Այսպիսի զարմանահրաշ բաներ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՉԵ՞Ն ՃԱՆԱՉՈՒՄ

[13:32] 10 Սեպտեմբերի, 2008

Կեսգիշերին Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել:

Նրան ոստիկանություն են տարել Հյուսիսային պողոտայում բողոքի ակցիան ցրելուց հետո:

Վլադիմիր Կարապետյանը ՚Ա1+ՙ-ին պատմեց, որ իրեն ոստիկանական բաժնում պահել են մոտ 30 րոպե, բերման ենթարկելու մասին գրանցում չեն կատարել եւ թույլ չեն տվել զանգահարել փաստաբանին:

՚Լրիվ անօրինական գործողություն. պողոտայում ինձ սկսեց քաշքշել ոստիկանության բաժնի պետը, հրահանգեց աշխատակիցներին տանել բաժին, ոչ մի բան չի եղել, եթե մի բան լիներ, ոստիկանությունը հանդես կգար մեկնաբանությամբ, որը չի արելՙ,- ասաց նա: Ըստ նրա` այս ամենը վկայում է ոստիկանության անգրագետ աշխատանքի մասին:

՚Ինքը չգիտի ինչ է անում, չի տիրապետում օրենքներին եւ պարզապես անօրինականությամբ է զբաղվում՝ փոխանակ պահպանի օրենքը: Ինքը չգիտի, թե ինչպես կատարի հրամանները, թե չէ կկարողանար մի հոդաբաշխ բացատրություն տալ իր գործողություններինՙ,- եզրափակեց Վլադիմիր Կարապետյանը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ Վլադիմիր Կարապետյանին բերման են ենթարկել անձը ճշտելու համար, որից հետո նա բաց է թողնվել: Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը ընդամենը 6 ամիս առաջ ԱԳՆ նախկին մամլո խոսնակն էր եւ մեկն է այն դիվանագետներից, որն աշխատանքից ազատվեց իշխանություններին սթափության կոչ անող հայտարարության տակ ստորագրելու համար:

Աղբյուր՝ Ա1+