Ինչպես ոմանք արդեն նշեցին, գրողին որպես չսիրած որակելու համար հարկավոր է նրանից առնվազն մի քանի ստեղծագործություն կարդացած լինել, քանի որ մեկը կամ երկուսը կարդացած լինելը գուցե դեռ բավարար չէ եզրակացնելու համար, որ այդ գրողին չես սիրում, իսկ մեկ–երկու ստեղծագործություն չհավանելու դեպքում, կարծում եմ, շատ քչերը կհամարձակվեն էլի ու էլի փորձել, հետևաբար չսիրած գրողների ցուցակը երևի այս կամ այն չափով հարաբերական կլինի... Այնուամենայնիվ, փորձեմ.
1. Ժյուլ Վեռն. ասեմ, որ միայն «15-ամյա նավապետն» եմ կարդացել 6-րդ դասարանում, դե, կարդացածս առաջին «լուրջ» գիրքն էր, վատը չթվաց, թեև առանձնապես հիացմունք էլ չառաջացրեց, իսկ դրանից հետո ցանկացած ուրիշ արկածային գիրք անհամեմատ ավելի լավն էր թվում, ու էդ գիրքը գնալով ավելի ու ավելի չսիրեցի։ Ի դեպ, հետագայում էլ համոզվեցի, որ տարիքը տվյալ դեպքում հեչ կապ չուներ, որովհետև, օրինակ, «Փոքրիկ շրջմոլիկը» սկզբում կարդացել եմ էլի մոտավորապես 6-րդ դասարանում ու շատ եմ հավանել, իսկ հետագայում՝ արդեն բավական մեծ տարիքում, էլ վերընթերցելիս կարծիքս բոլորովին չփոխվեց. նույն հետաքրքրությամբ ու հաճույքով կարդացի։ Իսկ «Տասնհինգամյա նավապետն» ինձ համար պարզունակ էր, հոգեբանական ու հուզական առումով խիստ աղքատիկ, եղած–չեղած զգացմունքներն էլ, իմ կարծիքով, բավական ստանդարտ ու մակերեսային էին՝ ընթերցողի հույզերի հետ չխոսող։ Հա, հասկացանք, արկածային, բայց իմ կարդացած ոչ մի ուրիշ արկածային գրքի մասին ես էս նույնը չէի ասի հաստատ։ Հիշում եմ նաև, որ եղբայրս «Խորհրդավոր կղզին» էր կարդում ու ինձ մանրամասն պատմում էր ընթացքում, էնպես, որ կարծես ես էլ կարդալիս լինեի ու զգում էի, որ էդ վեպն առանձնապես չի տարբերվում «Տասնհինգամյա նավապետից»։Էնպիսի տպավորություն էր, որ վեպը կառուցված էր մոտավորապես նույն սյուժետային կմախքի վրա, նույնիսկ հերոսներն էին ահագին կրկնվող, ինչն, իհարկե, չէր նպաստում էդ գրքերի հեղինակին սիրելուն։ Ուրիշ ստեղծագործություններն էլ հենց միայն վերնագրերով արդեն վանել են...
2. Չարլզ Դիքենս. Կարդացել եմ միայն «Օլիվեր Թվիստի արկածները» և «Դոմբին և որդին»։ Առաջինը մանկական տարիքում կարդալու դեպքում, ինչ խոսք, բավական «ուտվող» է, իսկ երկրորդը կարդացել եմ բավական հասուն տարիքում ու չեմ հավանել։ Համենայնդեպս, նշածս երկու ստեղծագործություններում էլ աչք էր ծակում կերպարների միակողմանիությունը. հերոսները, որպես կանոն, կամ 100%–անոց դրական էին, կամ 100%–անոց բացասական»։ Դրականները անիրական ձևով հրեշտակային ու եթերային էին, բացասականները՝ վախենալու չափ տականք, մի խոսքով՝ ինչպես հեքիաթում։
Ի դեպ, Պաուլո Կոելիոյի մասին ասեմ, որ հետաքրքիր ու նաև օգտակար մտքեր ու գաղափարներ կան նրա ստեղծագործություններում, բայց այդ ամենով հանդերձ, մի տեսակ տպավորիչ չի ինձ համար, չի հուզում, ես նրա կերպարներին չեմ զգում։ Հոգի չկա մեջը մի տեսակ, իմ համեստ կարծիքով։ Թերևս Mercury–ի ասած «շոումեն» բառն ավելի շատ կսազեր Կոելիոյին, համենայնդեպս, ես նման տպավորություն ստացել եմ, չգիտեմ...
Հետո ուրիշ գրողների էլ կգրեմ։ Կարծում եմ՝ մի երկու հոգու նշելն ու հիմնավորելն ավելի լավ է, քան 5 հոգանոց ցուցակ գրելն ու չհիմնավորելը։
Էջանիշներ