User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Անվերնագիր ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվերնագիր ...

    Առաջին մաս

    Նա քայլում էր փողոցով հենց այնպես: Սիրելի քաղաքը, ինչպես միշտ, հրաշալի տեսք ուներ. աշնանային դեղնականաչակարմրավուն զգեստն իրեն ամենաշատն էր սազում: Նրա շուրջը այգում վազվզող մանուկները մի պահ տարան նրան դեպի մանկություն՝ անհոգ մանկություն, երբ ամեն ինչ վարդագույն ու ծիածանագույն էր, անգամ աշնանը...
    Մի քիչ հոգնած էր. վաղուց չէր քայլել, գտավ ամենամոտ ու քիչ թե շատ ապահով նստարանն ու սկսեց հանգիստ հետևել աշնանային այգու անցուդարձին:
    Այնքա՜ն էր կարոտել այս դեմքերը, այս ցայտող ջուրը, այս քարուքանդ փողոցները, որոնցից բոլորովին չէր ձանձրանում ու անգամ չէր էլ հագենում երկար նայելուց: «Ի՜նչ է անում կարոտը մարդու հետ ...» : Դեռ մի քանի տարի առաջ, եթե նրան ասեին, որ մի օր կնստի այս այգու նստարաններից մեկին՝ պարզապես խաղացող, վավզող երեխաների աղմկոտ խաղին հետևելու համար, նա պարզապես կծիծաղեր դրա վրա . «Ի՞նչ այգի, ի՞նչ բան ... բա գործե՞րը ... արտասահմանցի գործարարները չեն նստելու ու սպասելու, թե երբ պիտի հայաստանյան գրասենյակը բարեհաճի հաշիվներն ու արդյունքներն ուղարկել ...»:
    Նա նստած էր ու նայում էր հանգիստ ու ժպտադեմ ...
    - Կարելի՞ է։
    Նա շրջվեց ու զարմացած հայացքով նայեց կարմիր ժապավենով, փոքրիկ մարմնով, մի զույգ խոշոր ու աշխույժ աչքերով 4-5 տարեկան փոքրիկին:
    - Ի՞նչ...
    - Իմ գնդակը ձեր ոտքերի տակ է, կարելի՞ է վերցնել:
    - Այո, իհարկե, փոքրի'կ, ես չէի նկատել, վերցրու։
    Մի լայն ու անմեղ ժպիտ ստանալով որպես պատասխան՝ նա մտովի տեղափոխվեց անցյալ՝ մեկ այլ աշխարհ, որ լի էր հիշողություններով ՝ անցանկալի հիշողություններով ...
    - Բայց ես ուզու'մ եմ ՆՐԱՆ:
    - Իսկ ես չե'մ ուզում...կարող ես գնալ այն մեկի մոտ, նա քեզ համար հաստատ կունենա այն, ինչ ուզում ես ...
    - Ինձ պետք չի այն ուրիշը, ես քոնն եմ ուզում, ես մերն եմ ուզում...ու դու չես համարձակվի ...
    - Այն էլ ինչպե՜ս ...
    - Դու իմ իմացած մարդկանցից ամենադաժանն ես: Եթե դու անես դա, ես քեզ կատեմ:
    - Ես դրանից այլևս չեմ վախենում:
    - Դու անարդարացի ես...ես եմ մեղավոր, ոչ թե ՆԱ ...
    - ՆԱ այնքանով է մեղավոր, որ քոնն է:
    - Դու խելագարվել ես ...

