…- Ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո մենք նորից կհանդիպենք…,- մոտենալով զորանոցի հենց կենտրոնում նորեկների խմբի մեջ կանգնած Տիգրանին՝ զարմացած հայացքով վերից վար նրան չափեց Վահանը…
Հենց նույն երեկոյան Վահանը, որը հասցրել էր իր համար բավականին յուրօրինակ դիրք ստեղծել աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած այդ զորամասում, Տիգրանին հրավիրեց իր մոտ:
- Հը՞, ասպետ, էլի նույնն ես մնացել, չէ՞: Քե՞զ ինչը բանակ բերեց:
Տիգրանը մի պահ նայեց Վահանի դեմքին, իսկ հետո հայացքը փախցնելով պատասխանեց.
- Այդպես էր պետք Վահան, պետք էր…
Վահանը չկարողացավ ժպիտը թաքցնել, սակայն արագորեն իրեն հավաքեց և ասաց.
- Տո ի՞նչն էր պետք, այ տղա, քո ի՞նչ տեղն է բանակը…: Քեզ համար հանգիստ նստեիր էլի քո համալսարանում: Պիտի անպայման տեսնեիր, հա՞, այս ամենը:
- Ես նստեմ, դու նստես, նա նստի: Բա էս երկրի համար ո՞վ խրամատում կանգնի,- իր խոսքերի ակամա պաթոսից վատ զգալով՝ պատասխանեց Տիգրանը:
- Երկրի հա՞, ասում ես երկրի՞: Տո էս երկիրը քեզ ի՞նչ է տվել, որ դու իրեն ինչ տաս: Տո էս երկիրը չի, որ…
Վահանը ուզում էր շատ բան ասել և կասեր էլ, բայց նայելով Տիգրանի հասկացած ու ամեն ինչ արդեն ընկալած դեմքին, փախցրեց հայացքն ու կրկին հետ ընկավ իր անկողնու վրա.
- Դու ճիշտ ես, Վահան, դու ամեն ինչում ճիշտ ես,- պատասխանեց Տիգրանը,- Դու պարզ ու տրամաբանական ես մտածում: Հասկացիր, Վահան, ես հիմար մարդ չեմ և ոչ էլ կույր եմ: Բայց ես վախենում եմ այդ տրամաբանությունից, հա, հենց այդ տրամաբանությունից եմ վախենում: Դրա երեսից է երևի եղել, որ մեր ծովից-ծով երկրից այս մի բուռն է մնացել: Դրա երեսից էր երևի, որ Կարսի պես ամրոցը առանց կռվի հանձնվեց…: Չգիտեմ, Վահան, չգիտեմ, բարդ բան ես ասում, շա՜տ բարդ: Դու մի հարց ես բարձրացնում, որի պատասխանը ես չգիտեմ: Չգիտեմ Վահան, իրոք չգիտեմ: Ու գիտես, Վահան, ես վախենում եմ: Հա, մի զարմացիր, դու ինձ լավ գիտես ու ես նույն Տիգրանն եմ մնացել, բայց ես վախենում եմ: Ես վախենում եմ այդ պատասխանն իմանալուց, հասկանո՞ւմ ես: Վախենում եմ, որ հանկարծ կպարտվեմ այդ պատասխանի անհաղթահարելի տրամաբանության առաջ...
Վահանը հայացքը հառեց Տիգրանի ակամա հուզված դեմքին ու չիմացավ ինչ ասել: Նա ոտքի կանգնեց, անկողնուն մոտեցրեց զինվորական աթոռակն ու սկսեց իր պահարանի պարունակությունը շարել նրա վրա:
- Գիտե՞ս, Տիգրան,- խոսակցությունը վերսկսեց Վահանը,- ես Ռուսաստանում լավ գործ էի անում ու հեչ ցանկություն էլ չունեի այս ծակում նստելու: Ուղղակի ուրիշ ելք չկար, դրա համար էլ որոշեցի գալ ու ծառայել: Ծառայել հայրենիքին,- վերջին բառերը Վահանը նետեց թեթևակի հեգնանքով:
- Դու քո ընտրությունն ես արել, Վահան: Ամեն տղամարդ իր ընտրությունն ինքը պետք է կատարի: Դու էլ քոնն ես կատարել: Բայց հաշվի առ, որ պետությունն ու հայրենիքը չեն նույնանում: Դու կարող ես պետությանը չսիրել, հայհոյել նրա ղեկավարությանը, հայհոյել հաճախ տեղին, իսկ երբեմն էլ ուղղակի սրտնեղությունից, բայց հայրենիքի հետ գործ չունես: Հայրենիքը ամեն ինչից վեր, բացարձակ, վերին մի բան է...
