ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՄՍԻ 12 ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.08.2008 թ.
Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված՝ Հայաստան 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում։
Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի ու անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը։ Նման դեպքերում ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլորովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես` խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններին՝ ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումից։
Հայ Ազգային Կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել ու արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին։ Ուստիեւ, նկատի ունենալով՝
- վերջին շրջանում մեր տարածաշրջանում ծավալված բուռն իրադարձությունների ու դրանց հետ կապված աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների հետեւանքով ստեղծված լարված ու նուրբ իրավիճակը,
- այն հանգամանքը, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ (գուցե նաեւ այդ երկրի նախագահը), որոնց անվտանգության հետ կապված՝ բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ կեղծ ազգայնական ուժերի ու տարրերի անխոհեմ կոչերի ու գործողությունների հետեւանքով, ինչի կանխումը իրավապահ մարմինների պարտքն է, եւ այս դեպքում պետք է ոչ թե խանգարել, այլ օգնել նրանց,
- մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով,
- ինչպես նաեւ կողմնակիցը լինելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չցանկանալով որեւէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում,
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
ա) Ս.թ. օգոստոսի 31-ից, ժամը 23-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը։
բ) Սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխում է հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին։
գ) Մինչեւ սեպտեմբերի 12-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն «քաղաքական զբոսանքներ» երեկոյան ժամը 19-ից մինչեւ 22-ը։
Նստացույցի մասնակիցներին եւ մեր բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին։
Մեր ժողովրդին կոչ ենք անում այս ընթացքում չենթարկվել որեւէ կեղծ ազգայնական սադրանքի, ընդհակառակը՝ օգնել կանխել այդպիսիք։
Բոլորին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել ֆուտբոլի Հայաստանի հավաքականին, հաջողություն ենք մաղթում մեր թիմին, ցանկանում ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐ եւ խոշոր հաշվով ՀԱՂԹԱՆԱԿ։
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Էջանիշներ