Քննարկված հարցերի առթիվ ավելի հստակեցնելու համար Կոնգրեսի դիրքորոշումը, հարկ եմ համարում եւս մեկ անգամ շեշտել մեր կողմից բազմիցս ներկայացված հետեւյալ հիմնադրույթները.
— Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա.
— Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը.
— Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.
— Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը եւ չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ.
— Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով.
— Իշխանափոխության եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղափարակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի։
Որքան ինձ հայտնի է, որեւէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են։
* * *
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են մեզ սպասում առաջիկայում։ Չնայած դժվար է հստակ գուշակություններ կատարել, բայց ինձ հավանական է թվում մոտավորապես հետեւյալ սցենարը.
— Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը.
— Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից.
— Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը.
— Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության.
— Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա.
— Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը.
— Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը։
Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ։ Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։
Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու։
Էջանիշներ