    Քնքուշ մանկական հպումը ետ բերեց նրան դեպի ներկա ...
    - Իմ գնդակը էլի ձեզ մոտ հայտնվեց։
    - Երևի ես նրան դուր եկա,- ժպտաց նա փոքրիկին:
    - Դուք ինձ էլ եք դուր գալիս։
    - Անունդ ի՞նչ է, փոքրիկ,- հարցրեց նա՝ մեկնելով գնդակը:
    - Աիդա։
    - Իսկ քանի՞ տարեկան ես։
    - Հինգ ,- ասաց ու փախավ իր ընկերների մոտ։
    «Աիդա ... 5 տարեկան ...»։
    Նա մի պահ ցնցվեց, ապա վեր կացավ ու արագ քայլելով գնաց դեպի այգու մուտքը:
    «Չպետք է գայի ... Ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ անում ...»:
    Տաքսին կանգնեց երևանյան հինգհարկանի շենքի մուտքի մոտ: Դեռ երրորդ հարկի աստիճաններից վերջինին ոտքը չդրած՝ դուռը բացվեց ...
    - Ինչու՞ ուշացար, աղջիկս։
    - Ի՞նչ իմացար՝ ես եմ։
    - Քո ոտնաձայները երբեք չեմ շփոթի ուրիշների հետ,- կարոտի երկու կաթիլ արցունք թափվեց կնոջ փարթամ ու կարմիր այտերին:
    - Մայրի'կ, էլ մի սկսիր, լա՞վ, թե չէ հիմա ես էլ կսկսեմ, ու մինչև երեկո չենք վերջացնի,- երկուսի դեմքին էլ ժպիտ առաջացավ:
    - Մա'մ, ինձ չե՞ն զանգել։
    - Չէ, աղջիկս։
    - Դրսի՞ց էլ։
    - Դե, չէ՝ ասում եմ,- ձայնը կամաց-կամաց մոտեցավ սենյակին,- լավ մտածիր, աղջիկս, էլ մի գնա, այստեղ լավ առաջարկներ կան ...
    - Մամ, էլ մի սկսիր, ես չեմ կարող նրանց թողնել, գեղեցիկ չի լինի...
    - Գեղեցիկ չի, որ դու քո կյանքը խորտակեցիր հանուն նրանց ,- արցունքներն էլի հայտնվեցին իրենց մշտական տեղում։
    - Մամ, սոված եմ, մի բան կտա՞ս ուտեմ։
    - Արի, արդեն տաքացնում եմ,- արցունքակալած աչքերով կինը կրկին գնաց դեպի խոհանոց:

    Դռան զանգը հնչում էր խելագարի պես, կարծես պատերազմի ազդանշան լիներ :
    - Գալիս եմ, գալիս։
    - Տիկին Սոնյա՞, էս չե՞ք ուզում էլի ինձ ներս թողնել։
    - Տիգրան ջան, ախր անհամբեր ես, էլի, ինչպես միշտ,- իրեն բնորոշ միամտությամբ ու բարի ժպիտով պատասխանեց տիկին Սոնյան։
    - Էս ու՞մ գեղեցկուհին է... գեղեցկուհի, սպորտսմենուհի, իսպանուհի... ու պարզապես լավ աղջիկ։
    - Լավ, էլ մի սկսիր շողոքորթ արտահայտություններիդ շարքը, թող մի լավ համբուրեմ իմ ամնենալավ ընկերոջը,- ասաց Նա ու ինչքան ուժ ուներ ամուր գրկեց գեղեցիկ երիտասարդին։
    - Հիմա ի՞նչ, էլի սկսելու ես լացե՞լ ... բա քեզ սազե՞ց ... բա գործարար կինը նման բան կանի՞ ... էլ հաստատ հետդ գործարք չեմ կնքելու։
    - Թե չէ կոտորվել ես, էլի ,- ծիծաղեց նա՝ արցունքները մաքրելով։
    -Է՜, տիկին Սոնյա՞, մենակ դուք էլ չսկսեք էս լացկանի պես ... Մի արի տեսնեմ՝ ինչպես ես, երբ ես գնալու, երբ ես նորից գալու ...

    Ջերմ ու հարազատ զրույցը տևեց մի քանի ժամ, բայց նրանք իրենք էլ չնկատեցին դա։ Միայն հարևանի կողմից դռան թակոցը նրանց հիշեցրեց ժամանակի գոյության մասին ...
    - Լավ, սիրունս, ես պիտի գնամ, հիմա կինս կսկսի խանդել ...
    - էլի սկսեց... ախր քեզ անգիր գիտեմ, հաստատ մի 5 հոգու էս ընթացքում արդեն հասցրել ես խոստում տալ ու ...
    - Լավ, շատ բան գիտես, քիչ խոսի, ամեն մեկը քեզ պես ամենագետ չի։
    - Ե՞րբ կգաս նորից։
    - Չգիտեմ ես երբ կգամ, բայց այսօր երեկոյան մենք իրար հետ տեղ ենք գնալու, կզուգվես կզարդարվես, ու կսպասես մի հմայիչ տղայի, անունը՝ Տիգրան, կգա քեզ փախցնելու։
    - Ի՜նչ էլ երազների մեջ ես։ Բա կի՞նդ ...,- ծիծաղեց Նա:
    - Դե երբ հետը ծանոթանամ, էս մեր հանդիպման մասին չեմ պատմի։
    - Լավ, իսկ ու՞ր ենք գնում։
    - Կտեսնես։
    - Ասա, գոնե իմանամ՝ ինչպես հագնվեմ։
    - Ինչպես ուզում ես. քո բիզնես-հանդիպումներից չի, մենք հասարակ մարդիկ ենք, մենք փողկապ ու սրաճիտ կոշիկներ չունենալու դեպքում էլ ենք ...
    - Լավ, էլ մի ... գիտես, որ մեկ է, գնալու եմ։
    - Լավ, լավ, բան չեմ ասում ... ուղիղ 9-ին ձեր տանն եմ ...,- ասաց Տիգրանը ու գնաց դեպի դուռը ,- հա, էն էլ ասեմ, որ ոտքով ենք լինելու, ուզում եմ քաղաքը քեզ ցույց տալ։

