Առաջին մաս
Նա քայլում էր փողոցով հենց այնպես: Սիրելի քաղաքը, ինչպես միշտ, հրաշալի տեսք ուներ. աշնանային դեղնականաչակարմրավուն զգեստն իրեն ամենաշատն էր սազում: Նրա շուրջը այգում վազվզող մանուկները մի պահ տարան նրան դեպի մանկություն՝ անհոգ մանկություն, երբ ամեն ինչ վարդագույն ու ծիածանագույն էր, անգամ աշնանը...
Մի քիչ հոգնած էր. վաղուց չէր քայլել, գտավ ամենամոտ ու քիչ թե շատ ապահով նստարանն ու սկսեց հանգիստ հետևել աշնանային այգու անցուդարձին:
Այնքա՜ն էր կարոտել այս դեմքերը, այս ցայտող ջուրը, այս քարուքանդ փողոցները, որոնցից բոլորովին չէր ձանձրանում ու անգամ չէր էլ հագենում երկար նայելուց: «Ի՜նչ է անում կարոտը մարդու հետ ...» : Դեռ մի քանի տարի առաջ, եթե նրան ասեին, որ մի օր կնստի այս այգու նստարաններից մեկին՝ պարզապես խաղացող, վավզող երեխաների աղմկոտ խաղին հետևելու համար, նա պարզապես կծիծաղեր դրա վրա . «Ի՞նչ այգի, ի՞նչ բան ... բա գործե՞րը ... արտասահմանցի գործարարները չեն նստելու ու սպասելու, թե երբ պիտի հայաստանյան գրասենյակը բարեհաճի հաշիվներն ու արդյունքներն ուղարկել ...»:
Նա նստած էր ու նայում էր հանգիստ ու ժպտադեմ ...
- Կարելի՞ է։
Նա շրջվեց ու զարմացած հայացքով նայեց կարմիր ժապավենով, փոքրիկ մարմնով, մի զույգ խոշոր ու աշխույժ աչքերով 4-5 տարեկան փոքրիկին:
- Ի՞նչ...
- Իմ գնդակը ձեր ոտքերի տակ է, կարելի՞ է վերցնել:
- Այո, իհարկե, փոքրի'կ, ես չէի նկատել, վերցրու։
Մի լայն ու անմեղ ժպիտ ստանալով որպես պատասխան՝ նա մտովի տեղափոխվեց անցյալ՝ մեկ այլ աշխարհ, որ լի էր հիշողություններով ՝ անցանկալի հիշողություններով ...
- Բայց ես ուզու'մ եմ ՆՐԱՆ:
- Իսկ ես չե'մ ուզում...կարող ես գնալ այն մեկի մոտ, նա քեզ համար հաստատ կունենա այն, ինչ ուզում ես ...
- Ինձ պետք չի այն ուրիշը, ես քոնն եմ ուզում, ես մերն եմ ուզում...ու դու չես համարձակվի ...
- Այն էլ ինչպե՜ս ...
- Դու իմ իմացած մարդկանցից ամենադաժանն ես: Եթե դու անես դա, ես քեզ կատեմ:
- Ես դրանից այլևս չեմ վախենում:
- Դու անարդարացի ես...ես եմ մեղավոր, ոչ թե ՆԱ ...
- ՆԱ այնքանով է մեղավոր, որ քոնն է:
- Դու խելագարվել ես ...
Քնքուշ մանկական հպումը ետ բերեց նրան դեպի ներկա ...
- Իմ գնդակը էլի ձեզ մոտ հայտնվեց։
- Երևի ես նրան դուր եկա,- ժպտաց նա փոքրիկին:
- Դուք ինձ էլ եք դուր գալիս։
- Անունդ ի՞նչ է, փոքրիկ,- հարցրեց նա՝ մեկնելով գնդակը:
- Աիդա։
- Իսկ քանի՞ տարեկան ես։
- Հինգ ,- ասաց ու փախավ իր ընկերների մոտ։
«Աիդա ... 5 տարեկան ...»։
Նա մի պահ ցնցվեց, ապա վեր կացավ ու արագ քայլելով գնաց դեպի այգու մուտքը:
«Չպետք է գայի ... Ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ անում ...»:
Տաքսին կանգնեց երևանյան հինգհարկանի շենքի մուտքի մոտ: Դեռ երրորդ հարկի աստիճաններից վերջինին ոտքը չդրած՝ դուռը բացվեց ...
