ՋԱՀԵԼ ԶՈՒՅԳ
Բաց է սենյակը նեղ երկնի դեմ կապտաշող.
Տեղ չկա. ամենուր՝ սնդուկներ փոքր ու մեծ,
Դրսի պատն է ծածկում զրվանդը սողացող,
Ուր տան ոգիներն են բացում լնդերն իրենց։
Այդ ծախսերն անիմաստ, այդ վեճերն առօրյա
Անշուշտ չարաշշուկ ոգիներն են գործել,
Գետնաթութ են բերում փերիներն աֆրիկյան,
Տեղադրելով բոլոր անկյուններում ցանցեր։
Կնքամայրերն, ահա, դժգոհ ներս են մտնում,
Թափանցում են բուֆետ լույսի շողի նման
Ու նստում են այնտեղ. ոչ ոքի չեն գտնում.
Բացակա է զույգը, չկա անելու բան։
Խաբում է պսակվածին քամին, քամին չարկամ,
Երբ բացակա է նա, իսկ ինքը տանն է միշտ,
Եվ ջրային խենեշ ոգիները անգամ
Նրանց առագաստն են մտնում, ելնում հանգիստ։
Մեղրամիսը, ավա՜ղ, գրկում կեսգիշերվա
Ժպիտը կքաղի նրանց և բովանդակ
Երկինքը կլցնի քողերով պղնձյա։
Հետո առնետի հետ գործ կունենան նրանք։
Թե չգա մի գունատ, թափառական կրակ,
Կրակոցի նման մով իրիկվա ժամին,
- Օ՜ դուք Բեթղեհեմի տեսիլքնե՛ր սպիտակ,
Դյութեցե՛ք կապույտը նրանց պատուհանի։
27 հունիսի, 1872
Էջանիշներ