* * *
Սահակը մոտ մեկ ամիս պառկեց զինվորական հոսպիտալում: Երեսի այրվածքները թույլ էին, արագ անցան: Իսկ աչքերի հետ լուրջ խնդիրներ կային: Երկար տևեց բուժումը: Կուրությունից բարեբախտաբար փրկվեց, բայց տեսողությունը փչացավ:
Ի վերջո կարմիրն աչքերում երիտասարդը վերադարձավ զորամաս: Պարզվեց, որ այստեղ նրա համար ահռելի քանակությամբ գործ է կուտակվել: Իր բացակայության ընթացքում բոլոր պատասխանատու աշխատանքները հետաձգվել էին, թողել էին նրան:
Անգամ այրվածքներն ու իր տեսողության վնասումը չէին փոխել Սահակի բնավորությունը, նա գործին կպավ անտրտունջ, նույն վճռականությամբ: Երբ բոլոր բացթողումները վերջացրեց, գերհոգնած վիճակում էր. մի կողմից հիվանդությունն էր թուլացրել, մյուս կողմից աշխատանքն էր չափազանց շատ ու լարված: Ավարտելով գնաց վերադասի մոտ.
- Գոնե Հիմա արձակուրդ տվեք, - խնդրեց Սահակը, - հոգնած եմ, հանգստանալ է պետք ու նաև տնեցիներին եմ շատ կարոտել:
- Մի ամիս հոսպիտալում հանգստացար, դա հերի՞ք չի, - չուշացավ վերադասի պատասխանը, - արձակուրդ չի լինի:
...
* * *
Պատմելու շատ բաներ կան, բայց չեմ կարող ամեն ինչ պատմել: Սահակի մնացած ծառայությունը, հիմնականում, սովորական բանակային պատմություն է: Պատմությունս կվերջացնեմ Սահակի ծառայության ավարտով:
Ողջ ծառայության ընթացքում անձնվեր զինվորն այդպես էլ գոնե մեկ օր արձակուրդ չունեցավ: Նրա միակ «արձակուրդը», որին արժանացել էր իր նվիրված ծառայության համար, «Հոսպիտալի օրերն» էին:
Սահակը թեև միշտ պարտաճանաչ էր, ամենն անում էր անթերի, նվիրված, քիչ հերոսություններ չի արել ծառայության ընթացքում, բայց նրա համազգեստից այդպես էլ որևէ մեդալ չկախվեց, տուն, ծնողներին շնորհակալական նամակ չուղարկվեց, շնորհակալագիր կամ պատվոգիր չստացավ...
Միակ պարգևը իր շարային ծառայության համար զինվորական գրքույկում գրված տողերն էին. «Պիտանի չէ շարային ծառայության»...
Թեև անցել ենք օրագրային ծառայության, այսինքն յուրաքանչյուր զինվոր պետք է զորացրվի այն օրը, որ օրը զորակոչվել է, Սահակի ծառայությունն ավարտվեց իր զորակոչից երկու տարի և բազմաթիվ օրեր անց միայն:
Սահակը վերադարձավ քաղաքացիական կյանքի: Ինչպես հաճախ շատերի հետ է լինում, Սահակն էլ խուճապային վիճակում էր, վախենում էր, որ աշխատանք չի գտնի, գործազուրկ կմնա:
Այդ ժամանակ էր, որ իմացավ այն մասին, որ ռուսական զորամասերից մեկում աշխատանք կա, քաղաքացիական կապավոր է պետք: Սահակն այդ գործի գիտակն էր, բանակային կյանքին էլ սովոր էր: Որոշեց այստեղ իր բախտը փորձել:
Եկավ զորամաս: Նրան քննեցին, զննեցին: Ամեն ինչ լավ էր: Չբավարարեց միայն մեկ բան:
- Դու, - ասացին, - հրաշալի մասնագետ ես ու երևում է, որ գործիդ գիտակ ես: Սակայն քո զինվորական գրքույկում գրված է, որ պիտանի չես շարային ծառայության: Մենք այդպիսի մարդու չենք կարող աշխատանքի վերցնել:
Հայրենասեր ու ազնիվ պատանին ռուսական զորամասից հեռացավ՝ ինքն իրենից նեղացած:





Մեջբերել
Էջանիշներ