- Ինչու՞ ուշացար, աղջիկս։
- Ի՞նչ իմացար՝ ես եմ։
- Քո ոտնաձայները երբեք չեմ շփոթի ուրիշների հետ,- կարոտի երկու կաթիլ արցունք թափվեց կնոջ փարթամ ու կարմիր այտերին:
- Մայրի'կ, էլ մի սկսիր, լա՞վ, թե չէ հիմա ես էլ կսկսեմ, ու մինչև երեկո չենք վերջացնի,- երկուսի դեմքին էլ ժպիտ առաջացավ:
- Մա'մ, ինձ չե՞ն զանգել։
- Չէ, աղջիկս։
- Դրսի՞ց էլ։
- Դե, չէ՝ ասում եմ,- ձայնը կամաց-կամաց մոտեցավ սենյակին,- լավ մտածիր, աղջիկս, էլ մի գնա, այստեղ լավ առաջարկներ կան ...
- Մամ, էլ մի սկսիր, ես չեմ կարող նրանց թողնել, գեղեցիկ չի լինի...
- Գեղեցիկ չի, որ դու քո կյանքը խորտակեցիր հանուն նրանց ,- արցունքներն էլի հայտնվեցին իրենց մշտական տեղում։
- Մամ, սոված եմ, մի բան կտա՞ս ուտեմ։
- Արի, արդեն տաքացնում եմ,- արցունքակալած աչքերով կինը կրկին գնաց դեպի խոհանոց:
Դռան զանգը հնչում էր խելագարի պես, կարծես պատերազմի ազդանշան լիներ :
- Գալիս եմ, գալիս։
- Տիկին Սոնյա՞, էս չե՞ք ուզում էլի ինձ ներս թողնել։
- Տիգրան ջան, ախր անհամբեր ես, էլի, ինչպես միշտ,- իրեն բնորոշ միամտությամբ ու բարի ժպիտով պատասխանեց տիկին Սոնյան։
- Էս ու՞մ գեղեցկուհին է... գեղեցկուհի, սպորտսմենուհի, իսպանուհի... ու պարզապես լավ աղջիկ։
- Լավ, էլ մի սկսիր շողոքորթ արտահայտություններիդ շարքը, թող մի լավ համբուրեմ իմ ամնենալավ ընկերոջը,- ասաց Նա ու ինչքան ուժ ուներ ամուր գրկեց գեղեցիկ երիտասարդին։
- Հիմա ի՞նչ, էլի սկսելու ես լացե՞լ ... բա քեզ սազե՞ց ... բա գործարար կինը նման բան կանի՞ ... էլ հաստատ հետդ գործարք չեմ կնքելու։
- Թե չէ կոտորվել ես, էլի ,- ծիծաղեց նա՝ արցունքները մաքրելով։
-Է՜, տիկին Սոնյա՞, մենակ դուք էլ չսկսեք էս լացկանի պես ... Մի արի տեսնեմ՝ ինչպես ես, երբ ես գնալու, երբ ես նորից գալու ...
Ջերմ ու հարազատ զրույցը տևեց մի քանի ժամ, բայց նրանք իրենք էլ չնկատեցին դա։ Միայն հարևանի կողմից դռան թակոցը նրանց հիշեցրեց ժամանակի գոյության մասին ...
- Լավ, սիրունս, ես պիտի գնամ, հիմա կինս կսկսի խանդել ...
- էլի սկսեց... ախր քեզ անգիր գիտեմ, հաստատ մի 5 հոգու էս ընթացքում արդեն հասցրել ես խոստում տալ ու ...
- Լավ, շատ բան գիտես, քիչ խոսի, ամեն մեկը քեզ պես ամենագետ չի։
- Ե՞րբ կգաս նորից։
- Չգիտեմ ես երբ կգամ, բայց այսօր երեկոյան մենք իրար հետ տեղ ենք գնալու, կզուգվես կզարդարվես, ու կսպասես մի հմայիչ տղայի, անունը՝ Տիգրան, կգա քեզ փախցնելու։
- Ի՜նչ էլ երազների մեջ ես։ Բա կի՞նդ ...,- ծիծաղեց Նա:
- Դե երբ հետը ծանոթանամ, էս մեր հանդիպման մասին չեմ պատմի։
- Լավ, իսկ ու՞ր ենք գնում։
- Կտեսնես։
- Ասա, գոնե իմանամ՝ ինչպես հագնվեմ։
- Ինչպես ուզում ես. քո բիզնես-հանդիպումներից չի, մենք հասարակ մարդիկ ենք, մենք փողկապ ու սրաճիտ կոշիկներ չունենալու դեպքում էլ ենք ...
