ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
25.08.2008
Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով և պատառոտելով դրանք: Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով և փողոցային հայհոյանքներով:
Գտնվելով ներքին բզկտոցների ու ճգնաժամի մեջ, վարչախումբը սարսափած է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող նստացույցի աճող հեղինակությունից և արդյունավետությունից: Պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների` այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ:
Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամագրումը և Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը: Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ Ազգային Կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիև ստիպված են դիմել ճարահատ բռնությունների և ապօրինությունների:
Օգտնվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա, վարչախումբը փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր տարակուսնքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության առթիվ։
Մենք բոլորին զսպվածության ու համբերության կոչ ենք անում, դա մեր ամենահզոր զենքն է։ Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի և նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը` պայքարը հասցնելու վերջնական հանգրվանին և ազատվելու այս հակաժողովրդական ռեժիմից:
Հաղորդում հանցագործության մասին
Սույն թվականի օգոստոսի 25-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից:
ՀՀ Գլխավոր Դատախազ
Աղվան Հովսեփյանին
Երևան, Հայաստանի Հանրապետություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արմեն Հարությունյանին
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար
Թոմաս Համերբերգին
Սույն թվականի օգոստոսի 25-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից:
Օգոստոսի 25-ին` առավոտյան ժամը 10:30-ից 12:00-ի միջակայքում Երևանի Հյուսիսային պողոտայում խաղաղ նստացույցի հավաքված ցուցարարների վրա հարձակվել են մոտ 100 մարդ, որոնցից մի մասը եղել են քաղաքացիական հանդերձանքով, իսկ մյուս մասը` ոստիկանական համազգեստով: Նրանք պոկել և պատռել են բողոքի ակցիայի մասնակիցներին պատկանող բոլոր ստենդները, պաստառները` փչացրած պաստառների և ստենդների մնացորդները տանելով իրենց հետ:
Հարձակման թիրախ է դարձել նաև բողոքի ակցիայի ստորագրահավաքի սեղանը և այդ պահին ստորագրահավաքի պատասխանատու` տիկին Ռուզան Կարապետյանը: Հարձակում գործող ոստիկանները և նրանց հետ համատեղ գործող քաղաքացիական հագուստով անձինք կոպտել և սպառնացել են տիկին Ռուզաննա Կարապետյանին և, նրա կամքին հակառակ, տարել նաև ստորագրահավաքի նյութերը:
Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող ոստիկանները ոչ խաղաղ ցուցարաների խնդրանքով, ոչ էլ իմ խնդրանքով չեն տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ որևէ իրավական հիմք` որոշում: Խաղաղ նստացույցի մասնակիցները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրենց և իրենց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող վարչական կամ քրեա-դատավարակա գործառույթների իրականացման մասին չեն նախազգուշացվել և չեն իրազեկվել:
Հայաստանի Հանրապետության բազմահազար քաղաքացիներ 2008 թվականի մարտի 1 և 2-ի ողբերգական իրադարձություններից հետո իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը նախաձեռնել են ստորագրահավաք` ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտի նկատմամբ Հաագայի Միջազգային քրեական դատարանում գործընթաց սկսելու վերաբերյալ:
Երևանի Հյուսիսային պողոտայում խաղաղ ցուցարարների ակցիան ամենայն հավանականությամբ մտահոգել և զայրացրել է ՀՀ նախկին Նախագահին` և ապօրինաբար օգտագործելով Հայստանի իրավապահ մարմինների նկատմամբ իր ազդեցությունը այսօր հրահանգ է տվել մաքրել Երևանի Հյուսիսային պողոտան: Չի բացառվում, որ տեղի ունենա դեպքերի կրկնություն ճիշտ այնպես ինչպես 2008 թվականի փետրվարի 29-ից հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահական ընտրություներից հետո` մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի անմարդկային ոճրագործության գնահատականներ տալու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համազգային գործընթացը սկսել և տեղի է ունենում Երևանի Հյուսիսային պողոտայում: Այս ստորագրահավաքը ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտի նկատմամբ Հաագայի Միջազգային քրեական դատարանում գործընթաց սկսելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքը արտահայտելու, տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու համար առկա միակ հնարավորությունն է:
ՀՀ քաղաքացիները քաջ գիտակցելով, որ ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտը կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն` անձամբ հրահանգել է համայն հայության մայրաքաղաքի փողոցներում սպանել անզեն քաղաքացիներին և խաղաղ ցուցարարներին, Երևանի Հյուսիսային պողոտայում են մեկտեղում իրենց հավաքական բողոքի առտահայտությունը` ստորագրությամբ վավերացնելով իրենց կարծիքը:
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է` «քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք», իսկ 27 հոդվածը սահմանում է. «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10 և 11 հոդվածներով պաշտպանվում են յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը:
2008թ. օգոստոսի 25-ի ահազանգերը փաստում են, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող խաղաղ ցույցերին մասնակցելու, տեղեկատվություն ստանալու, տարածելու մարդու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկել մեղավորներին պատժելու համար:
Հարգանոք`
Զարուհի Փոստանջյան
Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավոր
25 օգոստոսի 2008
ԺԽ-0312/08
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
28.08.2008
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: Կոչ ենք անում և պահանջում արդարադատության նախարար Գ. Դանիելյանից խստորեն պահպանել և հետամուտ լինել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանմանը: Ցանկացած սադրանք, որը կկազմակերպվի և կիրականացվի քրեակատարողական հիմնարկներում, տարբեր հանցագործ խամաճիկների ձեռքով, մեր կողմից հետամուտ է լինելու:
Քրեակատարողական հիմնարկներում ՀՀ օրենքների չիրագործման, մարդու իրավունքների ոտնահարման պատասխանատուն նախարար Գ. Դանիելյանն է:
Այս ամենն ապացուցվում է վերջերս հանրության մեջ շրջանառվող տեսաերիզով, որտեղ պարզ երևում է քրեակատարողական հիմնարկներում տիրող մթնոլորտը և բարքերը: Պահանջում ենք նախարար Գ. Դանիելյանից, որպեսզի վերջինս իր իրավասության տակ գտնվող կալանավայրերում շտապ միջոցներ ձեռնարկի՚ կարգուկանոն հաստատելու և ՀՀ օրենքները պատշաճ կիրառելու համար:
ՀՀՇ վարչության նախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Արարատ Զուրաբյան
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ նախկին պատգամավոր, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Գուրգեն Եղիազարյան
ԱԺ նախկին փոխնախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Կարապետ Ռուբինյան
ՀՀՇ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Երջանիկ Աբգարյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
Հանրապետություն կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Խաչիկ Սիմոնյան
Էջանիշներ