«Պիտանի չէ շարային ծառայության»
- Ծանոթ ունեմ, լավ թափ ունի, կդասավորի, այնպիսի զորամաս կընկնեմ, որ ամբողջ ժամանակ տանը նստած կլինեմ:
- ՉԷ, ես երևի փողով կդասավորեմ, կազատվեմ:
- Դե ես էլ ասպիրանտուրա կգնամ, այդպես կազատվեմ ծառայությունից:
Կուրսեցիների այս ջերմ ու անկեղծ խոսակցության ժամանակ շահեկանորեն տարբերվում էր միայն Սահակի տեսակետը:
- Ես կգնամ ծառայելու: Ոչ ծանոթ եմ խառնելու, ոչ գումար, ոչ էլ փորձելու եմ ասպիրանտուրա գնալ:
Սահակը հաճախ էր խոսում հայրենասիրությունից... չնայած իրականում բոլորը չէին, որ դա հասկանում էին, որովհետև Սահակն ի տարբերություն բազմաթիվ «վայ-հայրենասերների» ոչ թե մերկապարանոց հայտարարում էր, թե գիտեք, ես հայրենասեր եմ, այլ մեկ էլ կարող էր գորովանքով խոսել իրենց հող ու ջրի, այս տարվա բերքի մասին, հրճվանքն աչքերում պատմեր Նորավանքի կամ Հաղպատի գեղեցկության մասին, հպարտությունն աչքերում մի քանի տող արտասաներ Չարենցից կամ Նարեկից: Հետաքրքիր էր այդ պահերին նայել Սահակի աչքերին, որոնցից հրճվանք ու բարություն էր հոսում: Բայց քչերն էին այս ամենից հասկանում նրա խոր սերն իր հայրենիքի հանդեպ, նրա իրական, այլ ոչ թե սարքովի հայրենասիրությունը:
Ու տարօրինակ չէ, որ շատերը չհավատային Սահակի պնդմանը, թե ինքը ոչինչ չի անելու բանակից ազատվելու համար, այլ ավելին, ամեն ինչ անելու է, որ գնա ծառայելու: Շատերը չարախնդում էին ու անհամբեր սպասում, թե երբ է ծառայության պահը հասնելու, որ տեսնեն, թե այս հայրենասեր պատանին ինչպես է ծառայությունից խուսափելու, որ երեսով տան:
Անցնում էին օրերը: Ընկերներից ամեն մեկը սկսել էր իր քայլերն անել կամ ծառայությունից խուսափելու, կամ էլ հեշտ ծառայության անցնելը դասավորելու համար: Կարծես թե միայն Սահակն էր, որ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չէր անում: Ընկերներից ոմանք մտածում էին, թե անում է, պարզապես գաղտնի է պահում: Մինչդեռ Սահակը շարունակում էր ապրել իր առօրյա կյանքով՝ սպասելով իրադրության զարգացմանը, իր ծառայությանը:
* * *
Զին. կոմիսարիատում բժշկական հանձնաժողովին ներկայանալիս Սահակը հայտարարեց, որ կատարյալ առողջ է և պատրաստ է ծառայության: Սակայն հանձնաժողովը որոշեց, որ նրան պետք է ուղարկել լրացուցիչ ստուգման, քանի-որ հարթաթություն ունի: Սահակը շփոթվեց: Ի՞նչ հարթաթաթության մասին է խոսքը, եթե իր կյանքում անընդհատ քայլել է, վազել է, ցատկել է, մագլցել է և երբևէ որևէ անհարմարություն չի չգացել: Ի՞նչ է, ծաղրում են:
Հիվանդանոցում լրացուցիչ ստուգման ժամանակ հաստատվեց Սահակի հարթաթաթությունը՝ համապատասխան կարգով: Ինչ-որ մեկը նրա ականջին շշնջաց, որ եթե այսքան գումար տաս, ապա մի թեթև էլ կբարդացվի հարթաթաթությունն ու Սահակը ծառայությունից կազատվի:
Վրդովեց Սահակը. ինչպե՞ս թե: Ինքը պիտի ծառայի: Այս ի՞նչ խաղեր են խաղում: Եվ իր հարթաթաթույունն էլ իրեն չի խանգարում:
Բայց Սահակին պետք է ուղարկեին ո՛չ շարային ծառայության, հարթաթաթության կարգը նրան չէր թույլատրում անցնել շարային ծառայության: Սա էլ էր վրդովեցնում Սահակին: Ումի՞ց է պակաս, որ չի կարող լիարժեք ծառայել հայրենիքին: Այդ ժամանակ ինչ-որ ուրիշ մեկը նրա ականջին շշնջաց, որ եթե այսքան գումար տա, փաստաթղթերում չի գրվի, որ նա պիտանի չէ շարային ծառայության, կներկայանա որպես լիովին առողջ մարդ: Սա էլ բարկացրեց իր վերուստ ազնիվ Սահակին. այս ի՞նչ խաղեր եք խաղում, եթե իրոք կա, ապա պետք է գրվի, իրեն պետք չեն կեղծ տեղեկանքներ:
Ի վերջո Սահակի փաստաթղթերում լրացվեց իր հարթաթաթության կարգը, գրվեց, որ նա պիտանի չէ շարային ծառայության և տրվեց ուղեգիրը. «Այսինչ օրը, այսինչ ժամին ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ զինվորական ծառայության անցնելու համար»: Սահակը վերցրեց իր թուղթն ու սկսեց պատրաստվել նշված օրը բանակ զորակոչվելուն:
* * *
Առաջին իսկ օրվանից Սահակը շահեկանորեն տարբերվում էր մյուս զինվորներից: Նա զորամաս հասավ առույգ, թարմ և ուրախ: Ընկճված չէր, գործում էր վստահ:
Շատ կարճ ժամանակում սպաներն ու զինվորները ի դեմս Սահակի ճանաչեցին պարտաճանաչ զինվորի և հրաշալի մարտական ընկերոջ: Նա անտրտունջ կատարում էր հրամանատարների բոլոր հրամանները, հասցնում էր հասնել ու օգնել իր զինվոր ընկերներին:
Տարօրինակ էր, թեև փաստաթղթերում նշված էր, որ նա պիտանի չէ շարային ծառայության, բայց նրա ծառայությունը շարային էր: Տարօրինակ էր, բայց Սահակը ոչ միայն չէր տրտնջում իր այս ճակատագրից, այլև կարողանում էր ամեն տեղ լինել եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը: Նա անտրտունջ կատարում հաղթահարում էր բոլոր խոչընդոտները, մասնակցում բոլոր միջոցառումներին, անգամ նրանց, որոնց տեսականորեն չի կարող մասնակցել հարթաթաթը, և միշտ դուրս էր գալիս պատվով:
Զորամասն ուսումնական էր և Սահակը իրեն այդ զորամասում դրսևորեց լավագույն կողմերով: Ի վերջո ստացավ զինվորների մեջ ամենաբարձր՝ ավագ կոչումը և որպես դասակի հրամանատար, որպես հրաշալի մասնագետ ուղարկվեց հանրապետության ամենահեռավոր զորամասերից մեկը:
Այստեղ արդեն ամենաթերահավատ ընկերներն անգամ համոզվեցին, որ Սահակը երիցս ազնիվ էր, երբ ասում էր, որ չի փորձելու խուսափել ծառայությունից, առավել ևս, որ գիտեին, թե Սահակի դեպքում այդ խուսափելը որքան հեշտ կլիներ, ինչքան քիչ բան էր պետք գործերը դասավորելու համար:
Մինչդեռ Սահակը իր անկոտրում կամքով հասավ նոր զորամաս, և չնայած տնից ու ընկերներից հեռացել էր այնքան, ինչքան միայն երազում է կարելի պատկերացնել, շարունակեց իր հպարտ ու նվիրված ծառայությունը:
Շատ շուտով նա աչքի ընկավ այս զորամասում ու դարձավ հարգված մի մարդ թե զինվորների, թե սպաների կողմից... դե՛... բացառությունները, որոշակի մարդկային հարաբերությունները, նախանձը, դրանից ծնված ատելությունները չհաշված:
Ժրաջան պատանին իր վրա էր վերցնում ամենադժվար ու ամենապատասխանատու գործերը՝ չթողնելով, որ հանկարծ իր դասակի զինվորների գլխին փորձանք գա, որ տնից ու տեղից հեռու այդ պատանիները, ովքեր իրենից տարիքով փոքր էին ու բոլորին հասցրել էր շատ սիրել, իրենց ծառայության ընթացքում նեղություն կրեն:
Բայց դժվար էր ծառայությունը: Թե գործը, պարտականություններն էին շատ, թե տնից-տեղից հեռու լինելը միշտ կարոտի արցունքներ էին լցնում հայրենասեր պատանու աչքերում: Ու չնայած սրան, իր ծառայողական պարտականությունները շարունակում էր կատարել նույն վճռականությամբ, անթերի:
Ի վերջո, երբ կարոտը շատ խեղդեց, որոշեց մոտենալ վերադասներին ու արձակուրդ խնդրել՝ մի քանի օրով տնեցիներին, ծնողներին այցելելու համար:
- Հիմա չէ, Սահակ: Ես էլ եմ այդ մասին մտածել: Երբ հարմար լինի, ինքս քեզ կասեմ: Դու ավելի քան ուրիշ մեկն արժանի ես արձակուրդ գնալու ու առաջին իսկ հնարավորության դեպքում կգնաս, - պատասխանեց վերադասը:
Սահակը վերադարձավ իր ծառայությանը՝ նայելով, թե ինչպես են ուրիշ զինվորներ արձակուրդ ստանում ու մեկնում տուն: Այստեղ կային մարդիկ, ովքեր իրենից ուշ էին զորակոչվել, դեռ իրենց ժամանակը չէր, բայց արձակուրդ էին գնում: Կային մարդիկ, ովքեր իրենց ծառայությամբ պետք է միայն տույժերի արժանանային, բայց արձակուրդ էին գնում: Լուրեր էին պտտվում, որ այս ամենը կարգավորվում է գումարով:
Ինչ-որ մեկը Սահակի ականջին շշնջաց, որ եթե ինքն էլ գումար տա, ինքն էլ արձակուրդ կգնա: Բայց նման միտքը միայն զայրացրեց Սահակին: Նորից մոտեցավ վերադասին.
- Երբ հնարավոր կլինի իմ արձակուրդը, - հարցրեց:
- Հենց որ լինի, ես քեզ կասեմ, հիմա հնարավոր չէ, - պատասխանեց վերադասը: - Ինքդ էլ գիտես, որ հիմա ոչ մեկին արձակուրդ չեն տալիս:
- Դա սուտ է, - չդիմացավ Սահակը:
- Ինչպե՞ս ես խոսում վերադասիդ հետ, - զայրացավ սա: - Դու տույժ ես ստանում՝ նկատողություն, ինչը ավելի կուշացնի արձակուրդդ:
Սահակը դուռը շրխկացնելով դուրս եկավ սենյակից: Կատաղած էր ու փրփրած: Աչքերի առջևը սևացած էր: Որոշեց աշխատել՝ հանգստանալու համար:
Պետք է մարտկոցների մեջ կիսլատա ներարկեր: Ճիշտ կաներ, որ նուրբ գործը նյարդայնացած ժամանակ չաներ: Բայց այդ պահին դրա մասին չէր մտածում: Բարկությունից էր, թե պատճառն այլ էր, չգիտեմ, բայց երևի ինչ-որ բան այնպես չէր արել, ներարկման ժամանակ ներարկիչի ասեղը դուրս թռավ, վառող հեղուկը շիթով դիպավ մարտկոցի տուփին ու հետ ցայտեց՝ վառելով պատանու աչքերն ու երեսը...
* * *
Սահակը գոռաց: Ցավն անտանելի էր: Գոռոցը լսելով մարդիկ հավաքվեցին: Սահակին տարան բժշկական կետ, որպեսզի առաջին օգնություն ցույց տան: Սահակը ոչինչ չէր տեսնում:
- Կուրանում եմ, ինչ հոսպիտալ տարեք, - պահանջեց Սահակը:
Փոխարենը երեսն ու աչքերը մաքրում էին տեղի բժիշկները:
- Իշտահիդ քացախ, չէ մի չէ, հոսպիտալ, - ասաց վերադաս սպաներից մեկը, ով արդեն այդտեղ էր: - Վերջը քո սիմուլյանտությունն էլ բռնեց: Բան էլ չի եղել, էստեղ կբուժվես:
Իսկ Սահակի տեսողությունը, չնայած բուժիչ բալասաններին, կաթիլներին ու լվացումներին, չէր վերականգնվում:
Սահակը զինվորներից մեկի հետ մի քանի րոպե մենակ մնալով խնդրեց կապվել եղբոր հետ ու տեղեկացնել եղածը: Եղբայրն իմանալով եղածը, շտապ կառավարական պետհամարանիշներով մեքենա գտավ ու շտապեց երկրի ծայրը՝ եղբոր հետևից: Ընթացքում հաջողացրեց կապվել մի շարք պաշտոնյա անձանց հետ (իր նախկին հրամանատարների ու բարեկամների) ու տեղ հասնելով հաջողացրեց եղբորը դուրս հանել զորամասից՝ մի սպայի ուղեկցությամբ հասցնել Երևան, զինվորական հոսպիտալ:
Ակնաբույժի միայն դեմքի արտահայտությունից պարզ էր Սահակի վիճակի լրջությունը: Հետագայում պարզ դարձավ, որ ևս մի փոքր հապաղումը կարող էր ճակատագրական լինել Սահակի տեսողության համար: Իսկ եթե ավելի շուտ տեղ հասնեին, հավանական է, որ ամեն ինչ ավելի լավ ավարտ ունենար:
Էջանիշներ