Առավոտ-ը գրում է. - Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, եւ դա, անկասկած, սրելու է իրավիճակը տարածաշրջանում: Պարզ է, որ Ռուսաստանն այժմ պիտի փորձի ստիպել իր բոլոր դաշնակիցներին եւ արբանյակներին նույնպես ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որպեսզի մենակ չմնա եւ ցույց տա, որ իր քայլը միանգամայն բնականոն էր եւ սովորական: Մասնավորապես Հայաստանի իշխանություններին այդ քայլը պարտադրելու բազմաթիվ լծակներ կան` չճանաչեք` կանջատենք գազը, կզրկենք ատոմակայանի վառելիքից, կզինենք Ադրբեջանին եւ այլն: Ռուսաստանի պարտադրանքից խուսափելը կարող է բերել աղետալի հետեւանքների… Բայց նույնքան վտանգավոր է ճանաչելը: Նախ, դա կնշանակի Վրաստանի հետ հարաբերությունների շեշտակի վատթարացում: Շատ հնարավոր է, որ այդ դեպքում հարեւան երկիրն ընդհանրապես փակի Հայաստան եկող ճանապարհը: Թե ինչ է դա նշանակում` բոլորին է հասկանալի: Նույնիսկ այսօր, երբ բեռնափոխադրման հետ որոշակի խնդիրներ են ծագել, մենք` Հայաստանի բնակիչներս, դա ամեն րոպե զգում ենք մեր մաշկի վրա: Երկրորդ վտանգն այն է, որ ճանաչելով այդ տարածքները որպես անկախ պետություններ, մենք հայտնվում ենք որոշակի, Ռուսաստանի կողմից ղեկավարվող կիսավտարանդի ճամբարում եւ այլեւս չենք կարողանա նորմալ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ, ինչը Հայաստանի համար նույնպես կենսական անհրաժեշտություն է:
www.aravot.am
Էջանիշներ