Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ հստակ սահմանազատված այս երկու ճամբարներից բացի, եղավ նաեւ անտարբերների մի հսկայական զանգված, որն ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքեց հայ–թուրքական արձանագրություններին, ինչպես չի արձագանքում նաեւ Ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացումներին։ Որքան էլ տխուր ու մտահոգիչ, այս երեւույթը, սակայն, զարմանալի չէ, քանի որ սեփական իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյաքարշության դատապարտված ժողովրդից չի կարելի հայրենասիրական պոռթկում սպասել։ Ընդ որում, նշված երեւույթը, որը գիտականորեն ուսումնասիրված է, հատուկ է ոչ միայն մեզ, այլեւ բոլոր մնացյալ ժողովուրդներին։ Այն բազմիցս դրսեւորվել է պատմության մեջ եւ եղել շատ պետությունների ու նույնիսկ կայսրությունների կործանման պատճառներից մեկը։ Հասարակության անտարբերությունն, անշուշտ, առայժմ ձեռնտու է իշխանություններին, եւ պետք է, առաջին հերթին, անհանգստացնի ընդդիմությանը։ Բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ։ Երբ որեւէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստանալու։ Սակայն սա, թեեւ չափազանց կարեւոր, բայց միանգամայն առանձին հարց է, որը դուրս է մեր քննության բուն առարկայից՝ ընդդիմադիր ճամբարի դիրքորոշումների գնահատականից։
* * *
Ըստ այդմ, անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ–թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ։ Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը՝ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաեւ հայ–թուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաեւ արեւմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը։
Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների։ Ամենեւին պատահական չէ, հետեւաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա եւրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, եւ այդ քայլը հայտնի է բոլորին։
Ծայրահեղ ազգայնականները, մանավանդ Դաշնակցությունը, իրենց անհարմար վիճակի մեջ են դնում նաեւ մի այլ առումով, այն է՝ մի կողմից պաշտպանելով առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման սկզբունքը եւ դրա հիման վրա բողոքելով Թուրքիայի ներկայացրած նախապայմանների դեմ, մյուս կողմից՝ վերջինիս առջեւ սեփական նախապայմանները դնելով։ Մերկապարանոց չթվալու համար հարկ եմ համարում մի ընդարձակ մեջբերում կատարել «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշերը» վերնագիրը կրող փաստաթղթից (23.10.2009թ.), որում այդ մասին բառացիորեն ասված է հետեւյալը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հատուցման պատրաստակամություն դրսեւորելու, ինչպես նաեւ թուրք–ադրբեջանական միասնական հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում։ Պատմական այս շրջափուլում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելը չափազանց լուրջ եւ պատասխանատու քայլ է եւ Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա։ ...ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է անհրաժեշտ դիմակայություն ապահովի թուրք–ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին եւ առաջնորդվի հետեւյալ սկզբունքներով. –Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները գնահատել որպես անօրինական եւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող. –Բացառել հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակցումը, ինչը կհանգեցնի Հայ Դատի ամբողջական փաթեթի անթույլատրելի տրոհման. –Չկնքել որեւէ պայմանագիր, որով կարող է ուժը կորցված ճանաչվել կամ վերացվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությունը. –Մինչեւ բովանդակ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների վերականգնումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մասը պետք է կազմեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը. –Բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն՝ այդպիսով ի չիք դարձնելով ուրացման թուրքական քաղաքականության փորձերը»։
Մարդ կարող է ուղղակի թեւաթափ լինել քաղաքականության հետ կապ չունեցող եւ հակասություններով լի այս բառակույտից։ Եթե խնդիրը չվերաբերեր մի այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին հայ–թուրքական հաշտեցումն է, ապա կարելի էր կարծել, թե մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ծրագրի, այլ քաղաքական պամֆլետի հետ։ Այդուհանդերձ, որքան էլ խրթին ու հակասական, ասվածի իմաստը չափազանց պարզ է. ըստ Դաշնակցության՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցի այնպիսի պայմանագրի հիման վրա, որը չբացառի ապագայում վերջինիս առջեւ Ցեղասպանության ճանաչման եւ տարածքային ու նյութական փոխհատուցման պահանջներ դնելու հնարավորությունը։ Տրված լինելով, որ Թուրքիան երբեք չի համաձայնի նման պայմանների, հետեւաբար, նույնքան պարզ է նաեւ այս դիրքորոշման նպատակը, այն է՝ ամեն ինչ անել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու համար, որքան էլ Դաշնակցությունը պնդի, թե «դեմ չէ եւ երբեք էլ դեմ չի եղել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը» (ՀՅԴ առաջարկած փոփոխությունները, Երեւան 2009, էջ 2)։ Դաշնակցության եւ հայդատական մյուս ուժերի պատկերացմամբ՝ հայ–թուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսեւորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա։ Իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունենան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբ՝ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում։