Աբխազիան ու Հարավային Օսեթիան որպես անկախ պետություններ ճանաչեց ոչ թե Մեդվեդևը, այլ Ռուսաստանը: Բայց դա այնքան էլ կարևոր չի, քանի որ և՛ Հարավային Օսեթիան, և՛ Աբխազիան անկախ են հռչակել իրենց տարիներ առաջ: Կարևոր չէ, թե Ռուսաստանն ու իր գուբեռնիաները (Ղազախստան, Բելառուս և այլն) կճանաչեն անկախությունը, թե ոչ (Հայաստանը չնշեցի գուբեռնիաների մեջ, որովհետև Հայաստանի գուբեռնատորները չեն համարձակվի հետևել Ռուսաստանի օրինակին): Կարևոր է փաստացի դառնալ պետություն, ունենալ կայացած տնտեսական համակարգ: Այս հարցում Աբխազիան առաջընթաց ունի, սակայն Հարավային Օսեթիան բոլորովին այլ է: Մեկ ուրիշ խնդիր էլ կա: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակչության ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են: Արդյո՞ք այս անկախացումները ձևական չեն: Աբխազիայի հարցում, կարծում եմ, անկախության ձգտում կա, սակայն Աբխազիայի ներկա իշխանության՝ Ռուսաստանի դրածո լինելը շատ կվնասի նրանց Աբխազիայի քիչ թե շատ ինքնուրույն մնալուն: Հարավային Օսեթիան որպես անկախ պետություն ես չեմ կարող պատկերացնել: Եվ եթե մոտ ժամանակներում օս ժողովուրդը (նաև Հյուսիսային Օսեթիայի բնակչությունը ) չձգտի մեկ ընդհանուր անկախ պետության ստեղծմանը, ապա կարելի է համարել Հարավային Օսեթիայի անկախությունը ձևական մի թատրոն՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար: Բայց այս ամենին կարող է գործը չհասնի, և Աբխազիան ու Հարավային Օսեթիան որոշ ժամանակով կդառնան Ղարաբաղի նման հանրապետությունների՝ վարկաբեկելով նրանց միակ ճանաչող Ռուսաստանին:
Կարծում եմ, արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի դիրքորոշումը երկար սպասեցնել չի տա:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա կասեմ հետևյալը՝ Ռուսաստանը չէ, որ պետք է ճանաչի Արցախի անկախ լինելը կամ չլինելը, Արցախը անկախ ճանաչելու սպասելիքներ պետք է ունենալ միայն Հայաստանից և Ադրբեջանից, թքած մնացյալ ողջ աշխարհի վրա՝ իրենց ազգերի կողմնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքներով: Իսկ Արցախը Հայաստանին հետագայում միացնելը կդառնա նույնը, ինչ որ Հարավային Օսեթիան կամ Աբխազիան Ռուսաստանին միացնելը՝ նրանց հնարավոր անկախություն ձեռք բերելուց հետո (Ասածս ամենևին չի նշանակում, որ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի խնդիրները կարելի է նույնացնել Արցախի խնդրի հետ):
Հ.Գ. Ժամանակը ցույց կտա, թե աբխազներն ու օսերը (ներկայիս բնակչությունը) անկախության ձգտող են, թե Ռուսաստանի ցանած սերմերն են: Կուզենայի հավատալ առաջինին՝ ոչ մի դեպքում չընդունելով Ռուսաստանի՝ ազգերի պաշտպան ու խաղաղապահ լինելը:
Էջանիշներ