Վահանը հայացքը մի պահ հառեց ընկերոջ դեմքին, որից հետո սկսեց հյութի բանկան բացել:
- Գիտե՞ս, Տիգրան, ես երբեմն նախանձում եմ քեզ պես մտածող մարդկանց: Հա, հա, իրոք…: Ապրում եք ձեր աշխարհում, հավատո՜ւմ եք…: Դե լավ, լա՜վ…, լցրու, մոտ քաշիր բաժակդ ու լցրու: Արի մի կողմ թողնենք այդ բարձր թեմաները: Դեռ կտեսնես այս ամենը, կմտածես…: Մոտ քաշիր, ասում եմ, վերցրու այս հավի բուդը: Գիտե՞ս, երբեմն մոտիկ գյուղի հետ կապ ենք պահպանում ու այնտեղից մի բարի կին մեզ բնական հյութ ու նման լավ բաներ է ուղարկում:
Ընկերները լցրեցին բաժակները և Վահանն առաջինը ոտքի կանգնեց.
- Այս զորամասում սեղանը սկսելու ձև կա: Ամեն սեղան նստելիս առաջին բաժակը խմվում է տղերքի կենացը…,- հետո հառաչելով ավելացրեց,- ամպերից վերև ծառայող տղերքի կենացը, Տիգրան, հասկանո՞ւմ ես...
…Արդեն մի քանի ժամ էր, ինչ Տիգրանի ջոկի կեսը շարժվում էր անտառով: Իրենք սնունդ և ջուր բերելու համար հենակետից դուրս էին եկել վաղ առավոտյան ու դրա համար էլ շտապում էին շուտ զորամաս հասնել: Քայլողների մեջ տարիքով ամենամեծը Վահանն էր, իր հրաձիգը, իսկ հետո արդեն ինքն էր՝ ջոկի հրամանատար Տիգրանը: Մյուս երկուսը՝ գնդացրորդն ու օգնականը, հազիվ տասնութ-տասնինը տարեկան տղաներ էին: Ի՞նչ պատահեց, երբ հանկարծ առջևից գնացող տղաներից մեկն օրորվեց ու հառաչելով ընկավ: Տղաները հազիվ հասցրեցին նկատել դա, երբ անտառը կարծես սկսեց հնձվել: Հնձվել մի աներևույթ փայտահատի ձեռքով: Տղաներից ևս մեկն ընկավ: Առաջիններից մեկը պառկած Տիգրանն անմիջապես մարտական վիճակի բերեց ավտոմատն ու կրակ բացեց, դեռևս ինքն էլ հստակ չպատկերացնելով, թե ում վրա: Սակայն հեղեղի պես կարծես հենց ծառերից թափվող գնդակների տարափը մի պահ թուլացավ միայն այն բանից հետո, երբ Վահանը սկսեց "խոսեցնել" հաստիքային "ՊէԿա"-ն:
Տղաները պառկեցին քարերի հետևում: Վահանն արագորեն գլորվեց Տիգրանի մոտ:
- Թակարդն ենք ընկել, Տիգրան, երևի թուրքերի սպեցնազն է: Զգո՞ւմ ես, դրանց կողմից կրակոցների ձայն չկա: Բոլոր զենքերը գլուշիտելներով են…
Տիգրանը և Վահանը քաշելով մոտիկ բերեցին երկու վիրավորներին ու մի կերպ փորձեցին վիրակապել նրանց վերքերը: Սակայն վիրավորների վիճակը անհույս էր և մի քանի վայրկյանից Տիգրանի ու Վահանի մթամած հայացքների տակ տղերքի հոգիները սավառնեցին վեր, բարձրացան վերև, ավելի վերև ու միացան ամպերից վերև ծառայող տղերքին: Եվս երկու հոգով ավելացավ էն տղերքի թիվը, որոնց կենացը կխմվի աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի, թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած զորամասում: Նման բաները դաժանացնում են մարդկանց, դաժանացնում են ու մեծացնում…
- Խաչիկներ, հանձնվեք, դուք շրջապատված եք ու մեր իշխանության տակ եք: Հանձնվեք ու ձեզ ոչինչ չի լինի,- հանկարծ ռուսերենով լսվեց մի ձայն. երևի թշնամու հրամանատարի ձայնն էր:
- Իրո՞ք բան չի լինի,- փորձելով ժամանակ շահել՝ ռուսերենով գոռաց Տիգրանը,- իսկ դո՞ւք ինչ պիտի անեք: Մենք այստեղ մի ամբողջ ջոկատ ենք ու հաստատ կդիմանանք՝ մինչև մերոնց հասնելը:
Հանկարծ սպիտակ թաշկինակը գլխից վեր բռնած ու այն թափահարելով ադերբեջանական բանակի համազգեստով մի սպա դուրս եկավ ծառերի հետևից ու սկսեց մոտենալ փոքրիկ բացատին: Կանգնելով նրա կենտրոնում՝ նա առաջարկեց բանակցություններ սկսել.
