<ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆԱ ԱՄԲՈԽԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ>
Հարցազրույց ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ -[B] Պարոն Հակոբյան, նախ ուզում եմ ճշտել Ձեր կուսակցական կարգավիճակը, որովհետեւ տարբեր տեղեկություններ են պտտվում կուսակցությունում Ձեր լինել-չլինելու մասին: Ո՞րն է իրականությունը:
- Իրականությունն այն է, որ իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել ՀՅԴ-ից:
[B]- Վերջերս Դուք մեր թերթում հանդես եկաք «Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը» բավականին հետաքրքիր, բայց եւ վիճելի հոդվածով, որը մեծ արձագանքներ ունեցավ: Գո՞հ եք արձագանքներից:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտին»՝ հոդվածի հրապարակային քննարկումը ապահովելու համար: Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր թե՛ ձեր, թե՛ մյուս թերթերում անդրադարձան հոդվածին: Կարծում եմ, որ քննարկումը բավականին արդյունավետ էր եւ ուսուցողական: Արձագանքները նաեւ փաստեցին, որ իսկապես բարձրացված հիմնախնդիրների քննարկման համար անհրաժեշտ է հրապարակային երկխոսության հնարավորություն ստեղծել: Կարեւորում եմ այն փաստը, որ արձագանքողների գերակշիռ մասը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը եւ այն դիտում է մեր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ միջոց:
[B]- Բավական երկար ժամանակ բացակայել եք Հայաստանից եւ այժմ վերադարձել եք այդ հոդվածով: Արդյո՞ք սա նշանակում է, որ ուզում եք վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
Ես այդ ընթացքում աշխատել եմ որպես ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանում, նստավայրը՝ Սանկտ Պետերբուրգ: Բայց նաեւ ակտիվորեն մասնակցել եմ այդ ժամանակահատվածում Հայաստանում կազմակերպված քաղաքական բնույթի համապետական գրեթե բոլոր միջոցառումներին, մասնավորապես՝ ԱԺ ընտրություններին, եւ չէի ասի, թե անմասն եմ մնացել մեզանում ընթացող քաղաքական գործընթացներից:
[B]- Որպես ստեղծված իրավիճակից ելք, Դուք հոդվածում առաջարկել եք անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Քննարկումների ժամանակ այս առաջարկությունը առանցքային հարցերից մեկն էր: Իշխանության կողմնակիցները դեմ են այդ առաջարկությանը՝ տարբեր հիմնավորումներով, իսկ ընդդիմությունը կողմ է Ձեր առաջարկությանը՝ այն ներքուստ դիտելով որպես իր հաղթանակ: Կոնկրետ Ձեր առաջարկության իրականացումն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Այս առաջարկն անելով՝ ես ավելի քան համոզված եմ, որ, միեւնույն է, մենք դատապարտված ենք արտահերթ ընտրություններ կազմակերպելու, բայց չէի ցանկանա, որ դա լիներ պարտադրանք: Պետությունը բավականին թուլացած է, եւ կարծում եմ, որ պարտադրանքի դեպքում նոր ցնցումի չի դիմանա: Եվ իմ առաջարկության հիմնական էությունն այն է, որ այդ պրոցեսները պետության կողմից լինեն կարգավորելի:
Միանգամից նշեմ, որ եթե կազմակերպվեն արտահերթ ընտրություններ իմ առաջարկած հիմնավորումներով, ապա արդյունքում այն չի կարող ապահովել կողմերից որեւէ մեկի հաղթանակը՝ առանձին-առանձին վերցրած: Այն կլինի, կարծում եմ, մեր պետության եւ ողջ հայ ժողովրդի հաղթանակը: Իսկ իշխանությունը եւ ընդդիմությունը մեր պետության բաղկացուցիչ մասերից են: Այսինքն՝ կհաղթենք բոլորս:
- Կխնդրեի, որ բացեիք Ձեր առաջարկության փակագծերը:
- Հոդվածում համոզմունք եմ հայտնել, որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամի բուն պատճառը 1995 թվականից սկսած բոլոր մակարդակներում կազմակերպված ընտրություններն են, որոնց ժամանակ հիմնականում իշխանության կողմից օգտագործվել է կեղծիքների մեխանիզմ՝ նախապես կանխորոշելով ընտրությունների արդյունքները: Իշխանական կառույցները փորձել են նվաստացնել եւ նսեմացնել ընտրողին, կաշառել եւ այլասերել նրան, փորձել են իշխանության բուն կրողին՝ ժողովրդին, օտարել իշխանությունից՝ իշխանությունը դարձնելով մի խումբ մարդկանց մենաշնորհը՝ քաղաքական որոշ իմիտացիոն ֆոն ապահովելով: Արդյունքում ժողովուրդն ապրել է խորը հիասթափություն եւ անտարբերություն իր պետության ապագայի նկատմամբ: Արտագաղթը ցավալիորեն զգալի թվով մտավոր եւ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց համար դարձել է իրավիճակից ելք: Իսկ նման ընտրությունների թերեւս ամենավտանգավոր արդյունքը եղել է այն, որ պետությունը մշտապես այդ ընթացքում ղեկավարել է կասկածելի լեգիտիմությամբ իշխանություն, որը ինքնապաշտպանության բնազդով փորձել է ամեն գնով ապահովել իր տեսակի վերարտադրությունը եւ պահպանել այն: Եվ շատ օրինաչափորեն տարիների ընթացքում ակումուլացած, լերդացած բողոքը նախագահական վերջին ընտրությունների ժամանակ ժայթքեց՝ պետությանը եւ համայն հայությանը կանգնեցնելով տխուր եւ ամոթալի պատկերի առջեւ: Այսօր միջազգային քաղաքական դաշտում մենք բավականին անմրցունակ ենք դարձել, եւ սա պետք է խոստովանել: Իսկ նման կարգավիճակով կարո՞ղ ենք, արդյոք, լուծել բավականին ծանր ազգային խնդիրները. դժվարանում եմ դրական պատասխան տալ:
Ինձ համար անընդունելի է, երբ իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղադրել մեկը մյուսին: Երկու կողմերի թիմում էլ կան մարդիկ, ովքեր վերջին տասնութ տարիների ընթացքում եղել են քաղաքականության մեջ եւ եթե չվախենան համագործակցել իրենց հիշողության հետ, կտեսնեն, որ այս իրավիճակի պատճառահետեւանքային կապը գտնվում է մեկ օրգանական միասնության մեջ, որը սկսվել է 95 թվականին եւ գլխավոր դերակատարների փոփոխությամբ շարունակվել եւ շարունակվում է մինչեւ օրս: Ուղղակի նաեւ նախորդ նախագահների փոխարեն այդ ամենի պատասխանատուն այսօր դարձել է միայն Սերժ Սարգսյանը: Եվ երբ ես առաջարկում եմ արտահերթ ընտրություններ, շատ բան պայմանավորում եմ նաեւ գործող նախագահով:
[B]- Ի՞նչը նկատի ունեք...
- Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը ավելի քիչ ձայն չի հավաքել, քան 1996-1998-2003 թթ. ընտրված նախագահները, ավելի շատ չի չարաշահել պետական լծակները նախընտրական արշավի ժամանակ, քան իր նախորդները: Ժողովրդական իմաստնությունը հուշում է, որ կաթիլը քար է ծակում, եւ քարը ծակող վերջին կաթոցը տեղի ունեցավ հենց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Ի վերջո, տասներեք տարի անընդմեջ այդ կաթոցը թուլացրել էր քարը: Եվ այդ վերջին կաթոցի ուժգնությունը շատ օրինաչափ էր, որը, դժբախտաբար, իր հետեւից թողեց նաեւ մարդկային զոհեր: Ճակատագրի հեգնանքով Սերժ Սարգսյանն այսօր դարձել է պատասխանատուն նաեւ իր քաղաքական գլխավոր հակառակորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ձեւավորված կեղծիքների հրեշավոր երախի համար: Անշուշտ, այդ երախը բավականին գայթակղիչ է եղել, եւ այսօրվա նախագահն էլ իմունիտետ չի ունեցել դիմադրել այդ գայթակղությանը: Իսկապես, հանրապետության նախագահը իր կարգավիճակով միակ մարդն է, ով այսօր ցանկության դեպքում կարող է հարթել բազմաթիվ քարկապներով պրկված քաղաքական ճգնաժամը: Իսկ լուծման մեխանիզմը, իմ կարծիքով, մեկն է՝ 1-1.5 տարվա ընթացքում կազմակերպել եւ անցկացնել արտահերթ նախագահական, ապա՝ խորհրդարանական ընտրություններ՝ ապահովելով բոլոր մասնակիցների համար արդար եւ հավասար նախընտրական պայմաններ: Քաղաքակրթության պատմությունն ունի բազմաթիվ փաստեր, որ երբ իշխանությունները անկեղծորեն ցանկանում են, ապա զարմանալի հեշտությամբ են իրականացնում ազատ, արդար ընտրություններ, իսկ պահանջվող ռեսուրսը այս դեպքում ընդամենը մեկն է՝ շահագրգիռ, քաղաքական հզոր կամք ունեցող եւ բարոյական ճշգրիտ չափանիշներին տիրապետող Մարդը: Կրկնում եմ, Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն չի հավաքել, քան նախորդ նախագահները, բայց ներկա իրավիճակը նրան դրել է բավականին պատասխանատու ընտրության առջեւ: Վստահ եմ, որ նման անձնազոհության գնացող նախագահը ընդմիշտ կդասվի մեր պատմության ամենաընտրյալ նախագահների շարքում, եւ դա նույնիսկ այն դեպքում, երբ նա ցանկանա մասնակցել արտահերթ ընտրություններին եւ՝ չընտրվի: Չնայած վստահ եմ, որ այս դեպքում նրա անձնազոհությունն ու քաղաքական հզոր կամքը ըստ արժանվույն կգնահատվի եւ նրա ընտրողների թիվը կհամալրվի քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող բազմաթիվ քաղաքացիներով: Ի վերջո, եթե մենք սիրում ենք դը Գոլի կամ Չերչիլի անունը նշել որպես իրենց պետությանը, ազգին նվիրյալ գործիչների, ապա նրանք խորհրդանիշներ են դարձել իրենց ժողովրդի համար բարդ իրավիճակներում ոչ ստանդարտ եւ բացառիկ անձնազոհություն պահանջող քայլեր ձեռնարկելու շնորհիվ:
[B]- Իսկ ինչո՞ւ 1-1.5 տարվա ընթացքում:
- Որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականի նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ փաստի առաջ կանգնած ժողովուրդը պարտավորված էր ընդամենը քառասուն օրում ընտրել նախագահ: Այլ խոսքով՝ այդ ժամանակահատվածը անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան հանգիստ պատրաստվել ընտրություններին: Ընտրությունները պետք է կազմակերպվեն ոչ շուտ, քան մեկ տարի անց, եւ ոչ ուշ, քան մեկ եւ կես տարին:
[B]- Հավատո՞ւմ եք, որ եթե իշխանությունը անկեղծորեն ցանկանա եւ նախաձեռնի արտահերթ ընտրություններ, ապա դրանք կլինեն արդար եւ ժողովրդավարական:
- Ոչ միայն հավատում եմ, այլեւ համոզված եմ: Կարելի է ուսումնասիրել Հարավային Ամերիկայի կամ մերձբալթյան պետությունների փորձը, որտեղ իշխանությունները ընդդիմադիր գլխավոր ուժերի հետ միասին հրապարակավ պայմանավորվածություն ձեռք բերեցին անցկացնել արդար ընտրություններ, եւ դա բավականին հեշտությամբ նրանց մոտ ստացվեց: Վստահ եմ՝ եթե ժողովուրդը տեսնի, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը իսկապես շահագրգռված են արդար ընտրություններ կազմակերպելով, նա իրեն վախեցնողին կամ հինգ հազար դրամով իր քվեն գնողին արժանի պատասխան կտա: Կրկնում եմ, նախաձեռնությունը իշխանությունների կողմից պետք է լինի ազնիվ, շիտակ, իսկ ընդդիմությունը պետք է ազնվորեն պաշտպանի եւ մասնակցի այդ նախաձեռնության իրականացմանը:
Էջանիշներ