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանն հայտնել է, որ դրական է վերաբերում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար երկխոսության վերաբերյալ Էրդողանի խոսքերին: Կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարը շատ ճիշտ քայլ է կատարել: Առաջարկն ստանալու դեպքում մանրամասն կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք:

-Կարծում եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, որը լուրջ խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ձեր հարաբերություններում, կարո՞ղ է շուտով լուծվել: Կանխատեսու՞մ եք, որ Ադրբեջանի հետ համաձայնության գալը նոր մակարդակի կբարձրացնի քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում:

Ադրբեջանի Նախագահ պարոն Ալիեւի հետ հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում մենք ունեցանք արդյունավետ հանդիպում: Երկու կողմերս էլ արտգործնախարարներին հանձնարարեցինք մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակել աշխատանքները: Մինչ օրս երեք հանդիպում է տեղի ունեցել: Հուսով եմ, որ կարճ ժամանակահատվածում լուծում կգտնենք:

-Կարո՞ղ եք մոտավոր տարեթիվ ասել:

Մինչեւ Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունները այդ առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չի լինի: Ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում: