Ավարայրի ճ-մ-ում մենք միանշանակ հաղթանակ ենք տարել...
Ըստ Եղիշեի. □Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց□ : Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը: Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքը ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության, մի ոգու հիմք, որը պահեց և պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է: Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր: Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ: Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե ըստ ռազմական պատմաբանների հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն թշնամին խիստ արյունաքամ էր եղել:
Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամրտը հաջորդ օր, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկներ չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակին: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը: Իրոք. սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ստրատեգիական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:
Այսպիսով կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն տակտիկական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավել կորուստ տվեցին), իսկ ստրատեգիական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի: Ի դեպ զուտ ռազմա-ստրատեգիական առումով մեծ է Վարդանանց պատերազմի նմանությունը Չեչենական առաջին պատերազմի հետ: Ոչ ոք այժմ չի կարող ասել, որ ռուսները հաղթեցին այդ պատերազմում: Սակայն կրկին եմ ցանկանում ընդգծել, որ նմանությունը վերջանում է սրանով: Իրոք. եթե հայերը պայքարում էին ազգի գոյության, ասիմիլյացիային դիմադրելու և ինքնապահպանման համար, ապա չեչենները զոհ գնացին միջազգային ինտրիգներին և ազգային սնափառությանը՝ դուրս գալով հզոր պետության դեմ: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: ԵՎ եթե այդ դեպքում ազգը անպայման կհաղթի, ապա այլ պարագայում ջախջախումն անխուսափելի է:
Էջանիշներ