Այսօր նստացույցին հաջորդող քաղաքական զբոսանքների առաջին օրն էր: Ցավոք չհաջողացրի երկար ժամանակ լինել Հյուսիսային պողոտայում: Սակայն այն, ինչ հասցրի տեսնել կարճ ժամանակ այնտեղ լինելիս, խիստ ոգևորիչ էր: Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Ընդ որում ակնհայտ էր, որ կա մեծ հոսք. մարդիկ գալիս էին, իրենց միասնականությունն էին ցույց տալիս շարժմանը, մնում 5-10 րոպե և գնում: Ու չնայած այս հոսքին ամեն պահին մեծ քանակությամբ մարդ կար Հյուսիսայինում: Այստեղ էին նաև դպրոցականները, ում համար ապահովված էր հաճելի ժամանցը. երեխաները զվարճանում ու Հյուսիսային պողոտայում նշում էին նոր ուսումնական տարվա սկիզբը, գիտելիքի օրը: Պարբերաբար հնչում էին շարժման կարգախոսները, Հյուսիսային պողոտայում հնչում էին հայրենասիրական երգերը՝ հենց շարժման մասնակիցների կատարմամբ: Երեխաներն ուրախ պարում էին այդ երգերի տակ:

Ի դեպ այսօր գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական հաղորդագրություն է տարածել ՀԱԿ-ը.
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է ՀԱԿ-ի հաղորդագրությունը, որում սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի բոլոր ուսանողներին։ Հայտարարությունում, մասնավորապես ասված է.

«Նոր ուսումնական տարին սկսվում է վերջին մեկ տարվա համաժողովրդական ժողովրդավարական պայքարի շնորհիվ մեր երկրում որակապես նոր՝ քաղաքացիական հասարակության ձևավորման պայմաններում, ինչին իր մեծ նպաստն է բերել ուսանողությունը։ Բարձրագույն կրթական հաստատություններում ազատամտության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու, վախի ու անտարբերության մթնոլորտ ձևավորելու, «գրպանային» ուսանողական կազմակերպությունների ստեղծմամբ ուսանողական շարժումը կասեցնելու կամ վերահսկելու բոլոր ջանքերը, որ վարչախմբի պատվերը կատարելով գործադրեցին բուհերի ռեկտորները, անցան ապարդյուն։ Համաժողովրդական շարժումն իր հիմնական նվաճումներից մեկն է համարում այդ պայքարում ուսանող երիտասարդության քաղաքացիական հսկայական ներուժի բացահայտումը, նրա ակտիվ մասնակցությունը հասարակության ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը։

Այսօր Հայաստանում բարձրագույն կրթական հաստատությունների հասարակական վարկը և հեղինակությունը վերականգնման խիստ կարիքն ունեն։ Ուսանողությունը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ բուհերում տիրող իրավիճակի (կրթության որակի անկում, կոռուպցիա, ուսանողների իրավունքների անտեսում, բուհի իրական ինքնավարության բացակայություն եւ այլն) առողջացման, ակադեմիական ազատությունների վերականգնման, բուհերում ընթացող դեկորատիվ բնույթի մակերեսային վերաձևումները իրական բարեփոխումների վերածելու գործում։ Գիտելիքի հասարակություն ձևավորելու խնդիրը պահանջում է երկրի մարդկային և ինտելեկտուալ ներուժի որակական աճ՝ դրանով իսկ առաջ մղելով կրթության ոլորտը հասարակական զարգացման առաջնային գիծ։ Դա իր հերթին հնարավոր է միմիայն սահմանադրական կարգի վերակնգնման, օրինական իշխանության, օրենքի գերակայության պայմաններում, համընդհանուր մի խնդիր, որ լուծումն այսօր մեծապես կախված է նաև առաջիկայում ուսանողների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից, ինչին մենք չենք կասկածում»

Աղբյուր՝ tert.am