•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Երկար ու ձիգ գնում էր հայոց այրուձին Վրկանա ծովի արևելյան դժնի տափաստանով: Ձյունը նստել էր ծանր ու մահատիպ: Նժույգների շնչառության գոլորշին ծխում էր շարքերի վրա: Հեծյալները` կիսամերկ, պատառոտած, կմախքացած, օրորվում էին ծանր ու լուռ: Գարեգինը բոլոր հրամանատարներին շարել էր իրարից հավասար հեռավորության վրա, առջևից գնում էր Արսենը, իսկ ետևից ինքն էր Արշամ հարյուրապետի հետ:
Ծանր, անհնարին դառնությունների ու տանջանքների շարան եղավ այրուձիի կյանքը այն օրից հետո, երբ խորացավ Քուշանաց անապատների մեջ: Քուշան զորավարի քաղցր ընդունելությունը փոխվեց դառնաղի դաժանության և բռնության: Գերիվեր թանկ վճարեց այրուձին իր հյուրընկալվելու և սնվելու համար քուշան խաքանին: Այրուձին պարտավորվեց կռվել քուշանների ներքին թշնամական ցեղերի հետ չոր, ամայի անապատներում, Օքսոսից արևելք: Ճիշտ է, ո՛չ քուշան հրամանատարը և ո՛չ էլ խաքանը հատուկ ատելություն չնյութեցին ընդդեմ հայ այրուձիի: Նրանք միայն դրսևորեցին իրենց հեղհեղուկ, անհաստատ բնավորությունը` նման իրենց շրջապատող ցեղերի կամ հենց այն բնության, որի մեջ ապրում էին: Նրանք ուխտ չդրժեցին և դաշինք չխախտեցին, որովհետև և՛ ուխտը, և՛ դաշինքը, և՛ այլ որևէ պայմանը նրանց համար մի խոսք էր` ասված միայն մի ժամի համար, որը հետո մոռացվում, տեղի էր տալիս այլ վերաբերմունքի:
Հարավային Քուշանաց երկրում ծառայություններ մատուցելով և զորագնդի սնումը մի կերպ պահպանելով` Գարեգինը կարողանում էր “գործեր” հանձն առնելու պատրվակով շարժվել դեպի հյուսիս: Նա ձևացնում էր, թե այլևայլ ցեղերի դեմ մարտեր է մղում և շատ անգամ անցնելով “թշնամի” ցեղի կողմը` առաջ էր շարժվում:
Այս դառնադաժան թափառումներին, հոգեսպառ կռիվներին ուղեկցում էին սովահարություններն ու մարդկային կորուստները: Գիշակեր թռչուններն էին ճախրում զորագնդի գլխավերևում, և չախկալները, գայլերն ու բորենիները` սոսկում նրանց կողքերից ու հետևից: Իսկ սրանից ավելի անհանդուրժելի էր չարագութ օտարի ցեղի հացը, անսիրտ խորթությունը, անգթությունը:
Տոչորաշունչ ավազաբուքերի, դառանաղի հորաջրերի, անշունչ, անմարդ, ամայի անապատների բավիղ էր դա, որից դուրս գալու հնար չկար այլևս: Աշխարհը կարծես քաոսի մեջ էր, ուր բնությունը` սանձարձակ ու ինքնիշխան, բռնադատում էր, ավերում, ժխտում, խլում մարդու ամեն ապավեն, ամեն հանգրվան, կյանքի կարգ, կյանքի իրավունք, մի տեղ, մի անկյուն, մի ծածկ, մի որջ: Եվ այդ տարերային, օտար, թշնամի քաոսի մեջ մարդու աչքը որոնում էր այդ անկյունը, բունը, մի մտերիմ դուռ, կրակ, ժպիտ, կյանք, մի ջերմացած մարդկային շինվածքի, մարդկային գոյության ներկայությունը` այդ անծայրածիր, դժնի ամայության, մահի ահեղ թագավորության մեջ:
Եվ այստեղ էր զգացվում, թե ինչ գին ունի մի քողտիկ, մի վրան, մի տնակ, մի շեն, վերջապես մի քաղաք, մի մարդու կամ ողջ մարդկության սիրելի ճարտարագործ շինվածքը, նրա շնչի, հոգու ներկայությունը:
Կարիքը հաճախ ստիպեց կռվավարձ պահանջել “դաշնակից” ցեղից: Հետո սկսեց լքած պաշարներից վերցնելը: Վերջը սովն ու մահվան սպառնալիքը հարկադրեց մարտակից քուշանների հետ ավարը բաժանել, վերջը` ավար առնել… Սկսվեց հետզհետե վայրենացման մի ընթացք, որի դեմ սկզբում կռվում էր Գարեգինը, բայց վերջը ինքն էլ զիջեց և դաժանացավ:
Սրվանձտյա Գարեգինը շատ էր տանջվում այս փախուստի ձեռնարկման հետևանքից: Նա զգում էր, որ Հայոց աշխարհի առաջ արյամբ և հոգով պատասխանատու է: Հետի իշխանները ևս իրենց մեջ խոսում էին այդ մասին, բայց չկամենալով խռովել Գարեգինին` լռում էին նրա մոտ: Սակայն և բոլորը հասկանում էին նաև այն, որ բացի այս վտանգի խաղը` ուրիշ ոչ մի հնար չկար այրուձիի համար, և որ այս անհնարին տառապանքների միջով միայն կարող են նրանք հասնել հայրենիք…
Հոգնաբեկ զինվորների մեջ կային նաև բազմաթիվ վիրավորներ, որ նժույգների թամբերին կապված կամ իրենց բաշերից բռնած, բերանքսիվայր պառկած, տնքալով, երբեմն անտանելի ցավից ճչալով, քաշ էին գալիս շարքերի հետ:
Մեկը նրանցից` ծանր ու դժվարը, երկու ձեռքերով նժույգի բաշը բռնած, սեղմում էր ատամները, կրճտում և դեմքը կծկելով` զսպում, որ ձայն չլսվի: Վերքը բացվել էր, մրմռում էր, և հնար չկար երթի ժամին կապելու: Զինվորը վերք էր ստացել քուշանների կռիվներից մեկում, և անդադար թափառումներն ու երթը հնար չէին տալիս խնամել նրան:
Նա հեռու չէր Գարեգինից, որը դիտմամբ ընթանում էր վիրավորներին շատ մոտ` խստորեն հսկելու նրանց:
Զինվորները չէին խոսում, մրթմրթում էին միայն հատուկենտ ու մռայլ նայում տափաստանին:
Երգեց Արշակը և խոշոր, սև աչքերը վառված ու կարոտալի նայեց զինվորներին: Նա հևում էր նկատելի ուժով և դժվարությամբ: Զինվորներն զգում էին` նա կընկնի: Հետևից արագացնելով նժույգի քայլերը` եկավ Գարեգինը:
Շարքերն անցնում էին լուռ ու խստահայաց:
Արշակը լիովին աչքեր էր դառել, որ մղկտացնում էին նայողին: Արշակը պետք է մեռներ, Արշակը պիտի մնար այդ չարագութ, անսիրտ օտարության մեջ:
Բոլորն անցան: Գարեգինը հրամայեց մնացածներին ևս գնալ: Մնացին ինքը, Արշամը, թիկնապահը և մի բուժ զինվոր: Վերջինս գլուխը տարավ-բերեց և նայեց Գարեգինին, հասկացրեց, որ շուտ չի մեռնի: Գարեգինի մեջ խոսում էր տանջող ներքին ձայնը: Խստասիրտ զորականը այստեղ նրբազգաց մարդ էր դառել: Նրան տանջում էր ոչ զինվորի կյանքի կորուստը, այլ ազատության զինվորի դժբախտությունը, որի պատճառը ինքն էր կամ իրեն էր հաշվում: Այն օրից, երբ հռչակվեց հայրենիքի պաշտպանությունը, Գարեգինը այլ աչքով էր նայում զինվորին և գին տալիս նրա կյանքին:
Արշակին պառկեցրին ձյան վրա: Եվ լուռ կանգնեցին:
– Գնա՛, իշխա՛ն…– մրմնջաց Արշակը,– գնացե՛ք, եղբայրնե՛ր, ես մենակ է՛լ..
Չխոսեցին: Արշակը իր խոր աչքերը դարձրեց Գարեգինին և աղաչական նայեց նրան: Այլևս անհնար էր նայելը: Գարեգինը գլուխը կախեց: Ապա հանկարծ դարձավ թիկնապահին և բուժին:
– Մնացե՛ք, մինչև…
Եվ նշան անելով Արշամին, որ հետևի իրեն` մտրակեց նժույգը: Մի վայրկյան ևս ետ նայեց, և նրա աչքերում տպվեց Արշակի իրեն հառած հայացքը: Մենակի, լքվողի և ամեն տենչ ու կարոտ սրտում մեռնողի հայացքը: Մի սուր խայթ խրվեց Գարեգինի սիրտը խորը-խորը: Նրան նայեց մարդը, նա լքում էր մի մարդու:
Գարեգինը բարձրացավ մոտակա բարձունքը` դիտելու համար զորագունդը, որ ձգված էր չափազանց բարակ ու կտրտված: Հետո նայեց շուրջը: Անհույս հեռաստաններ, ձյունի անհուն ծով, ամայություն սրտամաշ: Նայեց դեպի արևելք և տեսավ մի բան, որ իր չարագույժ տեսքով նսեմացրեց տափաստանի անապատային տեսքի տխրությունը:
Հեռու հորիզոնից արագ բարձրացավ և մահվան սավանի նման վարագույրվեց մի ճերմակ ամպ: Արևը մայր մտավ արագ, երեկոն սողաց ամեն կողմից: Ամպը արագարշավ եկավ հասավ երկնքի մեջտեղ և փշրեց սառն ձնաթեփ դեպի երկիրը: Նայեց Գարեգինը բլրի լանջին և տեսավ, թե ինչպես այս ու այն տեղ փոքրիկ ձնափոշիներ սկսեցին գեղեցիկ պտույտներով չարաժպիտ պարել օձագալար: Քամին բարձրացավ, և նրա շարժումների մեջ արդեն սկսեց մահը վնգալ հեռավոր մանկան լացի ձայներով:
– Շեփո՜ր,– հրամայեց Գարեգինը
Թիկնապահի մոտ կանգնած զինվորը փչեց: Զորագունդը կանգ առավ:
– Սեղմվե՜ե՜ե՜լ,– հրամայեց Գարեգինը:
Հրամանը ձայնեձայն գնաց մինչև առաջապահ ջոկատը, և զորագունդը սեղմվեց: Գարեգինը հրամայեց օղապարաններով, սանձերով, նիզակներով կապվել իրար, նշան դառնալ, չկորցնել իրար: Օգնական իշխաններին հրամայեց շարունակ ստուգել շարքերը:
Մութն ընկավ:
Եվ ահա վե՜ր կացավ անդրվրկանյան տափաստանային խելագար բուքը, բարձրացրեց ձյուների շերտերը, թափահարեց հսկայական ջվալները, ժայթքեց գաջի ամպեր, սկսեց ձաղկել անծայրածիր տարածությունները: Երկինք-գետին դառավ միազանգված մի քաոս, որի մեջ սանձակոտոր քամին զարկում էր, ծեծկում, ցնցահարում, գզգզում: Դիվական սույլերով մի կոծապար, չարախինդ, չարասուգ, որ դառնում էր կատաղած, ոռնում էր, քրքջում, սպառնում, մռնչում: Եվ որը, իր մեջ առնելով ողջ զորագունդը, կաշկանդեց, փակեց ճանապարհը, դուրս քշեց ճանապարհից…
Ո՞ւր են գնում, առա՞ջ, թե՞ ետ, դեպի կյա՞նք, դեպի մա՞հ. ոչ ոք չգիտեր:
“Կհասնե՞նք, թե՞ ոչ,– մտածեց Արսենը` նայելով զինվորներին, որ լողորդների պես կրծքները դեմ արած բուքին` առաջ էին մղվում հարբած աչքերով:– Ի՞նչ է խորհում այս պահիս նա… Որքա՜ն գութ, սեր, խնամք պիտի լիներ նրա աչքերի մեջ, եթե հանդիպեր նա ինձ… Եվ ոչ միայն ինձ, այլևս սրանց…”: Սակայն ի՞նչ Խորիշա, ի՞նչ նրա սերը, ի՞նչ գութը, ի՞նչ խնամքը այս թշնամի բնությանը գերված վիճակում… Թող որևէ մարդ հանդիպեր, թշնամի մարդ, թող մի բորենի, մի գայլ նայեր ձյուներից, թեկուզ հետևեր դիակի հույսով… Շունչի մի նշան, մի էակի գոյության հետք:
Գարեգինը հրամայեց, որ զորագունդը ավելի խմբվի և կանգնի: Ո՛չ շեփորը լսվեց, ո՛չ էլ որևէ ձայն հասավ զորագնդին: Բայց սա կանգ առավ և խմբվեց հարկադարաբար: Գարեգինը հրամայեց, որ օղակապարաններով իրար կապված զինվորների մի շարք դուրս գա մի քանի ուղղություններով` գուշակելու մի հետք, մի ուղղություն, շնչելու մի որևէ ծխահոտ, լսելու մի մարդկային ձայն: Զուր ճիգ: Բոլորը վերադարձան ձեռնունայն: Կանգնեցին տեղում: Եվ զգացին, որ ոչնչացումը մոտ էր, մահը` ստույգ: Զորագունը չսառեցնելու միակ միջոցը շարժվելն էր: Դա կտաներ կա՛մ որևէ բնակավայր, կա՛մ մահվան գիրկը: Գարեգինը հրամայեց գնալ մի ուղղությամբ: Բուքը սաստկացավ, սկսեց իրոք խեղդել: Անօրինակ ճիգով հնար էր լինում որևէ կարգ պահպանել: Զինվորները միտում էին կանգնել, մնալ: Գարեգինը մտրակում էր, գոռում, սպառնում սրով: Եվ որպեսզի ոչ ոք ետ չմնա, կրկին Արսենին գցեց առաջ, և ինքը մնաց հետևում: Մի վիրավոր ընկավ: Գարեգինը հրամայեց վերցնել նժույգի վրա: Հետո կրկին ընկավ վիրավորը: Գարեգինը հրամայեց բուժին օգնել նրան: Եվ նրա մոտ պահելով նաև իր թիկնապահին` ինքը հետևեց զորագնդին, որ սկսել էր հեռանալ և հմարյա չէր երևում: Մի փոքր անց թիկնապահի նժույգն ընկավ: Թիկնապահն սկսեց քայլերով գնալ Գարեգինի մոտով: Շուտով հոգնեց, բռնեց Գարեգինի նժույգի ասպանդակից:
Զորագուդը կորավ: Գարեգինը միայն ուղղությունն էր ճգնում պահել` նրան հասնելու: Իսկ թիկնապահը ուժասպառվում էր:: Բուժը արդեն մնացել էր հետևում, և Գարեգինը զգում էր, որ էլ չի հասնի հետևից: Միաժամ զգաց, որ թիկնապահը ևս կմնա: Հանկարծ նրա մեջ զարթնեց սթափ միտքը. ինչերո՞վ է զբաղված ինքը: Զորագունդը կորավ առաջից, իսկ ինքը մի զինվորի համար կորստյան մատնեց նաև իրեն: Զգաստացավ. մտածեց հստակորեն: Մտածեց, որ նա կորցրել էր զորականի հատկությունները, քնքշացել էր, և ահա՛ դրա հետևանքը: Զորագունդը կզոհվի իր հիմարության, ինչպես և ինքը` նույն հիմարության հետևանքով: Թիկնապահը թողեց ասպանդակը:
– Էլ չեմ կարող, իշխա՛ն…
– Քայլի՛ր…
Թիկնապահը ճիգ արեց: Գնաց միառժամ ևս: Բայց ուժերը լքեցին: Գարեգինը հրամայեց թռչել իր գավակը: Մի փոքր անց նժույգը կանգ առավ:
– Իջի՛ր:
Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետ:
Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետք է փրկի իրեն, հասնի զորագնդին, կա՛մ ինքը ևս մնում է և ոչնչանում:
– Ե՛կ իմ հետևից, որքան կարող ես,– հրամայեց նա և նժույգը նստելով` քշեց նրան դեպի զորագնդի հեռացած կողմը, որքան որ կարծում էր, թե ճիշտ է իր ուղղությունը:
Սակայն բուքը խեղդում էր նրան: Մահը մեկնեց իր ճիրանները դեպի նա: “Անմի՜տ, հիմա՜ր”` բացականչեց նա բուքի որոտների մեջ: Դա իրեն էր վերաբերում: Հիմար գտնվեց և ընկավ մահի վտանգը: Նա սկսեց անգթորեն մտրակել իր նժույգը, որ հոգնած էր: Նժույգը կանգ առավ: Նա սկսեց մտրակել ամենադաժան հարվածներով: Նա հանեց դաշույնը և սկսեց թեթև հարվածել նրա ծայրով: Նժույգը մի փոքր գնաց և ապա նստեց, մնաց: Մի փոքր հանգիստը կարող էր հնար տալ նժույգին շարժվել առաջ: Բայց այդ մի փոքր պահը կարող էր մահվան սպասում լինել երկուսի համար ևս: Գարեգինը դեռ բավական սեփական ուժ ուներ: Իջավ նժույգից և նրան ևս լքելով` գնաց առաջ: Նա սկսեց բարձրաձայն անիծել իշխաններին, որ լքեցին իրեն, թեև գիտեր, որ այս անհնարին բուքի մեջ հինգ-վեց քայլի վրա ևս մարդ մարդու կորցնում է: Թերևս իշխանները չգիտեն, որ նա ետ է մնացել, թերևս գիտեն և չեն կարողանում կապվել հետը, որոնել նրան: Թերևս անտարբեր են: Թերևս իրենք ոչնչանում են:
Էջանիշներ