…- Ի՜նչ գեղեցիկ է տիկին Գրիգորյանը,- անկողնուց մի պահ վեր կենալով ու փորձելով իր գեղեցիկ խալաթներից մեկը և նազելիորեն շորորալով հայելու մեջ՝ ասաց Գայանեն, որսալով իմ հիացած հայացքը և ակնարկելով ազգանունս, որից հետո կրկին գցելով խալաթը վրայից, չարաճճի ժպիտով նետվեց գիրկս:
- Դե լավ, Գայան ջան, քեզ քո ազգանունն էլ վատ չի սազում,- կատակի տվեցի ես:
- Չէ դու պատկերացրու, ինչ հիանալի բան կլինի, մենք տղա կունենանք ու անունը կդնենք Ալեն,- շարունակեց երազել նա:
- Ի՞նչու Ալեն,- մռայլվեցի ես,- հայ տղային ավելի է սազում իսկական հայկական մի անուն, ասենք Հայկ, Տիգրան, Վահան…
- Է՜Է՜Է՜, դու էլ բան գտար էլի, ինչ պապիս թվի անուն կա, կասես,- չհամաձայնեց Գայանեն հետո անակնկալ ավելացրեց,-… լսիր, բայց պատկերացրու ինչ լավ զույգ կլինեինք մենք, ինչ կսազեինք իրար,- ու սպասողական նայեց ինձ:
- Լսիր Գայ, երևի մոռացել ես չէ՞, որ տղերքը կրակի պես վախենում են ամուսնանալու հեռանկարից,- կատակեցի ես՝ փորձելով շեղել թեման, թեև հասկանում էի, որ սկսվում է մի լուրջ խոսակցություն, որը, մեր մեջ ասած, վաղուց էր հասունացել:
- Բայց պատկերացրու ինչ լավ կլիներ, որ ամուսնանայինք, մենք անվերջ կսիրեինք իրար,- արդեն ավելի լուրջ տոնով շարունակեց Գայանեն ու կրկին սպասողական հայացքը հառեց վրաս:
- Գայ ջան, ախր դու մեր հանդիպման հենց սկզբի պահերից երևի զգացել ես, չէ՞, որ ես ամուսնանալու մտադրություն չունեմ: Հիշում ես, որ Արմենի հետ երեքով նստած էինք, ես ասացի այդ մասին:
- Ախր ինչո՞ւ չես ուզում ամուսնանալ, այ մենք հիմա իրար հետ ապրում ենք, այն ժամանակ էլ կապրենք, ուղղակի մշտապես իրար հետ կլինենք,- անհանգստացած շարունակեց Գայանեն:
Ես նայեցի Գայանեի մշտապես դյութիչ սևուկ աչքերին: Ինչպե՞ս ասել կամ կիսվել, ինչպե՞ս բացատրել այն ամենը, որ զգում եմ: Ինչպե՞ս ասել, որ մեր հանդիպման գրեթե առաջին պահերից սիրտս կրծում է մի անհաղթահարելի որդ: Ինչպե՞ս բացատրես սիրած ու պաշտածդ կնոջը, որ դու սիրում ու պաշտում ես նրան հենց այսպես և ոչ այլ կերպ: Ինչպե՞ս փորձես համոզել, որ նա համակերպվի այս ամենի հետ: Ախր դա արդար էլ չէ, եթե նա սիրում է և իրեն էլ սիրում են, ինչու այս ամենը չհավերժացնել ամուսնությամբ: Ինչո՞ւ համակերպվել…: Նա իհարկե չի փորձի հասկանալ, որ իր սիրած տղամարդուն հաճախ զայրացնում են սիրած էակի կարմիր շալվարները, վառ շրթներկերը, վերջերս ներկած բաց շեկ մազերը և հատկապես դրանք փոխելու վերաբերյալ իր ամենանգամյա դիտողությունների անտեսումը: Մյուս կողմից էլ այս Ալենը, ի՞նչ Ալեն, ինչո՞ւ Ալեն…: Ախր դու ուզում ես, որ քո տղային մայրիկը փոքրիկ տարիքից կարդա ''Սասունցի Դավիթ''-ն ու նա մեծանա որպես մի