- Վահան, սպասիր ես գնամ սրա հետ խոսեմ: Մեկ էլ տեսար կարողացանք ժամանակ շահել, մինչև մերոնք կհասնեն, իսկ դու մնա դիրքերում ու նշանից բաց չթողնես այս թուրքին,- ասաց Տիգրանը:
Վահանը "ՊեԿա"-ով հարմար դիրքավորվեց, իսկ Տիգրանը դուրս եկավ ու մոտեցավ թշնամու սպային:
- Կապիտան Յուսուպով,- ռուսերենով ներկայացավ ադերբեջանցին:
- Կրտսեր սերժանտ Պետրոսյան,- ռուսերենով պատասխանեց Տիգրանն ու սկսեց դիտել զրուցակցին:
- Լսիր, կրտսեր սերժանտ, երևի դու էլ արդեն զգացիր, թե քո ջոկատին ովքեր են սեղմել,- սկսեց ադերբեջանցի սպան՝ բազմանշանակ տեսքով գլխից վերցնելով և ձեռքերի մեջ խաղացնելով բոսոր կարմիր բերետը,- այնպես որ տեսնում ես, որ դուք այլ ելք չունեք: Առաջարկում եմ չփակել մեր ճանապարհը և հանձնվել: Ես Աֆղանստան եմ անցել, դրա համար էլ խոստանում եմ ձեզ բոլորիդ կյանք… մնացածը հետո կերևա: Դու ինքնդ էլ ես հասկանում, որ դուք ուրիշ ելք չունեք:
- Ելք միշտ էլ կա,- պատասխանեց Տիգրանը և աջ ձեռքը բարձրացնելով՝ բարձր ու վստահ ձայնով հրամայեց,- չկրակեք, տղերք, սպասեք, մենք դեռ խոսում ենք,- որից հետո դառնալով զրուցակցին, ասաց,- դու ինքդ հասկանում ես, կապիտան, որ մենք չենք կարող քեզ ճանապարհ տալ ու մինիմում կդիմանանք, մինչև մերոնց հասնելը: Իսկ քեզ, ինչքան հասկացա, ժամանակը սեղմում է: Դրա համար էլ առաջարկում եմ՝ թողեք ու հեռացեք: Ձեզ ոչինչ չի լինի: Կհասցնեք հասնել ձեր դիրքերին…
- Լսիր, սերժանտ, ջահել տղա ես, ափսոս ես, դատարկ բաներ մի ասա: Եթե ես ուզենամ, մի վայրկյանում կլուծեմ ձեր հաշիվներն և ուղի կբացեմ մինչև ջրամբար…,- հանկարծ ադերբեջանցին զգաց, որ մի քիչ շատ է խոսել և կտրուկ ընդհատեց խոսքը:
- Իմ առաջարկն ուժի մեջ է մնում, կապիտան, լա՜վ մտածիր, ձեզ հինգ րոպե ժամանակ եմ տալիս,- ինքն էլ զարմանալով իր հանգստության վրա՝ շարունակեց Տիգրանը:
- Լա՜ա՜վ,- ձգեց ադերբեջանցին ու բերետը քաշեց գլխին,- կտեսնե՜նք…
Զրուցակիցները բաժանվեցին ու արագորեն վերադարձան իրենց դիրքերը:
- Հ՞ը, Տիգրան, ի՞նչ խոսեցիք,- միանգամից հարցրեց Վահանը իր կողքին կրկին դիրքավորված Տիգրանին:
- Ես թուրքերին հինգ րոպե ժամանակ տվեցի, որ հեռանան,- կողանց նայելով Վահանին, ասաց Տիգրանը,- բայց մեր ժամանակը քիչ է, քա՞նի մագազին ունենք:
- Թուրքերին ժամանակ տվեցի՞ր,- ականջներին չհավատաց Վահանը,- դու թուրքերին ժամանակ տվեցիր, որ իրենք հեռանա՞ն:
- Հա, բա ինչ անեի, էդ կոտոշը առաջարկում էր, որ մենք հանձնվենք,- պատասխանեց Տիգրանը, նայեց Վահանին ու վստահ շարունակեց,- ինչքան քեզ ճանաչում եմ, դու հանձնվող պտուղը չես…: Իսկ դրանց ջոկատը խնդիր ունի Մարտակերտի ջրամբար դուրս գալ: Հասկանո՞ւմ ես…: Մի խոսքով, դրա համար էլ առաջարկում եմ հավաքել ու երկուսիս միջև կիսել մագազինները, իսկ "ՊեԿա"-ն դիրքավորել այստեղ: Մենք լրացուցիչ դիրքերում արագ-արագ դիրքերս փոխելով ու կրակելով ցույց կտանք, թե իբր այստեղ մի մեծ ջոկատ է դիմադրում: Իսկ այդ ընթացքում մեկ էլ տեսար մեր կրակոցներից ու հանած աղմուկից մերոնք օգնության եկան: Սա է մեր պլանը…
- Սուվորովիս տեսեք,- փնթփնթաց Վահանը,- ախր ասում էի, որ գրքերդ քիչ կարդաս: Քեզ համար հանգիստ նստեիր էլի համալսարանումդ…
- Ես նստելը կնստեի, բայց որ իմ ծանոթ լավ տղերքից մեկը Ռուսաստանի գեղեցկուհիներին ու իր ծաղկող բիզնեսը թողած եկել է այս ծակում ծառայելու, ուրեմն կյանքը ավելի բարդ մի բան է, քան ես ու դու ենք պատկերացնում…
Էջանիշներ