    Երեկոյան Երևանը պարզապես հրաշք է. լույսերի հրավառության ներքո, մեղմ երաժշտության տակ զբոսնող զույգերը մի այլ շուք են տալիս մեր քաղաքին։
    - Հիշու՞մ ես այս սրճարանը ...
    - Բա չհիշե՞մ...,- մի պահ հետ գնալով՝ Նա ժպտաց,- Տիգրա'ն, գիտե՞ս, երբեմն մտածում եմ. ի՞նչ կլիներ հետս, եթե չգնայի ... եթե մնայի ու ...
    - Չկորցնեի՞ր նրան...
    - Ես դա նկատի չունեի...ես նրան արդեն կորցրել էի, իմ մեկնելը դրա հետ կապ չուներ։
    - Ուներ։
    - Եթե էլի ես սկսելու, կարող ենք գնալ արդեն։
    - Բայց այդ դու սկսեցիր։
    - Տիգրա'ն...
    Մի քանի րոպեանոց լռությունը խախտեց փոքրիկ ծաղկավաճառը, որ մի կարմիր վարդ էր մեկնել դեպի Նա։
    - Կգնե՞ք։
    - Վերցրու'։
    - Շնորհակալ եմ, փոքրիկ ... ,-գեղեցիկ ու լայն ժպիտը կրկին հայտնվեց Նրա դեմքին,- դու ինչու՞ ես մենակ այս ուշ ժամին,- կռացավ նա ու համբուրեց տղայի ճակատը, ապա սկսեց շոյել գլուխը։
    - Մենակ չեմ, ախպորս հետ եմ ...
    - Իսկ դու ... դու... դու.... ,- Նրա գլուխը դանդաղ բարձրացավ ու հայացքը սառեց դեպի կանգառը , որ գտնվում էր մի փողոց այն կողմ ...,- գնա', փոքրիկ, եղբայրդ սպասում է,- կմկմաց Նա՝ առանց աչքերը փարթելու :
    - Լա՞վ ես :
    - Ըհը ...
    Բարձր ու միջին երթուղայինները, տաքսիներն ու արտասահմանյան մեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, անցնում էին Երևանյան կենտրոնական փողոցներից մեկով ... Նրանք կարծես ֆիլմի ժապավեն պտտեին, որ ցուցադրում էր մի հին, բայց չմոռացված ֆիլմ՝ անցյալի ֆիլմը, որը միայն ցավ ու տառապանք էր ցույց տալիս ...
    - Քեզ ի՞նչ եղավ, է՜ ։
    - Ոչինչ,- սթափվեց նա։
    - Ու՞մ ես նայում։
    - Ոչ մեկին...
    Տիգրանը, որ արդեն վաղուց սկսել էր ուսումնասիրել փողոցի մյուս կողմում գտնվող մարդկանց, այդպես էլ չկարողացավ մի ծանոթ տեսնել :
    «Ծանոթ համարներ»,- հանկարծ նկատեց տղան ու շրջվեց դեպի Նա.
    - Պարզ է...
    - Ի՞նչն է պարզ:
    - Ոչինչ, արի գնանք, արդեն ուշ է, մեզ սպասում են:

    Դիսկոտեկը մարդաշատ էր: Մի քանի տարի առաջ նման բանի մասին միայն երազել կարելի էր ...
    - Երևանյան երիտասարդությունը բավականին առաջադիմել է,- քմծիծաղով ասաց Նա Տիգրանին։
    - Ըհը,- արդեն տարված երաժշտությամբ, պարելով ճեղքելով երիտասարդների հոծ բազմությունն ու առաջ գնալով՝ պատասխանեց երիտասարդը ,- Արմանն արդեն այնտեղ է։
    - Կոլո՞տը։
    - Այո, այո։
    - Բա Ամերիկայում չէ՞ր...
    - Հետ էկավ, ասում է՝ իմ տեղը չի։
    - Գժվել կարելի է...
    - Մի տես, է՜, էս ի՜նչ հրաշքի ես բերել մեր կոմպանիա, Տիգրա'ն...Գարեջուրն իմ կողմից։
    Վերջին խմբագրող՝ kiki: 05.08.2008, 23:33:
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր ...

    Երկրորդ մաս

    - Արման, բայց դու չես փոխվում ...
    - Ինչի լավ չի՞։
    - Շատ լավ է,- ասաց Նա ու ջերմ գրկեց իր մանկական հեքիաթ-անցյալի չարաճճի հերոսներից մեկին։
    - Լսի, բայց դու էլ չես փոխվում գիտե՞ս, նույն տիկնիկն ես մնացել...էդ իսպանացիները հո քեզ բան չե՞ն ասում: Գիտես, չէ՞, մի զանգ, ու տեղում ենք...
    - Դե գիտեմ, գիտեմ, իհարկե,- պատասխանեց Նա ու տեղավորվեց սեղանին կից հարմարավետ բազմոցին։
    - Քեզ, ինչպես միշտ, անանասի հյութ ...
    - Բնականաբար։
    - Դա՞ էլ չի փոխել ... է՜, սիրուն ջան, դու էլ մեզ պես անուղղելի դուրս եկար ...
    Երիտասարդները պարում էին անմոռաց արտասահմանյան քաղցրալեզու կատարողների երգերի արագ ռիթմերի տակ։
    - Բայց այստեղ շատ բան է փոխվել,- սեղանի շուրջ մնացել էին միայն Նա ու Տիգրանը:
    - Բնականաբար, ամեն ինչ էլ փոխվում է ժամանակի ընթացքում, բացի մեզանից ...
    - Շատ բան ինձ դուր չի գալիս։
    - Ոչինչ, մեկ է, գնալու ես, չես հասցնի վատ բաները տեսնել։
    - Ինչի դրանք շա՞տ են...
    - Դե, որ ասեմ... քիչ չեն, բայց հիմա դրա ժամանակը չի, արի ուրախանանք։ Պարե՞նք...
    - Չե, ուզում եմ պարզապես նայել, որ հետո համեմատելու բան ունենամ մյուս գալուց։ Դու գնա, ես քեզ էլ եմ ուզում տեսնել, այ ...,- աչքերով սկսեց փնտրել ,- այն գեղեցիկ, բայց միայնակ պարող աղջկա հետ։
    - Հըմ ...բայց լավիկն ա, գիտե՞ս,- տղան խժռող հայացքով նայեց գեղեցկադեմ ու նուրբ կազմվածքով հայուհուն, ապա շրջվեց դեպի Նա,- ճաշակս էլ, դե, գիտես, էլի ... ,-ապա համբուրեց Նրա ճակատն ու շարժվեց դեպի խելագարված երիտասարդ ամբոխը։
    - Շուտ եմ գալու, չտխրես։
    - Գնա՛, գնա՛։
    Տեսարանը նրա առաջ շատ էր տարբերվում ցերեկային այգու փոքրիկների՝ ոչ պակաս աշխույժ խաղի տեսարանից, բայց սա նրան պակաս դուր չէր գալիս...
    - Հիմա կբերեն անանասդ, չես՞ պարում։
    - Չէ, ես կնստեմ, դու գնա, Արման ջան։
    - Բայց ինչի՞։
    - Դե, ուզում եմ նայել՝ ինչպես են այսօր հայ երիտասարդները պարում։
    - Դե, ես հեռու չեմ լինի, քեզ տեսնելու եմ, համ էլ մուտքին հետևեմ, պետք է ընկերս էլ գա ...
    - Լա՛վ։
    ժամանակը շատ բան է փոխում ...Նրանց երիտասարդ տարիների party-ները, թեև այնքան էլ երկար ժամանակ չի անցել, շատ էին տարբերվում այն ամենից, ինչին նա այժմ նստած հետևում էր ...
    «Այսօր նրանք մթություն են սիրում, մինչդեռ մենք սիրում էինք լույսը՝ երևանյան գիշերների լույսը, մենք ազատություն էինք սիրում, մաքուր օդը, պարզապես քայլել էինք սիրում՝ մագնիտոֆոնը ուսներիս, իսկ այսօր ...» ,- մտքերը նրան կրկին տարան դեպի անցյալ ...
    - Արդեն ուշ է, գնամ տուն ...
    - Բայց դեռ ինն է...
    - Դե ես էլ եմ դա ասում, արդեն ուշ է:
    - Ես մայրիկիցդ հատուկ ներողություն կխնդրեմ, մի քիչ էլ շրջենք, լա՞վ:
    - Չեմ ուզում, գնանք տուն ...չե՞ս ուզում ճանապարհել, ես ինքս կգնամ:
    - Բայց ինչու՞ ես միշտ այդքան չոր ու կոպիտ դառնում ... զիջել գաղափարը քո մեջ բացակայում է :
    - Հիմա ի՞նչ, գալի՞ս ես ...
    - Դե, էդքան համարձակ ես՝ ինքդ էլ գնա :
    - Եվ կգնա՛մ ...
    Ու ամբողջ ճանապարհին Նա զգում էր, թե ինչպես է երկար ստվերը մեկ հայտնվում, մեկ անհետանում նրա հետևում՝ պաշտպան ստվերը ...

    - Ձեր հյութը, օրիորդ։
    - Շնորհակալ եմ ,- ժպտաց նա։
    - Տիգրանին մի տես, է՞, ինչ կպցնել ա կպցնու՜մ,-վերադարձավ Արմանը:
    - Հանգիստ թող նրան ... Մի քիչ քեզանից պատմիր, ինչպե՞ս ես, ինչո՞վ ես զբաղվում... Ասում ես՝ ինչու՞ եկար ԱՄՆ-ից։
    - Ապրելու տեղ չէր ... Մերոնք չէին՝ հայերը չէին, կենդանություն չկա մեջները, Ան ջան, ռոբոտներ են՝ իրենց յանիմ օրենքի գերին ... մեր կոպիտ ու բողոքական, բայց հայկական կենդանի հայացքը, դեմքի արտահայտությունը ավելի եմ գերադասում նրանց կեղծ ու միշտ ժպտացող դեմքերից... դե մեր ժպիտն էլ ա ուրիշ, Ան ջան, այ, նայում եմ հիմա դեմքիդ, ու էս քո համեստ ժպտացող հայացքը նրանց հազարի ներկած ու սարքածի հետ չեմ փոխի ... դե, դու հասկանում ես, դու էլ ես այնտեղ ...
    - Չէ, Իսպանիան ուրիշ է, մենք նման ենք իրար, Արման ջան ...
    - Բայց նույնը չենք, ինչ ուզում ես արա ...
    - Հա, դե, ճիշտ ես ... բայց...օտար չեմ զգում ինձ ...
    - Իսկապե՞ս։
    - Իսկապես: Երևի լավ մարդկանցով եմ շրջապատված, չնայած ... ,- մի պահ լռեց ,-չնայած, ամեն դեպքում, կարոտում եմ...
    - Դե ես էլ եմ դա ասում, ավելի լավ ա իմ փոքրիկ անտեր Հայաստանում, քան ... ,-նա կիսատ թողնելով իր խոսքը սկսեց ձեռքի շարժումով կանչել մեկին։
    - Ա՛յ շաշ, հիմա տես, չի նկատելու, է՛ ...ու՞ր ...էս կողմ ...վերջապես ...Այ հիմա իմ գործընկերը կգա, ավելի ճիշտ շեֆը ... բայց չասես, որ էդպես եմ ասել, ինձ հում-հում կուտի։
    Արմանը վեր կացավ տեղից ու գնաց ընկերոջն ընդառաջ. դա մի 35-ին մոտ բարեկազմ ու լուրջ դեմքով տղամարդ էր, որ կարծես բոլորովին չէր ներգրվում դիսկոտեկային այս տեսարանին ...
    - Վերջապե՜ս, ու՞ր ես ...
    Վերջին խմբագրող՝ kiki: 05.08.2008, 23:40:
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  3. #3
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր ...

    Կիկի ջան... կարդացվում է... պարզապես որոշ տեղեր չեմ կարողանում հասկանալ... Այն կարմիր վարդի պահը... ինչ-որ փոքրիկ.. չհասկացա ինչ է կատարվում... այդ մասը կխմբագրե՞ս.. գոնե ինձ համար...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  4. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր ...

    Երրորդ մաս

    Արյունը երակներում կանգ առավ. երկու հայացք մեխվեցին իրար, ու կայծակնային արագությամբ շանթահարեցին ծանոթ սրտերը ...
    - Ան ջան, ծանոթացիր, ընկերս է՝ Արկադին: Արկադ, սա Արիանան է, իմ մանկության ու դպրոցական ընկերուհին, դե, ինքը ծնված օրվանից եվրոպացի էր, բայց մեզ համար միշտ էլ Աննա ա եղել ... Տիգրանն էլ են կողմում մեկին կպցնելով ա զբաղված,-ծիծաղելով ու կատակելով՝ նա տեղավորում էր ընկերոջը՝ անգամ չնկատելով այն զգացմունքային քաոսը, որ տիրում էր այդ պահին երկու հոգիներում...
    - Սպասեք, գնամ էդ Տիգրանին կանչեմ, երկուսի հետ է արդեն խոսում ... դրա՜ն տեսեք։ Դուք ծանոթացեք, մինչև գամ .... Աննայիս լավ կնայես,- վերջին անգամ կրակեց Արմանը ու կորավ ամբոխի մեջ։
    Հինգ րոպեանոց լռությունը անվերջություն թվաց ... Շուրջը կարծես լռեց. ոչ մի ձայն, ոչ մի շարժում... աշխարհը կանգ էր առել, ու միայն երկու սիրտ էր բաբախում ուժգին։
    Նա կտրուկ վեր կացավ, արագ ու չնկատելով ոչինչ՝ դուրս վազեց՝ դեպի աստիճանները։
    «Ինչի՞ց ես փախչում, հիմա՛ր»։
    Թոքերը լցվեցին մաքուր երեկոյան օդով, որը բացակայում էր ներսում, իսկ ուղեղը ողողվեց թարմությամբ։
    - Ինչու՞ ես փախչում՝ առանց մի բառ ասելու,- լսվեց հետևից,- դա քո ոճը չի, դու միշտ սիրում ես վերջին խոսքը քեզ թողնել։
    Բարեկազմ մարմինը շրջվեց նազանքով, և հանդիպեցին կրկին երկու կարոտով լի, բայց միևնույն ժամանակ սառը հայացքները...
    - Ես չեմ փախչում, պարզապես ինձ համար այնտեղ տհաճ էր ...
    - Այ հիմա արդեն ճանաչում եմ քեզ։
    - Հեգնանքդ քեզ պահիր։
    - Չես փոխվել։
    - Այն էլ ինչքա՜ն ....էլ այն հիմար ու ջահել աղջիկը չեմ։
    - Բայց դու երբեք էլ հիմար չես եղել։
    Կրկին լուռ դադար: Երեկոյան քամին, չնայած իր մեղմությանը, բավականին սառն էր. Նա դողում էր, բայց դա միայն քամու մեղքը չէր։
    - Կմրսես ,- ասաց երիտասարդը՝ հանելով բաճկոնը ,- հագիր։
    - Շնորհակալ եմ, պետք չէ։
    - Նույն համառն ու գոռոզն ես։
    - Ես գոռոզ երբեք չեմ եղել։
    Երիտասարդը ոչինչ չասաց, միայն ժպտաց, ապա մոտեցավ ու գցեց բաճկոնը նրա ուսերին. շատ լավ էր ճանաչում Նրան։
    - Քայլե՞նք։
    - Ոչ։
    - Ինչու՞։ Քեզ ախր դուր չէին գալիս նման տեղերը, դու մաքուր օդ ես միշտ սիրել ու զբոսանք։
    - Ես մենակ չեմ եկել այստեղ, հիմա մի քիչ մաքուր օդ կշնչեմ ու կվերադառնամ։
    - Նա մեզ կհասկանա։ Նա միշտ էլ մեզ հասկացել է...
    - Մեզ չէ, քեզ ... Մի սանրի կտավ եք, իրար միշտ էլ հասկանում եք ...
    - Բայց նա ինձ չի օգնում, այլ քեզ։
    - Մի ծիծաղեցրու։
    - Չեմ էլ ուզում։ Ես այս ամենի հետ կապ չունեմ, հավատա,- կարճ դադարից հետո շարունակեց,- ե՞րբ ես եկել։
    - Երեկ չէ առաջի օրը ... և երեք շաբաթից վերադառնում եմ,- շտապեց տեղեկացնել Նա:
    - Դե արի, գնանք մի փոքր զբոսնենք ...
    - Ես վերադառնում եմ, վերցրու բաճկոնդ ...Շնորհակալ եմ։
    - Երեխայություն մի արա ...
    - Դու չպետք է ինձ ասես՝ ինչ անեմ,- Նա զգաց իր տոնի կոպտությունը ու խոսքերի հիմարությունը, ինքն էլ զարմացավ, որ այդ խոսքերն իր բերանից հնչեցին, ախր շատ ծիծաղելի ու անհեթեթ էին։
    - Ներիր ,- կարճ դադարից հետո արտասանեց Նա։
    Այդ բառը մի փոքր շփոթեցրեց երիտասարդին,- պետք չի, այդ դու ինձ ներիր,- մի քանի վայրկյան հետո, - հիմա ի՞նչ ...