- Լավ, էլ մի ... գիտես, որ մեկ է, գնալու եմ։
- Լավ, լավ, բան չեմ ասում ... ուղիղ 9-ին ձեր տանն եմ ...,- ասաց Տիգրանը ու գնաց դեպի դուռը ,- հա, էն էլ ասեմ, որ ոտքով ենք լինելու, ուզում եմ քաղաքը քեզ ցույց տալ։
Երեկոյան Երևանը պարզապես հրաշք է. լույսերի հրավառության ներքո, մեղմ երաժշտության տակ զբոսնող զույգերը մի այլ շուք են տալիս մեր քաղաքին։
- Հիշու՞մ ես այս սրճարանը ...
- Բա չհիշե՞մ...,- մի պահ հետ գնալով՝ Նա ժպտաց,- Տիգրա'ն, գիտե՞ս, երբեմն մտածում եմ. ի՞նչ կլիներ հետս, եթե չգնայի ... եթե մնայի ու ...
- Չկորցնեի՞ր նրան...
- Ես դա նկատի չունեի...ես նրան արդեն կորցրել էի, իմ մեկնելը դրա հետ կապ չուներ։
- Ուներ։
- Եթե էլի ես սկսելու, կարող ենք գնալ արդեն։
- Բայց այդ դու սկսեցիր։
- Տիգրա'ն...
Մի քանի րոպեանոց լռությունը խախտեց փոքրիկ ծաղկավաճառը, որ մի կարմիր վարդ էր մեկնել դեպի Նա։
- Կգնե՞ք։
- Վերցրու'։
- Շնորհակալ եմ, փոքրիկ ... ,-գեղեցիկ ու լայն ժպիտը կրկին հայտնվեց Նրա դեմքին,- դու ինչու՞ ես մենակ այս ուշ ժամին,- կռացավ նա ու համբուրեց տղայի ճակատը, ապա սկսեց շոյել գլուխը։
- Մենակ չեմ, ախպորս հետ եմ ...
- Իսկ դու ... դու... դու.... ,- Նրա գլուխը դանդաղ բարձրացավ ու հայացքը սառեց դեպի կանգառը , որ գտնվում էր մի փողոց այն կողմ ...,- գնա', փոքրիկ, եղբայրդ սպասում է,- կմկմաց Նա՝ առանց աչքերը փարթելու :
- Լա՞վ ես :
- Ըհը ...
Բարձր ու միջին երթուղայինները, տաքսիներն ու արտասահմանյան մեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, անցնում էին Երևանյան կենտրոնական փողոցներից մեկով ... Նրանք կարծես ֆիլմի ժապավեն պտտեին, որ ցուցադրում էր մի հին, բայց չմոռացված ֆիլմ՝ անցյալի ֆիլմը, որը միայն ցավ ու տառապանք էր ցույց տալիս ...
- Քեզ ի՞նչ եղավ, է՜ ։
- Ոչինչ,- սթափվեց նա։
- Ու՞մ ես նայում։
- Ոչ մեկին...
Տիգրանը, որ արդեն վաղուց սկսել էր ուսումնասիրել փողոցի մյուս կողմում գտնվող մարդկանց, այդպես էլ չկարողացավ մի ծանոթ տեսնել :
«Ծանոթ համարներ»,- հանկարծ նկատեց տղան ու շրջվեց դեպի Նա.
- Պարզ է...
- Ի՞նչն է պարզ:
- Ոչինչ, արի գնանք, արդեն ուշ է, մեզ սպասում են:
Դիսկոտեկը մարդաշատ էր: Մի քանի տարի առաջ նման բանի մասին միայն երազել կարելի էր ...
- Երևանյան երիտասարդությունը բավականին առաջադիմել է,- քմծիծաղով ասաց Նա Տիգրանին։
- Ըհը,- արդեն տարված երաժշտությամբ, պարելով ճեղքելով երիտասարդների հոծ բազմությունն ու առաջ գնալով՝ պատասխանեց երիտասարդը ,- Արմանն արդեն այնտեղ է։
- Կոլո՞տը։
- Այո, այո։
- Բա Ամերիկայում չէ՞ր...
- Հետ էկավ, ասում է՝ իմ տեղը չի։
- Գժվել կարելի է...
- Մի տես, է՜, էս ի՜նչ հրաշքի ես բերել մեր կոմպանիա, Տիգրա'ն...Գարեջուրն իմ կողմից։
Էջանիշներ