իսկական հայ, ոչ թե գնա Ալենի հետքերով: Հետո ախր դու էլ գիտեիր, չէ՞, որ այս ամենը մի օր վերջանալու է, որ դուք այլևս իրար հետ չեք լինի, ու եթե որպես տղա դու դեռ կկարողանաս քո տեղը գտնել, ապա նրա համար այս թանկագին ժամանակը, որ նա անցկացնում է քեզ հետ, քչացնում են հետագա հաջողության նրա հնարավորությունները: Գիտեիր չէ՞, ու շատ լավ էլ պատկերացնում էիր ձեր անխուսափելի բաժանման տխուր հեռանկարը, զգում էիր դա: Նույնիսկ ինքնդ քեզ երբեմն փնովում էիր, հոգուդ խորքում խղճում էիր նրան ու խոստանում, որ մյուս հանդիպումը կլինի վեջինը, հետո նայում էիր նրա երջանիկ ու բավարարված աչքերին ու համոզում էիր քեզ, որ չէ, ժամանակը չէ, մի քիչ հետո կխոսենք…
- Է՜Է՜Է՜, Գայան ջան, ամեն ինչ այդքան էլ պարզ չի:
- Շատ էլ պարզ է, դու ես բարդացնում,- նեղացած աչքերով նայեց վրաս Գայանեն ու փախավ գրկիցս,- ուղղակի դու ինձ չես սիրում:
- Խենթուկ, ոնց կարող ես նման բան ասել:
- Իհարկե, եթե սիրեիր, կուզենայիր ամուսնանալ, կուզենայիր ինձ հետ հավետ լինել, այլ ոչ թե այսպես,- նեղացած ասաց Գայանեն ու սկսեց արագորեն հագնվել:
Չէ, ի՞նչ կարող ես ասել, մարդը ճիշտ է ասում, ինչպես երկու անգամ երկուսը հավասար է չորսի, ապացուցում է քեզ, որ չես սիրում: Ուղղակի հարցն այն է, որ զգացմունքները երբեմն ավելի բարդ են, քան տրամաբանական մտահանգումները և որ այդ ոլորտում երբեմն ստացվում է անտրամաբանական արդյունք…
… Ծեր քանդակագործը, որ գրեթե վերջացրել էր աշխատանքը իր աննման ստեղծագործության վրա, սկսեց հիացմունքով դիտել այն: Սակայն քանդակի վրայի ճեղքը ավելի էր մեծացել ու սպառնում էր բոլորի համար տեսանելի դառնալ…
- Գայան, Գայ մի րոպե սպասիր,- ասացի ես ու արագորեն ոտքի կանգնելով, մոտեցա պատուհանի մոտ հեկեկացող ու արցունքները սրբող Գայանեին:
Ես գրկեցի նրան ու սրբեցի արցունքները:
- Գայան ջան, դու բարդ հարց տվեցիր, ու այդ հարցը ինձ վաղուց է կրծում: Հավատա, դրա պատճառով ես չեմ կարողանում նորմալ ապրել: Ես քո մասին շատ եմ մտածում, ու մեր ամեն մի հանդիպումը խիստ թանկ է նստում վրաս: Ես ինձ լավ չեմ զգում: Ես ինձ մի նեղսիրտ էգոիստի պես եմ զգում:
- Թող, ամեն ինչ հասկանալի է,- նեղացած կրկին փախավ գրկիցս Գայանեն,- ես եմ հիմար, ի՜նչ հիմար, ինչո՞ւ հավատացի, հույս կապեցի քո հետ…:
- Ախր Գայան ջան, հավատա դա էլ է ինձ սկզբից տանջել, ախր դու էլ սկզբից գիտեիր, որ այսպես կլինի: Է՜խ դու…: Գիտես, երևի ես էլ սխալվեցի, երբ դու ասացիր, որ այս ամենի պատասխանատվությունը դու քո վրա ես վերցնում ու պետք չի, որ ես մտահոգվեմ, տխրեմ քո մասին, որ դու մեծ մարդ ես ու պատասխանատու ես քո արարքների համար,- ցավով հիշեցի ես,- ես սխալվեցի…
… Երևանյան երեկոները մեր քաղաքում նաև տաղտկալիորեն միօրինակ են անցնում: Սովորաբար աշխատանքային ժամերի ավարտից հետո երիտասարդները լցվում են փողոցներն ու այգիները և սկսում են ապրել, փորձելով փնտրել ու գտնել այն միակին և անկրկնելուն, որը նախատեսված է միայն իրենց համար: Այս կամ այն ուժգնությամբ հալածվելով միայնություն կոչված հիվանդությունից, նրանք փորձում են գտնել իրենց պատասխանները: Այդ խենթ ու խելառ երիտասարդներից մեկը պակասել էր, քանի որ գտել էր իր պատասխանն աննման սև աչքերով մի գեղեցկուհու հայացքում: Խանդոտ միայնությունը որոշ ժամանակ փնտրեց նրան, փնտրեց հիմնավոր ու բարեխղճորեն, սակայն չկարողացավ գտնել: Ի վերջո նա համարձակ քմծիծաղեց և սկսեց ուրիշ գործով զբաղվել: Նա հասկացել էր, որ վաղ թե ուշ, իր փնտրած երիտասարդը ինքը կգա իր մոտ…
… Աշխատանքային հերթական օրվա ավարտից հետո ես սկսեցի իմ սովորական երթուղին՝ այս անգամ Աբովյան փողոցով դեպի վերև: Անշտապ քայլելով՝ ես հասա իմ այգուն և սկսեցի գրեթե աննպատակ զբոսնել: Հասա քանդակագործի կողմից ստեղծված կախարդական գեղեցկության արձանին և ցավով տեսա նրա վրա մեծացած ճեղքը, որն արդեն որևէ կերպ վերականգնել հնարավոր չէր: Սակայն գեղեցկությունից խենթացած վարպետը կանգնել էր նրա կողքին և անզոր ու գրեթե անիմաստ պայքար էր մղում ճեղքի դեմ, փորձելով վերացնել կամ գոնե սքողել այն: Արդեն ինչքա՞ն ժամանակ է անցել, որ իմ կողքին չեմ զգում Գայանեի կենսախինդ, ծիծաղկոտ ու կախարդականորեն դյութիչ շնչառությունը: Քանի-քանի մենակ երեկոներ եմ անցկացրել իր սեփականությունը վերստացած խանդոտ միայնության հետ: Իհարկե եղել են և կանայք, եղել են նաև հանդիպումներ, սակայն ամեն մի կնոջ մեջ ես փնտրել ու ցավով չեմ գտել Գայանեի թովչանքը, նրա աչքերի անհատակ խորությունը: Ու հիասթափված հերթական հանդիպումից՝ հոգնած քայլերս ուղղել եմ դեպի տուն: Կեցցե՜ս Արմեն, երևի դու ինձանից խելոք էիր, որ միանգամից որոշեցիր հեռու մնալ այդ աղջկանից: Այդ դու չե՞ս իմ առջևից քայլում, որ բռնել ես պարզորեն ժպտացող այն նուրբ աղջկա ձեռքը, իսկ երկուսիդ մատներին կասկածելիորեն փայլում է ամուսնական մատանի կոչվող կախարդական օղակների զույգը: Այդ երջանիկ տեսարանը կարծես մի անհաղթահարելի ուժով տակնուվրա արեց հոգիս…: Զգացի, որ բոլոր իմ խենթ ու խելառ ընկերուհիները չարժեն Գայանեի մի պարզ ու հասարակ ժպիտին, մոռացա, ավելի ճիշտ դիտավորյալ խլացրի բոլոր կասկածներս ու սկսեցի ինձ համոզել, ինքս ինձ համոզել մեծ ուժով, կրքով ու կողմնակալությամբ, որ զգում ու տեսնում եմ մի սովորական ընտանեկան երջանկություն, վախեցա, որ անցել եմ նրա կողքով ու այն արդեն իմ ետևում է… ու հավաքեցի ծանոթ համարը…:
Էջանիշներ