Լ. ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՚ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆ Էՙ
[22:17] 21 Սեպտեմբերի, 2008
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ անկախության 17-րդ ամյակը նշեց իր համակիրների հետ:
Տեր-Պետրոսյանին նրա համակիրները դիմավորեցին ՚Լեւոն նախագահՙ վանկարկումներով:
՚17 տարին եւ շատ ժամանակ է, եւ քիչ, եթե մանավանդ հիշենք, որ մեր առաջին հանրապետությունը ընդամենը 2 ու կես տարի է տեւել: Դրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք գիտակցենք, որ անկախությունը մեր վերջին շրջանի պատմության ամենամեծ նվաճումն է, որը ձեռք է բերվել ձեր ջանքերով: Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 1991թ. սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվե եւ 100 տոկոսով կողմ է քվեարկել անկախության: Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետեւ մեր հիմնական նվաճումը դեռեւս առջեւում է: Ես միշտ էլ ասել եմ, որ անկախությունը երկրորդական է, եթե այն չի բերում ազատության: Անկախությունը ազատության հասնելու միջոցն է: Հիմա մեզ է մնում կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը` նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունըՙ:
Շնորհավորելով ներկաններին Տեր-Պետրոսյանն այսօր չանտեսեց նաեւ երկրում տիրող իրավիճակը եւ բոլորին հուսադրեց չընկճվել. ՚Ես չէի ուզի այսօրվա տոնը քաղաքականացնել, բայց ես չեմ կարող անտեսել այսօրվա մռայլ մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում: Այսօր դժբախտաբար, հերթական անգամ, դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել, մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետերի ձեռքում: Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետերը, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են: Այս երկիրը պատկանում ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենքՙ: Ներկանները նախագահին ընդհատեցին` ՚Լեւոն նախագահՙ վանկարկումներով: Տեր-Պետրոսյանը այսօր ողջույնի խոսք հղեց քաղբանտարկյալներին. ՚Որոնք, հսկայական նվաճումներ են ունեցել, ինչպես անկախության, այնպես էլ Ղարաբաղի ազատագրման ճանապարհին եւ այսօր էլ շարունակում են իրենց պայքարը հանուն մեր բոլորի ազատության: Եթե այսօր նրանք բանտերում են` միայն նրանք չէ, որ ազատազրկված են: Մենք` բոլորս, ազգովի ազատազրկված են եւ մինչեւ նրանք դուրս չգան բանտերից, մենք` այստեղ բոլոր կանգնածներս ազատ չենք կարող լինելՙ: Այսօր ազատազրկման վայրերից ՀՀ առաջին նախագահին եւ Համաժողովրդական շարժման բոլոր անդամներին իրենց ողջունի խոսքը հղեցին նաեւ քաղբանտարկյալները:
Այսօր անկախության տոնը առաջին նախագահի հետ տոնելու էին եկել ոչ միայն Համաժողովրդական շարժման անդամները, այլեւ բազմաթիվ մտավորականներ, այդ թվում վերջին շրջանում անկողնուն գամված մաեստրո Օհան Դուրյանը: Ի դեպ, տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ առաջին նախագահի ընտանիքի անդամները:
Մինչ Համաժողովրդական շարժման անդամները իրենց առաջնորդի հետ տոնում էին անկախության 17-րդ տարեդարձը, Հյուսիսային պողոտայում քաշքշելով Շարժման որոշ անդամների` կարմիր բերետավորներն ու ոստիկանները նրանց արգելում էին վանկարկել ՚Լեւոն նախագահՙ եւ ՚Ազատ, անկախ Հայաստանՙ: Ի դեպ, սա տեղի էր ունենում ժամը 21.00-ի սահմաններում, մինչդեռ ըստ օրենքի` մինչեւ 22.00-ն որեւէ ոստիկան իրավունք չուներ Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցներին արգելել երգել, պարել կամ վանկարկել` անկախ այն հանգամանքից` դա իշխանություններին դուր է գալիս, թե ոչ
Էջանիշներ