    **************
    Նրանք քայլում էին երեկոյան Երևանով, քայլում էին ու խոսում դեսից-դենից՝ անգամ չնկատելով, թե ինչպես են ժամերը փոխարինում իրար։ Պատմում էին իրենց գործերից. վերջապես երկուսն էլ գործարար մարդիկ են, այնպես որ խոսելու թեմա կա՝ բիզնես ու ֆինանսներ, չնայած երկուսի համար էլ կարևոր չէր, թե ինչ թեմայով են խոսում։ Կարևորը դա չէր։
    - Արդեն ուշ է։
    - Չէ, դեռ ժամը մեկն է։
    - Դե, ես էլ դա եմ ասում, արդեն ուշ է։
    Նրանք նայեցին իրար, ու բարձր ծիծաղը տարածվեց շուրջբոլորը։
    - Ծանոթ տեսարան։
    - Ըհը,- ժպտաց նա իր ամենաանկեղծ ժպիտով՝ մեղմ հայացքով փշաքաղելով Արկադիի ողջ մարմինը։
    - Իրոք ուշ է, ես պետք է գնամ։
    - Լավ։
    Տիկին Սոնյան անակնկալի եկավ, բայց անմիջապես ներս հրավիրեց հյուրին՝ իր ֆիրմային թեյը առաջարկելով: Երիտասարդը քաղաքավարի շնորհակալություն հայտնելով, այնուամենայնիվ, հրաժարվեց ու մի թախծոտ հայացք գցելով՝ հրաժեշտ տվեց.
    - Շնորհակալ եմ իմ կյանքի ամենաերջանիկ ու ամենակարևոր երեք ժամի համար։
    Վերջին խմբագրող՝ kiki: 05.08.2008, 23:45:
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  5. #5
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր ...

    Կիկի ջան... համեմատաբար պարզ է... Կսպասեմ շարունակությանը..
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  6. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր ...

    Չորրորդ մաս

    - Խոսելու տեղ չունես։
    - Բայց ես չեմ էլ խոսում...
    -Ան, իմացի, հա՜, ես գաղափար չունեի էդ ամեն ինչի մասին, էդ Տիկոյի ձեռքի գործն էր,- արդեն երրորդ անգամ արդարացավ Արմանը՝ ագահաբար խժռելով տիկին Սոնյայի պատրաստած քաղցրավենիքը։
    - Դու էլ սուս, անմեղ ես, հա՞... իբր չգիտեի՞ր՝ ով է գործընկեր կոչվածդ ... չէ, վայ, կներես, շեֆդ,- Նա ինքն էլ չէր հասկանում՝ ինչու էր այդքան բարձր խոսում և այդքան բարկացած ու վրդովված։ Երևի գոռալ էր ուզում, և մի պատճառ էր պետք մեջը կուտակված էներգիան դուրս թափելու համար։ Գլուխը ցավում էր անքնությունից ու երկար արցունք թափելուց. ամբողջ գիշեր աչք չէր փակել, ու անց էր կացրել անցյալից եկած «հյուրերի» հետ։
    - Ա՛ն ...
    - Ասեցի՝ սուս, խոսելու տեղ չունես։
    - Դե լավ, ասեցի՝ չեմ խոսում,- մի երկու վայրկյան հետո ,- բայց մի բան ասեմ ու նոր ոչինչ չխոսեմ, էլի ...
    - Ո՛չ։
    - Ինչու՞։
    - Չգիտեմ։
    - Վախենու՞մ ես։
    Մի կրակոտ ու բարկացած, բայց միևնույն ժամանակ հոգնած հայացք թռավ տղայի դեմքին։
    - Որ բարկանում ես, հետդ խոսել չի լինում։ Դու էլ շուտ կեր-վերջացրու ,- շրջվեց նա դեպի Արմանը...
    - Տիգրան ջան, հանգիստ թող Արմանին, դու էլ նստի, մի բան չկերար ախր ... թեյդ էլ սառեց,- փորձեց լարված մթնոլորտը ցրել տիկին Սոնյան,- Արման ջան, դու կեր, մի լսիր, թող կռվեն ինչքան ուզում են։
    - Ըհը,- մեկը մյուսի ետևից բլիթներն անհետանում էին Արմանի ափսեից։
    - Արման ջան, բա Դավի՞թը։
    -Չէ, չի գալիս, տիկին Սոնյա ջան, դա կարճ յուբկաների սիրահար ա։ Հազար ասի՝ հետ արի, էդ կարճ յուբկաներից հիմա Հայաստանում էլ շատ կա։

