- Դեռ չե՞ս հոգնել այս ամենից,- գոռոզ կերպով նետեցիր դու,- ինչո՞ւ անջատեցիր հեռախոսդ...
- Դա քեզ չի վերաբերվում,- պատասխանեցի ես՝ այդ պահին այլ ասելիք ուղղակի չգտնելով:
- Ի՞նչ վատ աղջիկ է,- ծիծաղեց գորշազգեստ ուղեկիցս,- ու դու կարծես թե սիրում էլ ես նրան: Նա էլ քեզ է սիրում: Հիշո՞ւմ ես նրա հիացած հայացքը: Զանգահարիր նրա, նա կհասկանա քեզ, նա կքայլի քո հետ այս կյանքում...
- Վատ աղջիկ չէ, ես նույնիսկ կասեի, որ շատ էլ լավն է. գեղեցիկ է, վատ կրթություն չի ստացել, ընտանիքն էլ ոչինչ... բայց դե... ի՞նչ ասեմ:
- Էլ ի՞նչ ես ուզում: Վերցրու հեռախոսդ ու զանգահարիր: Հերիք է, ինչքան տանջեցի քեզ,- գոռոզ կերպով նայելով վրաս՝ ասաց զրուցակիցս,- ու ես մենակ կթողնեմ քեզ,- ծիծաղեց նա,- առժամանակ...
Ես մի պահ ասելու բան չգտա: Իրոք որ, ի՞նչն էր ինձ խանգարում զանգահարել ու փրկվել այս համառ անծանոթի ներկայությունից, փրկվել գոնե առժամանակ...
- Ինձ հետ չփորձես պայքարել,- շարունակես զրուցակիցս,- ես կարող եմ քո կյանքը խորտակել,- գորշազգեստ զրուցակցիս ձայնը հանկարծ խստացավ ու նա մի գոռոզ հայացք գցեց վրաս,- ամուսնացիր այդ աղջկա հետ ու ես քեզ հանգիստ կթողնեմ... առժամանակ,- կեղծ բարեհամբույր ժպիտը կրկին խաղաց նրա դեմքին ու նա շարունակեց,- դե իսկ հետո, երբ մենք նորից կհանդիպենք, արդեն մի բան կմտածենք...
- Հետո՞, իսկ չի լինի՞ առանց այդ "հետո"-ի,- մի գաղտնի հույսով հարցրեցի ես,- իսկ եթե նա իմը չէ:
- Առանց ինձ չես կարող ապրել,- ծիծաղեց զրուցակիցս,- իմ իշխանությունը հսկայական է: Եվ վերջիվերջո ի՞նչ ես կպել քո այդ կորցրած սիրուցդ: Տես, թե ինչպես իրենը գտավ Էլենը: Իսկ դու դեռևս սպասում ես քո այդ տասնիննամյա աղջնակին...
- Դու դա չես հասկանա,- հառաչեցի ես,- քեզ նմանները չգիտեն, թե սերը ինչ բան է...
- Չկա:
- Ի՞նչ,- անակնկալի եկա ես
- Ասում եմ չկա, այնտեղ կին չկա, չկա,- ձեռքերի ափերը մի քանի անգամ իրար քսեց զրուցակիցս,- դու ինքդ էլ ես դա զգում: Նա դեռ երեխա է...
Ես մի պահ ասելու բան չգտա, իսկ զրուցակիցս շարունակեց.
- Նա դեռ երեխա է, հասկանո՞ւմ ես, երեխա: Նրա մեջ կինը դեռևս չի արթնացել: Նա դեռ չի զգացել կնոջը բնորոշ զգացումները, դեռևս չի գիտակցել իր կոչումը, նա դեռ չի բացվել, դու նրան Էլենի հետ մի՜ շփոթիր:
Մենակության ուրվականս խղճահարությամբ լի հայացքը հառեց վրաս ու շարունակեց.
