/իրականի ու անիրականի սահմանում/
ՄԻ օր ամեն ինչ կավարտվի ու ես չեմ էլ հիշի քեզ։ Ես քեզ հաստատ չեմ հիշելու։ Դա տարօրինակ մի սովորություն է։ Ես մարդկանց շուտ եմ մոռանում։ Նրանք ինձ համար ընդամենը օրացույցի էջեր են։
«Ես այլևս ոչինչ չունեմ»,- նա կարող էր և այսպես ասել, համենայնդեպս իմ դեպքում դա միանգամայն հնարավոր կլիներ...Նա դեռ ապրում է...ապրում է հենց այնպես, գուցե որովհետև մեռնելու մեջ իմաստ չի գտնում։ «Ապրելու մեջ գոնե իմաստ կա»,-մի օր ասաց,- «ապրելու մեջ դու հաստատ գիտես, որ մի օր մեռնելու ես...անորոշ է մահը..նա քեզ ոչինչ չի խոստանում...Կյանքը գոնե մահ հաստատ որ խոստանում է»։
Ես քնեցի լուսադեմին։ Հրաշալի բան էր արհամարհել առավոտը և փոխարենը մի ամբողջ գիշերը պաշտել լռության ու մենության ներդաշնակության մեջ։
Առաջվա նման չէին այդ գիշերները։ Դրանք միայն իմը չէին։ Ես կիսում էի դրանք հարյուր հազարավոր մարդկանց հետ։ Ես կիսում էի գաղափարների, նպատակների, սկզբունքների համար։ Ես դրանք չէի դիտում իբրև երազների ժամ։ Ես միայն մի բան կարող եմ ասել. այդ գիշերները մեզանից ոչ ոք խլելու իրավունք չուներ։ Չէ...այդ պատճառով չէր, որ լուսադեմին ամեն ինչ եղավ...ես լույսը դրա համար չէ, որ չեմ սիրում...խնդիրն այն է, որ լույսի հետ տարածվում է մի գարշելի աղմուկ...խնդիրն այն է, որ լույսի հետ ամեն ինչ ավելի աղոտ է դառնում։
Ես չգիտեի, որ այդ առավոտյան պիտի արթուն լինել...ավելի, քան արթուն...ավելի արթուն, քան որևէ մեկը։ Հետո մնում էր հիշել այն մարդկանց, ովքեր մեր շուրջն էին։ Հետո ես նրանց էլի գտա, բայց նրանք արդեն փոխվել էին։ Նրանք ասես որոշած լինեին այլևս երբեք չքնել...
Էհեյ, մտքերդ այդ ու՞ր գնացին, սա քեզ ինչ-որ բան հիշեցնու՞մ է...գուցե...ես տանում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ կանգ է առնում..ես այս անգամ այսպես եմ որոշել...ԵՍ ուզում եմ, որ ընթացքդ գնահատելու համար դու մի քիչ կանգ առնես, իսկ մինչ այդ թույլ տուր գլուխդ տանել այն ամենով, ինչ կա իմ գլխում։ Ես նկատի ունեմ՝ ես ունեմ մի կարգին խառնաշփոթ, որից դու հաստատ գլուխ կհանես...
-Բարև Լու՛յս, լսի՛ր քեզ կարևոր մի բան ունեմ ասելու, դու պիտի շտապ տեսնես ինձ...ես հիմա այնտեղ եմ, որտեղ մենք միշտ հանդիպում ենք...միայն թե ուշադի՛ր, ոչ ոքի չասես,որ ինձ մոտ ես գալիս...հատկապես մայրիկին..դե խոստացի՛ր..
-Դու հիմա այնտե՞ղ ես...
-Հա, հենց հիմա և դեռ մի քանի ժամ այստեղ եմ լինելու, շուտ արի՛, սպասում եմ..
-Լավ...
Տարօրինակ էր..այդ ճեպազրույցն ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց ես մեծ անհանգստություն էլ չունեցա...մի տեսակ ամեն ինչ սառել էր այն մեկ շաբաթյա մղձավանջից հետո, որ ապրել էինք ես ու եղբայրս ամեն ինչ շատ սովորական էր դարձել։ Եթե անգամ այդ րոպեին Նարեկն ինձ ասեր, որ իր կյանքին ասենք վտանգ է սպառնում, ինձ թվում է ես նույնպիսի սառնությամբ կընդունեի այդ լուրը...
Մենք սկսել էինք լսել, բայց ոչինչ չընկալել..չգիտեմ, թե հատկապես ինչն էր փոխվել...
Դե իհարկե ինձ շտապ այնտեղ գնալ չհաջողվեց։ Նախ հարկավոր էր հարմար մի բան հորինել, քանի որ տարօրինակ զուգադիպությամբ ես հենց այդ զանգից մի քանի վայրկյան առաջ էի հայտարարել, որ ուզում եմ ողջ օրը տանը մնալ ու մի քիչ հանգստանալ։ Հետո Նարեկն արդեն մի քանի օր է, ինչ տուն չէր եկել, նա միայն զգուշացրել էր, որ մի քանի օր չի գալու, բայց թե որտեղ էր, չգիտեի։ Ասենք, ենթադրում էի, բայց դա էլ գաղտնքիի պես մի բան է...
Հիմա չեմ էլ հիշում, թե ինչ հորինեցի.. իրականում մայրս էլ բավականաչափ անտարբեր էր դարձել և հավանաբար մի քանի վայրկյան առաջ արած հայտարարությունս նա չէր էլ լսել։ Նարեկին ես վաղուց էի ճանաչում, ամենավաղ մանկությունից։ Այդպես երևի լինում է...ինչ-որ բանի ամենավաղը...մի քիչ տարօրինակ է հնչում, բայց Նարեկին երևի ծնվածս օրվանից անընդհատ կարոտում էի...
Եթե նա ինձանից հեռու էր լինում, ապա իմ մտքերում էր շարունակ։ Եթե մենք որևէ մի տեղ միասին էինք գնում, ապա կարող էր պատահել, որ ես տարվեի ինչ-որ մեկի հետ ինչ-որ խոսակցությամբ և նրան նույնիսկ մոռանայի։
Մենք անասելի կապվածություն էինք զգում միմյանց հանդեպ, բայց դա սեր անվանել չէր կարելի...
Մենք իսկապես միմյանց համար չէինք. շարունակ վիճում էինք, գրեթե երբեք ընդհանուր հայտարարի չէինք գալիս, բայց եթե հանկարծ որևէ լավ կամ վատ մի բան էր պատահում ապա անպայման առաջինը միմյանց էինք հայտնում։
Նա շատ թարմ տեսք ուներ և բոլորովին էլ խուճապահար չէր, ինչպես այնուամենայնիվ թվացել էր հեռախոսով։ Նրան տեսնելուն պես ես սկսեցի ծիծաղել...
-Հն, ի՞նչ է, ես այդքան ծիծաղելի տեսք ունեմ,-սովորության համաձայն նա համբուրեց ճակատս...
-Դե ոչ, բայց եթե դու այդքան ուզում էիր ինձ տեսնել, կարիք չկար ձայնին հատուկ երանգավորում տալ...
-Լու՛յս, դու ինչ-որ բան մոռացել ես, հրա՛շքս, և դա ավելի սարսափելի է, քան իմ ձայնը հեռախոսով..
-Իհարկե...ես մոռացա սանրել մազերս, այնքան շտապեցի...
-Էհ՜յ, այսօր իմ ծննդյան օրն է, արի քեզ շնորհավորեմ
-Ինչպե՞ս..այսօր ի՞նչ օր է...անհնար է...
-Միանգամայն հնարավոր է...դու կարծեմ օրերի հետ չունես..
-Հմմմ, ես ուրախ եմ, որ դու ծնվել ես..այն էլ այսօր, երբ ուրախանալու համարյա բան չկա
-Գուցե համբուրե՞ս...
-Հա, իհարկե..դե հիշեցրու՛ էլի..
-Որոշել եմ քեզ հետ նշել ծնունդս, ուրիշ ոչ ոք ինձ այսօր պետք չէ...
-Իսկ Մերի՞ն, Ամալիան, Սաթենիկն ու Քրիստը...
Ի՜նչ հիմարություն..ես այն ժամանակ մոռացա նույնիսկ, որ ամենակարևոր մարդը՝ Նարեկի մայրը, սրտատրոփ սպասում էր որդուն, որ շնորհավորի…
-Եթե ուզում ես, նրանց էլ կկանչենք
-Չէ...ոչ..դու գիտես՝ես նրանց տանել չեմ կարողանում..
-Լու՛յս,- ես շատ տխուր եմ, շա՜տ, դու պետք է օգնես ինձ...իմ հոգում սարսափելի մի խառնաշփոթ է, ես մոռանալ չեմ կարողանում։ Նա անընդհատ ինձ այցելում է...իմ երազներում...նա անընդհատ ինչ-որ բաներ է հուշում...
-Ախր ես ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...ո՞վ է այդ նան...
-Հիշու՞մ ես Գոռին, մտերիմ ընկերոջս, որ ինքնասպան եղավ...
-ՀԻշում եմ իհարկե...բայց մի՞թե դու դեռ չես հաշտվել այդ կորստի հետ,-սա պարզապես...դա այնքան էլ օրինաչափ չէ, կորուստի հետ հաշտվելը...մի տեսակ նույնիսկ անիմաստ է հնչում...
-Դե դա հաշտվելու հետ ոչ մի կապ չունի։ Ես աշխատում եմ նրա մասին չմտածել, բայց նա հետևում է ինձ...իմ երազներում։ Նա ինձ մեղադրում է, որ իրեն օգնել չկարողացա ...
-Դե...խնդրում եմ քեզ...նա մեռավ, որովհետև որոշել էր չապրել...ո՞րն է քո մեղքը...
-Ես պետք է որ մի բան անեի նրա համար։ Նա ընդամենը բանակից էր զզված, ևս մեկ տարի և ամեն ինչ պետք է որ վերջանար։
-Դու ինչու՞ ես այդ հիմա հիշել...
-Հա, ների՛ր, ախր սա քո տոնն է...
-Իմ տոնը. սովորոթյան համաձայն դու շատ սրամիտ ես...
-Դա բնավորություն է, Լու՛յս...
-Իսկ թխվածք կա՞
-Ինչպես չէ..ոնց դու սիրում ես շոկոլադով...
...



Մեջբերել

կոկորդս խեղդումա ու խոսքեր չեն գալիս, նույնիսկ գրելու ... չնայած մի քանի անգամ համարձակություն եմ ունեցել ասելո, որ մենք հակառակ թևերում ենք, բայց համոզված եղիր, որ դա էդպես չի
ու կարևոր չի, որ ես չկայի էնտեղ, չկայի ծեծվելիս, դեմ էի ծեծողներին ու ծեծվողներին միաժամանակ, ու հիմա էլ դեմ եմ, ու դռ երկար դեմ կլինեմ, ու գիտես ինչու՞ ... դե իհարկե գիտես ... այ հենց էդ հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական հետևանքի համար 


..ախր ես սա մի շնչով շարել եմ, ինչ կար խառնված ու համեմատած..ինձ թույլ ա թվում

Էջանիշներ