Փորձենք միասին անել դա:
Պատկերացրու Ավարայրի դաշտը, ընթերցող` մի լայնարձակ տարածություն, որը Տղմուտ գետի երկու ափերով, սկսվելով Արաքս գետի աջ ափից, տարածվում է արևելքից արևմուտք և, վերջանալով Մակվի բարձրավանդակի մոտ, ամենակոպիտ հաշվարկով ունի ոչ պակաս քան 45 կմ լայնություն: Սակայն բնականաբար մարտը տեղի չի ունեցել ողջ այդ տարածության երկայնքով, այլ եղել է դրա ընդամենը մի հատվածում: Այս հարցի վերաբերյալ ոչ Եղիշեն և ոչ էլ Փարպեցին որոշակիորեն ոչինչ չեն ասում` մեզ թողնելով մոդելավորման մեթոդի միջոցով հարցը պարզելու գործը:
Մինչև հրազենի ի հայտ գալը հարթ և թևերից չսահմանափակված դաշտում շարված մարտակարգերը, 100.000 և ավել ռազմիկ հաշվվելու դեպքում, ունենում էին ոչ ավել, քան 12 կմ ճակատային լայնություն: Սա կարելի է ասել առավելագույնն էր, քանի որ սրանից ավել կազմելու դեպքում գրեթե անհնար էր դառնում արդեն իսկ այս պայմաններում խիստ բարդացող բանակի կառավարման գործը: Բացի այդ ճակատի երկարացումը սկսում էր իր հերթին լրջորեն սպառնալ նաև մարտակարգի խորությանը: Մարտնչող ուժերի հարաբերակցության տեսակետից Ավարայրի ճակատամարտին առավել մոտ և միաժամանակ ռազմական պատմության ամենահայտնի ճակատամարտերից մեկում` մ.թ.ա. 547 թ-ի Սարդեսի ճակատամարտում լիդիական 360.000-անոց բանակը, որը, ի հաշիվ ճակատի լայնության, դասավորված էր մեծ խորությամբ, ճակատից կազմում էր մոտ 7,4 կմ (Քսենոփոն □Կյուրոպեդիա□, Երևան 2000), այն դեպքում, երբ վերջինիս հակառակորդ, 254.000-անոց միացյալ պարսկական, մարական և Հայկական բանակի մարտակարգի լայնությունը ճակատից կազմում էր մոտ 9 կմ: Մեկ այլ օրինակ` 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ-ում իրար դեմ կանգնած պարսկական 82.000-անոց և թյուրքուտական 300.000-անոց բանակները լայնքով զբաղեցրել էին Հերաթի ողջ հովիտը, որն ունի 12 կմ լայնություն:
Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրել, որ մեր կողմից ուսումնասիրվող դեպքում պարսկական 214.000-անոց բանակը ձգվել է ամենակոպիտ հաշվարկով ոչ պակաս, քան 10 կմ: Իր հերթին Հայկական բանակն էլ թևերից չշրջանցվելու համար բնականաբար պետք է իր կողմից անպայման ապահովեր ճակատի նույն երկարությունը:
Այսպիսով, ընթերցող, պատկերացրու. Տղմուտ գետի հյուսիսային և հարավային ափերին, սկսած մոտավորապես Արաքս գետի մոտ գտնվող ճահճուտներից, իրար դեմ հանդիման 10 կմ երկարությամբ ձգվող և իրարից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող զուգահեռ շարքերով կանգնած են փոխադարձաբար միմյանց ոչնչացնել ձգտող երկու բանակներ` 214.000 և 100.000-անոց կազմով: 10 կմ, ընթերցող, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա: Եվ այդ 10 կմ տարածքի վրա ողջ ճակատի երկարությամբ իրար դեմ կանգնած 214.000 և 100.000 ռազմիկներ, որոնք անսահմանորեն ատում են իրար, պատկանում են տարբեր ազգերի, մինչ այդ բազմիցս ընդհարվել են մեկ մեկու հետ ու լրջորեն չեն սիրում իրար, մեկը մյուսին հեթհանոս, հետևաբար նաև այն ժամանակվա պատկերացումներով □ոչ մարդ□ են համարում, 14 ժամ շարունակ ամենայն անկեղծությամբ ձգտում են սպանել և ոչնչացնել իրար: Եվ այս պայմաններում զոհվում է ընդամենը… 4.580 մա՞րդ: Բայց չէ որ եթե որպես ճշմարտություն ենք ընդունում այս թիվը, ապա ստացվում է, որ 14 ժամ տևած մարտի ամեն մի ժամում սպանվել է միջինը ընդամենը 327 ռազմիկ, այսինք 1 րոպեում զոհվել է մոտ 6 մարդ:
Իսկ այժմ պատկերացրու, ընթերցող, որ 10 կմ, այսինքն 10.000 մետր երկարություն ունեցող ողջ ճակատով իրար դեմ, հաշվի առնելով միջշարքային տարածությունները ջոկատների միջև և ամեն ռազմիկի համար միջինը ընդունելով առավելագույնը 1 մետր տարածք, միաժամանակ իրար դեմ կարող են մարտնչել յուրաքանչյուր կողմից ամենակոպիտ հաշվարկներով 10.000-ական ռազմիկ: Այսինքն մարտը սկսվելուն պես ամեն մի կողմից ճակատի ողջ լայնությամբ իրար են մոտենում փոխադարձաբար իրար անկեղծորեն ոչնչացնել փորձող 10.000-ական մարդ և սկսում են սպանել իրար: Եվ այս պայմաններում մեկ րոպեում սպանվում է 6 մարդ, իսկ մեկ ամբողջ ժամ մարտնչելուց հետո` միայն 327-ը: Համաձայնիր, ընթերցող, որ դա իրական չէ: Այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք, ով երբևէ մասնակցել է խմբակային տուրուդմփոցի, կհաստատի, որ իրականում նման դեպքերում իրադարձությունները զարգանում են չափազանց դինամիկ, իսկ փոխադարձ հարվածները հասցվում են մեծ հաճախականությամբ, ատելությամբ ու հարվածային ուժով: Ու թեև հիշատակված տուրուդմփոցների ժամանակ կողմերը որպես կանոն չեն ունենում թրեր, նիզակներ, դաշույններ, տապարներ, աղեղներ կամ գուրզեր և ըստ էության չեն էլ ձգտում լուրջ մարմնական վնասվածք հասցնել հակառակորդ կողմին, սակայն նույնիսկ այդ դեպքում ընդհարման առաջին իսկ վայրկյաններից ի հայտ են գալիս ուղեղի ցնցում ստացած, ինչպես նաև ջարդված գլխով, քթով և վերջույթներով մարդիկ:
Վերջնականապես ասածը հաստատելու համար բերենք Ավարայրի ճակարատամարտին իրենց հիմնական չափանիշներով մոտ մի քանի այլ ճակատամարտեր, որտեղ կողմերից գոնե մեկի կրած կորուստների թիվը հաստատապես հայտնի է.
ա) 451 թ-ի Կատալաունյան դաշտի ճ-մ: Ընդհարվեցին Աթիլլայի գլխավորած հոների ու նրանց դաշնակիցների 500.000-անոց և Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների համարյա նույնաթիվ բանակները: Մոտ 14 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին 180.000-ական զինվոր,
բ) մ.թ.ա. 218 թ-ի դեկտեմբերի Տրեբիա գետի ճ-մ: Իրար հանդիպեցին 40.000-անոց կարթագենյան և 32.000-անոց հռոմեական բանակները: Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 22.000 զինվոր,
գ) մ.թ.ա. 216 թ-ի օգոստոսի 2-ի Կաննի ճ-մ: Ընդհարվեցին 50.000-անոց կարթագենյան և 86.000-անոց հռոմեական բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 48.000 զինվոր,
դ) մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճ-մ: Մարտի դաշտում հանդիպեցին 70.000-անոց հռոմեական և 75.000-անոց Սելևկյան բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում ի վերջո պարտություն կրած Սելևկյան բանակը կորցրեց 50.000 զինվոր:
ե) 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ: Ողջ օրը տևած համառ մարտի արդյունքում պարտություն կրած 300.000-անոց թյուրքուտական բանակը կորցրեց 200.000 զինվոր:
Կարելի է բերել նաև այլ օրինակներ:
Իսկ երբ կրկին վերադառնում ենք Եղիշեի գրվածքին և այն ուսումնասիրում արդեն այս ամենի լույսի տակ, ի հայտ ենք բերում նոր հանգամանքներ, որոնք մնացել են ստվերում:
Պարզվում է, որ Մուշկան Նիսալվուրտը, □ստացել էր սաստիկ հարվածներ□ (Եղիշե, գլուխ 5) և □նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում□ (Եղիշե, գլուխ 5), իսկ. □նրա (Հազկերտի – Մ.Հ.) ուժն ու զորությունը շատ կոտրվեց□ (Եղիշե, գլուխ 5):
Պատկերացնո՞ւմ ես, ընթերցող, 3544, այն էլ օտարազգի, զոհը 214.000-անոց բանակով զորավարի և առավել ևս մոտ 300.000-անոց բանակ ունեցող արքայի համար համարվում է ծանր, սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված: Բայց չէ՞ որ դա ընդամենը մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է: Դրա կեսից ավելի, և այն էլ յուրայինների կորուստ, պարսկական բանակը կրեց միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ տեղի ունեցած Զարավանդ գավառի 2 ճակատամարտերում, սակայն պարսից զորավարն ու արքան կարծես նույնիսկ չնկատեցին էլ դա…
Պետք է անել ևս մի կարևոր դիտողություն:
Պարսից թագավորությունը, սկսած արդեն Վահրամ V-ի (421-439) գահակալումից և Հազկերտ II-ի (439-457) գահակալման հիմնական մասում լուրջ վերելք էր ապրում: Սակայն արդեն 451 թ-ից հետո վերելքի այս փուլը ընդհատվում է և վերջինս թևակոխում է լուրջ դժվարությունների ու ներքին ցնցումների մի դարաշրջան: 451-480 թվականներին Պարսից թագավորությունը դժվարությամբ էր պահպանում իր ներքին կայունությունը (Պերոզ I-ի (459-484) պայքարը Որմիզդ III-ի (457-459) դեմ) և իր արևելյան ու հյուսիսային սահմանների պաշտպանությունը (հոների ներխուժումը Ատրպատական և անհաջող նվաճողական պատերազմը Հեփթաղական թագավորության դեմ): Վիճակն ավելի բարդացավ 480-500 թվականներին, երբ սկսվեցին ավելի լուրջ արտաքին պարտությունները (լիակատար ջախջախմամբ ավարտված արշավանքը հեփթաղների դեմ), ներքին գահակալական պատերազմները (Վաղարշը (484-488) ընդդեմ Զարեհի (485), Ջամասպը (496-498) ընդեմ Կավատ I-ի (488-496, 498-531)), քաղաքացիական ընդհարումները (Մազդակյան շարժում) և ապստամբությունները (Մարզպանական Հայաստանի II, III, IV ապստամբություններ և այլն): Այս կապակցությամբ կարելի է գալ համարձակ հետևության, որ հենց Ավարայրի ճակատամարտում տված հսկայական զոհերն ու Տղմուտի արյունոտ ափերին ընկած պարսկական բանակի ընտրանու լուրջ կորուստն էր, որ ընդհատեց Պարսից թագավորության վերելքի դարաշրջանը և սկզիբ դրեց ճգնաժամի երկար տարիներին: Այս անուղղակի դիտարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պարսկական բանակը Ավարայրի ճակատամարտում աննախադեպ հսկայական կորուստներ է կրել:
Այսպիսով, ընթերցող, մոռանալով □3.544□ և □1.036□ թվերի, որպես կողմերի կորուստներն արտահայտող բացարձակ ցուցանիշների մասին, փորձենք ի վերջո պարզել կողմերի իրական կորուստները:
Դա կարող ենք անել հետևյալ կերպ.
1. 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,
2. Ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից (երբ պարսիկների համար □էժան արյուն□ հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար) ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին:
3. ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է գալ կողմերի իրական կորուստը արտացոլող թվերի և ամրագրել, որ պարսկական 214.000-անոց բանակը ու նրա կազում գտնվող ուրացողները կորցրեցին իրենց կազմի 59 %-ը, այսինքն 129.800 ռազմիկ (այդ թվում 3.544 ռազմիկ ուրացողներից), իսկ Հայկական բանակը` 129.800-ից մոտ 3,4 անգամ պակաս, այսինքն 38.176 ռազմիկ (այդ թվում 1.036 ռազմիկ նախարարական տոհմերից):>>
Էջանիշներ