- Իսկ դու տղամարդ ես,- հառաչեց նա,- ոտից գլուխ ու անվերադարձ: Դու կարող ես երջանկություն պարգևել աշխարհի բոլոր կանանց: Կանանց..., լսո՜ւմ ես, ձևավորված ու հասունացած կանանց...: Բայց նա ընդամենը մի աղջնակ է, երեխա... ահա թե որն է քո ողբերգությունը: Հասկանո՞ւմ ես, դու նրան հանդիպեցիր անժամանակ: Նա ուղղակի ի վիճակի չէ զգալ քեզ: Քո ամենուժեղ հաղթաթղթերն էլ անկարող են գործել և այն ամենը, ինչը հաճելի դող է պարգևում իսկական կնոջը, ինչը ստիպում է նույն այդ կնոջը սպասումով լի հայացքով նայել քեզ ու ցանկանալ, քո այդ տասնիննամյա սիրո վրա ուղղակի ազդեցություն չի ունենա...: Այն, ինչին ձգտում են իրապես հասուն կանայք, այն ինչին թաքուն մի հույսով ու հսկայական ջանքերով ձգտեց Էլենը ձեր հանդիպման առաջին իսկ պահից, ձգտեց ու այդպես էլ չհասավ, այժմ կարող է այս երեխայինը լինել ամենահասարակ ձևով: Ծիծաղել է, չէ՞,- ծիծաղեց գորշազգեստ զրուցակիցս,- Էլենի պես հասուն մարդը և փորձառու կինը գերմարդկային ջանքեր թափեց ու չհասավ նրան, ինչին այս երեխան կարող է հասնել մի հասարակ շարժումով: Մի զարմացիր, այդպիսին է ճակատագրի հեգնանքը,- հաղթական մի քմծիծաղ խաղաց զրուցակցիս դեմքին և նա շարունակեց,- ընդամենը պետք է ձեռքը մեկնի և վերջ, չէ՞...: Հասարակ բան է: Ընդամենը ձեռքդ մեկնիր և վերցրու,- զրուցակիցս կրկին ծիծաղեց, նայեց աչքերիս ու կարևոր հայտնագործություն արածի պես շարունակեց,- բայց նա չի՜ անի այդ հասարակ շարժումը, չի՜ անի... ահա քեզ ճակատագրի մի հեգնանք ևս...,- գորշազգեստ ուրվականս հետ ընկավ մեքենայիս թիկնակին ու ինքնավստահ ժպտաց,- նա դրա համար դեռևս չի՜ հասունացել...
- Եվ ի՞նչ ես առաջարկում:
- Վերցրու հեռախոսդ և զանգահարիր վերջերս հետը ծանոթացած ու դուրդ եկած այն աղջկան: Ես զգացել եմ նրան: Նա հասուն մարդ է, նա կհասկանա քեզ: Նա նույնիսկ չի էլ վարանի մեկնել իր ձեռքը...
- Իսկ սերը, ո՞ւր մնաց սերը,- հարցրեցի ես ու մի անհուն տխրություն պատեց սիրտս:
- Սերը...: Այդ սերը հորինել ես դու: Իսկ իրականում նա քեզ չի սիրում, հասկանո՞ւմ ես: Ու հարցը ամենևին էլ քո մեջ չէ,- արագ-արագ վրա տվեց զրուցակիցս ու շարունակեց,- նա ոչ-ոքի չի սիրում, նա դրան դեռևս պատրաստ չէ... Քո այդ տասնիննամյա աղջնակը դեռևս պատրաստ չէ սիրելու ու սիրվելու, նա դեռևս չի մեծացել, չի արժեվորել իր դերը, իր իրական դերը: Կարդացած տղա ես,- շարունակեց զրուցակիցս,- ու դու լավ գիտես մարդկային հոգու գաղտնիքները: Այդ միայն էժանագին գրքերում են անտաղանդ հեղինակները գրում առաջին հայացքից ծնված սիրո մասին: Իսկ իրականում սիրում են ոչ թե առաջին, այլ երկրորդ և նույնիսկ երրորդ հանդիպածին: Քչերը գիտեն, բայց դու հո լավ գիտես, որ Ջուլյետտան ամենևին էլ Ռոմեոյի առաջին սերը չէր: Գոյություն ուներ ինչ-որ մի անհայտ Ռոզալինդա, որի վրա բացվեց, փոթորկվեց ու սկիզբ առավ նրա մեծ սերը Ջուլյետտայի նկատմամբ: Առաջինի վրա բացվում են, զգում, համակերպվում են նոր զգացումների հետ... ու առաջինը զոհ է գնում հենց դրան: Դու քո Ռոզալինդային հանդիպել ես բազում անգամներ, իսկ նա՝ ոչ: Դու արդեն վաղուց ես բացվել, պատրաստվել մեծ սիրուն, նա՝ ոչ: Քո բախտը չբերեց, ու ես խղճում եմ քեզ,- զրուցակիցս թփթփացրեց ուսիս և մեղմ տոնով շարունակեց,- դու նրա կյանքում առաջինը եղար ու հենց դրանում է կայանալու քո պարտության գաղտնիքը...
Ես ասելու բան չգտա... Լռեցի ու զգացի, որ պարտվում եմ: Պարտվում եմ զրուցակիցիս երկաթյա տրամաբանության առաջ...: Շրջեցի հայացքս ու սկսեցի նայել այգուն: Հայացքս ընկավ պտտվող մանկական կառուսելին: Այն թափ էր առել ծնողներից մեկի հոգատար ձեռքով, սակայն այժմ լիովին թողնված էր ինքն իրեն: Պտտվում էր իր համար, ուրախացնում երեխաներին, սակայն պարունակում էր իր մեջ միակ և անլուծելի մի գաղտնիք. ո՞ր կետում այն կանգ կառնի, ո՞ր կետում կդադարի նրա ընթացքը այս անգամ: Հիշեցի երեխա ժամանակներս, երբ անընդհատ փորձում էի գուշակել կառուսելի վերջնական կանգառի կետը, բայց գրեթե միշտ է անհաջողության էի մատնվում. տապալվում էին գեթ մի քանի վայրկյան ժամանակից առաջ անցնելու ու նրա թանձր վարագույրի հետևը նայելու իմ բոլոր փորձերը: Հանկարծ կարծես կրկին ինձ գտա կառուսելի, այս անգամ արդեն ճակատագրի կառուսելի վրա նստած: Պտտում է այն ինձ կյանքում, հանդիպեցնում տարբեր աղջիկների, հրապուրում և առաջարկում նրանց, հեռացնում, հետո կրկին մոտեցնում ու հեռացնում է նրանից, ում իրապես ձգտում եմ: Իսկ կառուսելի շարժը հաճախ կախված է մանրուքներից: Խնդրեմ, արա ընդամենը մեկ, միակ մի զանգ, տուրք տուր թուլությանդ, հանձնվիր, հրաժարվիր քեզնից այդքան ուժ ու եռանդ խլող և անընդհատ հիասթափություններ բերող պայքարը շարունակելուց, կանգնեցրու կառուսելդ, իջիր նրանից ու դու առմիշտ կկորցնես նրան, ում սիրում ես իրապես: Քո կառուսելը կկանգնի, ընդմիշտ կանգ կառնի և իր հանգրվանը կգտնի հակառակի պես էլ ոչ այն կետում, որին ձգտել ես երկար տարիների ընթացքում...
- Հետո՜, միայն շա՜տ հետո, նա կարթնանա, կնայի շուրջը, կզգա ու կարժեվորի իր դերը,- հայացքը դեպի հեռուները ուղղելով ու կարծես թե ապագան դիտարկելով՝ շարունակեց զրուցակիցս,- բայց այդ ժամանակ նրա կյանքում դու արդեն չես լինի, կյանքը ձեզ արդեն վաղո՜ւց բաժանած կլինի: Խելագար ուշացածության մի զգացումով նա կսիրի առաջին իսկ պատահածին, կփորձի հետ բերել կորցրածը... ու գուցե հենց դրանում էլ կայանա արդեն նրա ապագա սխալի գաղտնիքը: Նա այդ առաջին պատահածի մեջ կփնտրի քեզ, կփնտրի, սակայն չի գտնի իր կորցրած տղամարդուն...: Բայց դա արդեն ուրի՜շ պատմություն է,- ծիծաղեց գորշազգեստ մենակությունս ու նայեց վրաս,- և այդ պատմությունը ես կպատմեմ նրան, կպատմեմ... բայց ոչ հիմա, այլ հետո՜... տարինե՜ր հետո...,- հաղթական ժպիտը խաղացնելով դեմքին՝ եզրափակեց զրուցակիցս...
Էջանիշներ