Կորսված Ծաղիկը
Ե՞րբ էր դա, գուցե անցած տարի կամ անցած դարում… հիմա դա արդեն այնքան էլ նշանակություն չունի: Կարևորն այն է, որ դա եղավ: Մռայլություններից ու փոխադարձ, իսկ հաճախ նաև ստիպողական դաժանություններից կազմված իմ կյանքի անգույն ու հիասթափված այգում ծաղկեց մի Ծաղիկ: Նա բացեց իր աչուկները և լույս բերեց շրջապատին…
… - Գիտե՞ս,- այդ օրը առավոտյան, կարծես մի սովորական խոսակցություն լիներ, սկսեց մայրս,- մեր դպրոցի տասներորդցիների մեջ մի այնպիսի գեղեցիկ ու լավ աղջիկ եմ տեսել…
Է՜խ՜խ մայրիկ, մայրիկ, իհարկե կտեսնես գեղեցիկ ու լավ աղջիկ, մանավանդ որ արդեն վաղուց էս ինքդ քեզ մտմտում, որ ժամանակն է քո թոկից փախածին կարգի բերելու ու ճիշտ ուղու վրա դնելու, որ մոռանա բոլոր այն խենթ ու խելառներին, որոնք պտտվում են իր շուրջը:
- Դե լավ, մամ,- կատակի տվեցի ես,- աղջիկ է էլի, ե՞ս ինչ անեմ:
- Ոչինչ, ի՞նչ պիտի անես, ուղղակի բան էր ասեցի:
Ես արագորեն վերջացրեցի նախաճաշս ու, մտքումս հիանալով մորս զուտ կանացի ինտուիցիայով, սկսեցի պատրաստվել տնից դուրս գալուն: Չգիտեմ արդեն որտեղ եմ կարդացել, որ կինն աշնան անձրևի պես մի բնավորություն ունի, կմաղի, կմաղի իր մանրիկ կաթիլներն, իսկ վերջում կծակի նույնիսկ ամենահաստ պողպատը…: Ես դուրս եկա տնից ու հանդիպեցի Կյանքին՝ ին հին ընկերուհուն…
… Իսկ Կյանքը անունով իմ ընկերուհին մի խելագար շրջապտույտ է, որը մի անգամ մարդուն վերցնում է իր մեջ և արդեն երբեք բաց չի թողնում: Նա կարծես մի կախարդական պար է սկսում այն բոլորի հետ, ովքեր համարձակություն կունենան իրեն պարի հրավիրելու: Երնեկ նրան, ով բավականին ուժ չի գտնի իր մեջ Կյանքի հետ այդ կախարդական պարը պարելու: Նա կապրի իր համար հանգիստ իր բաժին ընկած օրերը: Իսկ նրանք, ովքեր երիտասարդական լավատեսությունից ու ինքնավստահությունից ելնելով կսկսեն իրենց պարը Կյանքի հետ, այլևս երբեք չեն կարողանա ազատվել նրա դյութանքներից: Ու կսկսի Կյանքը պտտել հերթական համարձակին մի խելագար ու անվերջ շրջապտույտում: Նա կտանի իր հետ հատկապես ամենաուժեղներին ու ամենահամարձակներին, կդյութի իր հայացքի անհաղթահարելի ուժով: Եվ կքայլեն նրա հետևից հմայված այդ հայացքից բոլոր այն խենթ երիտասարդները, որոնց մի պահ կթվա, որ իրենք կարող են տիրել կախարդական հայացքով այդ կնոջը: Բայց նա կտանի նրանց իր հետևից հեռու-հեռու, կմոլորեցնի իր բնավորության անվերջ շրջադարձներում և այդպես էլ թույլ չի տա տիրել իր հայացքի խորությանը: Ու գրավիչ այդ պարը կդառնա մի դաժան փորձություն, երբ սկզբում այնքան հմայիչ ու գույներով լի՝ այն աստիճանական հերթականությամբ կկորցնի իր գույները և վերջում կմնա միայն մի սովորական ու գորշ երանգ…
…Ո՞վ էի ես, որ ինձ մի պահ ավելի բարձր դասեցի մյուսներից, ու ցանկացա իմ պարը պարել այդ դյութիչ գեղեցկուհու հետ: Երևի ես մեկն էի այն հազար-հազարներից, որոնց թվացել է, թե իրենք մի առանձնահատուկ գաղտնիք ունեն, որով կհմայեն այդ կնոջը: Սակայն բազում ուրիշների նման ինձ էլ գրկեցին հմայիչ այդ ձեռքերն ու մեղմորեն շոյեցին, որպեսզի հետո այլևս երբեք բաց չթողնեն: Ու անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, անցան տարիներ: Պարը դեռ շարունակվում էր՝ աստիճանաբար կորցնելով իր հմայիչ գույները և մոտենալով համատարած ու սովորական գորշության…:
- Տղա ջան,- արդեն չեմ հիշում երբ, ասաց մայրս,- այսօր ես դպրոցից ուշ տուն կգամ, գործերս շատ են: Երբ տուն վերադառնաս՝ դպրոց կգաս, տան բանալիները կվերցնես, որ դուրսը չմնաս:
- Եղավ,- կարճ կապեցի ես ու դուրս եկա պարը շարունակելու…
Այդ օրը կորավ իմ այգու հմայիչ գույներից ևս մեկը: Տարավ Կյանք կոչված կախարդական գեղեցկուհին երիտասարդական գույներիցս ևս մեկն ու հմայիչ և միաժամանակ ամենաիշխան քմծիծաղով պտտեցնելով ինձ իր գրկում՝ մարդկային ճակատագրերի այդ անզուգական նկարիչը ցույց տվեց ինձ իր կտավներից մեկը, որի վրա գորշությունից բացի ուրիշ ոչինչ չկար…
… Կեսօրին տուն վերեդառնալով՝ հազիվ հիշեցի մորս խոսքերը և քայլերս ուղղեցի տնից ոչ հեռու գտնվող դպրոցը: Ես հանդիպեցի մորս և վերցրեցի բանալիները: Մի քանի խոսք փոխանակելուց հետո ես արդեն պատրաստվում էին տուն գնալ, երբ հնչեց դասավարտի զանգը և աշակերտները դուրս եկան միջանցք…
… Ծաղիկը նրբորեն ուղղեց իր մեջքը և մի ամոթխած հայացք գցեց շրջապատին: Նրա աննման գեղեցկությունն ու հմայքը զգացին բոլորը: Ծեր և իմաստուն Կաղնին միանգամից զգաց, որ իր փիլիսոփայական իմաստնությունը գուցե և այնքան էլ տեղին չէ, քանզի կյանքի խորխորատները ուսումնասիրելու ողջ հմայիչ, իսկ երբեմն էլ պարտադրված գործը սկսում է խամրել այս գեղեցկության առջև: Նույնիսկ հաջողություններից ու իր բարձր թռիչքից հպարտացած Բարդին մի պահ ցանկացավ ճկել իր մեջքը և կռանալով խոսել անսահմանորեն նուրբ այդ Ծաղկի հետ: Համատարած գորշությունը սկսեց նահանջել…:
… Ինձ հետ իր պարը պարող գեղեցկուհին մի անհանգստացած հայացք գցեց վրաս և սկսեց ավելի խանդոտ շտապողականությամբ հավաքել իմ կյանքի գույները, բայց նոր ծլած Ծաղկի երանգերն արդեն պայքարի մեջ էին մտել գորշության հետ…
Սակայն ո՞վ էի ես, որ Կյանք կոչված գեղեցկուհին այդքան հեշտորեն իր դիրքերը զիջեր: Նա չզլացավ այնպիսի ուժով ու եռանդով խճողել ինձ, որ ես ուղղակի չկարողացա գլուխ բարձրացնել և աչք բացել նրա դյութանքից: Միայն որպես մի փոքրիկ գաղտնիք ու մխիթարանք՝ ես իմ այգու գողտրիկ անկյուններից մեկում տեղ պատրաստեցի այդ Ծաղկի համար ու սկսեցի խնամել նրան նրբորեն և իմ հոգու ողջ ջերմությամբ: Ես գիտեի, որ անխուսափելիորեն կգա այն պահը, երբ Կյանքի ուշադրությունը մի պահ կթուլանա ինձնից և ես կկարողանամ անդրադառնալ իմ կախարդական ու արդեն այնքան սիրելի դարձած Ծաղկին…
Անցան ամիսներ: Կյանքը շարունակում էր իր խենթ պարը ինձ հետ՝ նետելով ինձ մեկ այս, մեկ այն կողմ, իսկ իմ այգում արմատներ գցած փոքրիկ Ծաղիկը դառնում էր ավելի ու ավելի հմայիչ: Ես զգում էի, որ Կյանքը արդեն խանդով է հետևում ինձ՝ քանզի նա զգում էր, որ գորշություն կոչված իր ամենազոր զենքը դեմ է առնում ինչ որ մի խոչնդոտի և չի կարողանում վերջնականապես իրեն ենթարկել ինձ…: Իսկ պարի կախարդական պտույտների ընդմիջումների մեջ ես հաճախ էի ժամանակ գտնում և հեռվից-հեռու հիանում իմ Ծաղկի կախարդական գեղեցկությամբ ու հմայքով: Ես մտովի տեսնում էին նրան, ու զգում, որ այդ Ծաղիկը լցնում է իմ կյանքը, տալիս նրան իմաստ և բովանդակություն: Ես զգում էի, որ Կյանքն արդեն կորցնում է իր իշխանությունը իմ նկատմամբ, տեսնում էի հույսի լույսը թունելի վերջում, պատկերացնում էի ապագան… ու երբեմն մխիթարվում դրանով: Ես կարծես թե գտել էի պարըկներուհուս գաղտնիքը և ուրախանում էի, որ արդեն երբեմն կարողանում եմ հեռանալ նրա դյութիչ պարից ու մի պահ թուլացնել գորշության ազդեցությունը…:
Էջանիշներ