    - Նստի՛ր։
    - Չեմ ուզում։
    - Անհնար ա քեզ հետ։
    - Ինձ առաջին օրը չես ճանաչում։
    - Լավ, ես գնամ, միևնույն է, հիմա հետդ խոսել չի լինում, երեկոյան կզանգեմ։ Արման, վեր կաց, հերիք ուտես։
    - Մի մտածի, Տիգրան ջան,- երիտասարդներին ճանապարհելիս կամաց շշնջաց տիկին Սոնյան,- դու գիտես՝ քեզ վրա չի բարկանում, պարզապես ....
    - Հասկանում եմ, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Երեկոյան կզանգեմ։ Առայժմ։
    - Տիկին Սոնյա ջան, դուք հրաշք եք, ձեր բլիթներն էլ հետը ... էն թեյից կպահեք, էլի գալու եմ,- ասաց Արմանը՝ արագ-արագ ծամելով վերջին կտորն ու աստիճաններով ցած իջնելով։

    *********************
    «Ես կխելագարվեմ այսպես։ Ինչու՞, ինչի՞ համար ... ախր ես չէի ուզում ... Դե լավ, էլ մի սկսիր, լավ էլ գիտեիր, որ գալով այստեղ՝ նրան կարող ես տեսնել։ Դեռ կանգառում հասկացար դա... Բայց ախր դա, հնարավոր է, նա չէր, պարզապես նրան նման մեկը ... իսկ ... »։
    - Բան չե՞ս ուզում, աղջիկս,- Նրա մտքերի շարքը կտրեց հոգատար մայրը:
    - Չէ, մամ, ներս արի։
    Նա գրկեց մորն ու երկու իրար սիրող էակներ, անկողնու վրա փաթաթված նստած, ժպտում էին։
    - Տիգրանի հետ լավ չվարվեցիր, բալես, էդպես պետք չի, քո մասին մտածելով է արել ախր։
    - Գիտեմ, մամ, ու, անկեղծ ասած, իրեն ինչ-որ տեղ շնորհակալ եմ, պարզապես ... պարզապես ինքնասիրությունս թույլ չտվեց նրան դա ասելու։
    - Բայց ախր ի՞նչ ինքնասիրություն, մանկուց իրար գիտեք հինգ մատի պես, իրար մտքեր էիք կարդում, մոռացա՞ր։
    - Չէ, մամ, չեմ մոռացել, ու հուսով եմ՝ այս անգամ էլ կարողացավ մտքերս կարդալ։
    - Հա, աղջիկս, լավ կլինի ամեն ինչ, ավելի լավ է՝ մի քիչ քնես, գիտես՝ չե՞մ նկատել, որ անցած գիշեր աչք չես փակել։
    - Լավ, մամ,- լայն ժպտաց նա, նայեց մոր մեղմ ու քնքուշ աչքերին ու համբուրեց բարի ճակատը, այնուհետև կրկին պինդ գրկեց ու շարունակեց,- գիտե՞ս՝ ինչքան էի քեզ կարոտել, ինչքա՜ն էի զգում կարիքդ ...
    - Դե էլ մի լացացրու, արդեն լավ կլինի, հետդ կգամ վերջապես, նորմալ կհետևեմ քեզ, թե չէ էդ Եվրոպա կոչվածում արդեն ոսկորդ ու կաշիդ է մնացել, մի նորմալ բան էլ չկա երևի, որ ուտես...
    - Մամ, գիտե՞ս, դու հրաշք ես,-արցունքախառը ծիծաղեց Նա։
    - Քնի, քնի, վաղը կպարզենք՝ ով է հրաշք, ով՝ չէ ,- մայրը ծածկեց աղջկան, մի ջերմ համբույր նվիրեց ու կամաց փակեց սենյակի դուռը։
    Նրա գլխում ու հոգում արդեն ամեն ինչ տակնուվրա էր եղել: Գրկել էր տաք բրդյա վերմակը և լաց էր լինում։ Պարզապես լաց էր լինում՝ անճարությունից, վիրավորանքից ու հիշողություններից ...
    Հանկարծ կայծակի նման վեր թռավ տեղից, բացեց պահարանը, հանեց մի տուփ ու սկսեց արագ-արագ փորփրել այն։ Վերջապես անհամար թղթերի ու թղթապանակների մեջ ծոցատետր գտավ ու արագ թերթելով էջերը՝ կանգ առավ մի հեռախոսահամարի վրա:
    Վերջին խմբագրող՝ kiki: 05.08.2008, 23:51:
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անվերնագիր....
    Հեղինակ՝ Alex-Grig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 26.11.2016, 21:27
  2. Անվերնագիր
    Հեղինակ՝ delicate, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2015, 20:43
  3. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 28.08.2012, 12:51
  4. անվերնագիր...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.03.2011, 22:39
  5. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Marii, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.06.2010, 21:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •